Ալեն Սիմոնյանը Գերմանիայում խոսել է ԼՂ հայ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

  • 29.03.2023
  • 0
  • 59 Views

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:

Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը եւ խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:

«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:

Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:

Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ եւ խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատեւ խաղաղության անհրաժեշտությունը: Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ եւ բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են եւ առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ:

Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին: Դիմելով ներկաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող, հավատում է, որ ազատությունն ու պատասխանատվությունը բաց եւ ժողովրդավարական հասարակության նախադրյալներն են:

«Ժողովրդավարական հասարակության մասնիկն ենք նաեւ մենք՝ խորհրդարանականներս՝ ազատ խոսքը կրողներս: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մեծ է նաեւ նրա դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկիրն աջակցում է հիմնադրամի որդեգրած արժեքներին. անձնական, ընտրության, տնտեսական ազատությանը եւ իրավունքի գերակայությանը:

Խոսելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ստանձնած առաքելությունից՝ ԱԺ նախագահը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլեւս անվտանգ չէ: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդող իրադարձություններին վերաբերող որոշ կարեւոր դրվագներ՝ ընդգծելով Հայաստանի եւ արցախահայության շուրջ կործանարար զարգացումների առկայությունը:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից եւ մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:

«Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի: Նա նշել է, որ Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին եւ արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին եւ աջակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին եւ հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը եւ դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները:

Հանդիպման ավարտին հիմնադրամի ղեկավար կազմը վերահաստատել է իր պատրաստակամությունը երիտասարդ, բայց հաստատուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանին աջակցելու մասին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում