Մայիսին Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների
տարվա կարևորագույն բժշկագիտական միջոցառմանը՝ Մանկական
ուռուցքաբանության միջազգային համաժողովին
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն (SIOP Asia 2023 XV Congress) այս տարի անց է կացվելու Հայաստանում մայիսի 18-21-ն ընկած
ժամանակահատվածում։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն ու կներկայացվեն այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, կլինեն առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ արդի ամենակարևոր ուղղությունների վերաբերյալ։
Ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը հանդիսացող կոնգրեսը տարվա կարևորագույն
բժշկագիտական իրադարձություններից է, որի ընթացքում հարյուրավոր ականավոր բժիշկներ և
գիտնականներ կայցելեն Հայաստան, կծանոթանան Հայաստանի բժշկագիտությանը, գիտական
ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ կձևավորի տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ
կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի
բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների
ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից:
Այս առաքելությանն է նվիրված լինելու նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի
ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ,
կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից,
Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից,
Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից,
Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։
Հիմնական ծրագրի նախնական տարբերակն արդեն իսկ տեղադրված է համաժողովի կայքում, ուր առկա է նաև այլ կարևոր տեղեկատվություն (նախնական) անցկացվելիք լայնամասշտաբ
միջոցառումների վերաբերյալ https://www.siopasia2023.am/ ։
Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական
բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների
կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի
մաս, և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։
Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։
Համաժողովի գլխավոր հովանավորն է Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ)։
Գործընկերներն են՝ Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտը, ՀՀ ԱՆ Վ․ Ա․
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Արյունաբանության և
ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) եւ
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC)։
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին
տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից՝
https://www.facebook.com/cancerarmenia
https://www.facebook.com/hematologycenterarmenia
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին
(SIOP Asia) Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն): SIOP Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման և բուժման բարելավմանը:
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie
Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն է կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։ Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում
ուղզված երեխաների վիճակի բարելավմանը։
SIOP-ի տեսլականն է` «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել
բոլորի մասին»:
SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում,
Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։
https://siop-congress.org/about-siop/