«Ազգ» շաբաթաթերթի միջոցով խորագույն ցավակցությունս եմ հայտնում սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի մահվան տխուր առիթով։ Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, ազգային կրթության գործին։ Ամբողջ կյանքում կուսակցական գործիչ լինելով հանդերձ, նա՝ իր պես լայնախոհ անհատականությունների հանգույն, երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով։
Վերջին անգամ ես պարոն Ազատյանին հանդիպել եմ անցյալ տարվա սեպտեմբերին, իմ այգու փայտաշեն զրուցարանում։ Ավելի քան երեք ժամ տեւած զրույցը վերածվեց հուշերի երեկոյի։ Տեւականորեն գործակցած լինելով սփյուռքահայ մեծագույն անհատականություններ Վահան Թեքեյանի, Գերսամ Ահարոնյանի եւ Ալեք Մանուկյանի հետ, պարոն Ազատյանը բազմաթիվ հուշեր պատմեց նրանց մասին, ինչի համար ես խորապես երախտապարտ եմ նրան։ Ես չեմ անդրադառնում պարոն Ազատյանի բազմակողմանի գործունեության մնացյալ բնագավառներին, որոնք հայտնի են գրագետ հասարակության գրեթե բոլոր շերտերին։
Կրկին խորագույն ցավակցություններս եմ հայտնում Երվանդ Ազատյանի հարազատներին, սաներին, ընկերներին, բարեկամներին եւ, ընդհանրապես, մեր ողջ ժողովրդին։ Ցավում եմ, որ նա մեզնից հեռացավ Արցախին եւ Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում։
Լեւոն Տեր-Պետրոսյան