Լեհաստանում լույս է տեսել հայ-լեհական «Մունետիկ» ամսագրի առաջին համարը

  • 27.03.2023
  • 0
  • 134 Views

2023 թվականի մարտին լեհական Զաբժե քաղաքում լույս է տեսել հայ-լեհական «Մունետիկ» եռամսյա հանդեսի առաջին համարը։ Համալեհական գունավոր էջերով պարբերականը լույս է տեսել Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Հայաստանի պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ։ «Մունետիկ» առաջին համարում լույս են տեսել Լեհաստանի հայ համայնքի եւ Հայ առաքելական եկեղեցու 655 ամյա պատմությանը նվիրված հոդվածներ, անցած ամիսներին անցկացված հայ-լեհական մշակութային ձեռնարկներին նվիրված տեղեկատվություն, ինչպես նաեւ Հայաստան-Լեհաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին եւ միջպետական կապերին նվիրված հրապարակումներ։

Ամսագրին դրամաշնորհային ֆինանսական աջակցություն է ցույց տվել Լեհաստանի ներքին գործերի եւ վարչարարության նախարարությունը։ Ինչպես ՕՐԵՐ-Ի հետ զրույցում նշեց խմբագրական խորհրդի նախագահ Հրաչյա Բոյաջյանը, առայժմ ամսագիրը լույս կտեսնի եռամսյա, իսկ հաջորդ տարվանից հնարավոր է նաեւ երկամսյա պարբերականությամբ։ Խմբագրական կազմում ընդգրկված են լեհ և հայ մտավորականներ, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ամսագրի տպաքանակը 500 է։ Ցանկացողները կարող են դիմել ամսագրի խմբագրություն եւ պատվիրել հետեւյալ հասցեով՝ sekretariat.ormianie@gmail.com ։ Առաքումը կկատարվի խմբագրության հաշվին։

Ինչպես նշեց Հրաչյա Բոյաջյանը, պարբերականը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար, ովքեր հետաքրքրված են ոչ միայն Լեհաստանի հայկական սփյուռքի կյանքով, այլև Լեհաստանում և ամբողջ աշխարհում հայերի մշակութային, հոգևոր ժառանգությամբ ու պատմությամբ:

Մարտի 25-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել «Մունետիկ» լեհ-հայկական հասարակական, հոգևոր, կրթամշակութային, վերլուծական հանդեսի առաջին համարի շնորհանդեսը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը ողջունել է հանդեսի հրատարակումը՝ կարևորելով դրա ոչ միայն տեղեկատվական-լրատվական նշանակությունը, այլև Լեհաստանի հայ համայնքին շաղկապելու և հայապահպանությանը նպաստելու դերակատարությունը։ Իր հերթին Հրաչյա Բոյաջյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին օգնության և «Մունետիկ» ամսագրի շնորհանդեսի կազմակերպման համար։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել պետական ծառայողներին, հոգևորականներին, լրագրողներին, հայկական շրջանակների ղեկավարներին և հայ ժողովրդի բոլոր ընկերներին, ովքեր ներկա էին միջոցառմանը։

Շնորհավորելով «Մունետիկի» մեր գործընկերներին նման գեղեցիկ եւ կարեւոր հրատարակության առիթով, մաղթելով երկար եւ բեղուն ընթացք, նշենք նաեւ, որ նախնական համաձայնությամբ, ամսագիրը կհամագործակցի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հետ, կլինեն համատեղ հրապարակումներ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում