ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
20 մարտի, 2023
Հարգելի ընկերներ, գործընկերներ,
Նշեմ, որ մեր այսօրվա հանդիպումն անցել է վստահության և անկեղծության մթնոլորտում:
Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությանը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր:
Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը: Գոհունակությամբ նշել ենք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը, որի հետագա խորացմանն ուղղված է ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիրը: Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր համագործակցությանն առնչվող հարցերի:
Ընդհանուր առմամբ գոհունակություն ենք հայտնում միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկայի կապակցությանբ մեր միջպետական հարաբերությունների հոբելյանական անցյալ տարում, երբ մենք նշում էինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Մասնավորապես, մի շարք միջոցառումներ են անցկացվել, որոնք կոչված էին նշանավորելու պատմական տարեթվերի կարևորությունը մեր երկրների համար։
Պատրաստ ենք շարունակել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգմացմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Բնականաբար, մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների երեք հայտարարությունների իրականացման ընթացքը, իսկ որոշ կետերի մասով՝ դրանց դրույթների չկատարման փաստը:
Հարգելի գործընկերներ,
Իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում լարված իրավիճակի և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Այդ կապակցությամբ, 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որում հիշատակվում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, կրում է իրավաբանորեն պարտադիր բնույթ։
Մենք ակնկալում ենք ներգրավված բոլոր կողմերի գործուն քայլերը՝ ուղղված իրենց կողմից ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարմանը և Լաչինի միջանցքով տեղաշարժի ռեժիմի վերականգնմանը՝ խստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
Ցավոք, Լաչինի միջանցքի շրջափակումը եռակողմ պայմանավորվածությունների խախտման միակ դեպքը չէ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դրսևորում էր այս տարվա մարտի 5-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության անձնագրային վարչության երեք աշխատակիցների սպանությունը։ Կարևոր է փաստել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 6-ի իր տեղեկագրում հստակ արձանագրել է, որ այդ միջադեպն իրականացվել է Ադրբեջանի կողմից։
ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված է ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովմանը և նորմալ կենսագործունեության վերականգնման համար պայմանների ստեղծմանը: Միաժամանակ, տագնապալի է վերջին երկու տարուց ավել ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի գյուղերի օկուպացիան, մինչ օրս Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ անձանց պատանդառությունը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների և խաղաղ բնակիչների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկմանն ուղղված գործողությունները:
Ընդ որում, դեռ չի իրագործվել միջազգային մեխանիզմը, որը ևս ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մասնավորսպես 7-րդ կետում. այն է՝ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո: Ավելին, Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցման ծրագիր՝ փորձելով տարածաշրջանից ընդհանրապես վերացնել հայկական հետքը:
Մեր գնահատականը մնում է նույնը. Լեռնային Ղարաբաղի հայերի հետ նրանց իրավունքների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցի քննարկման փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտում: Որևէ կերպ չարժեզրկելով ՌԴ մեր գործընկերների դերը 2020թ. լիակատար հրադադարի ռեժիմի հաստատման գործընթացում, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո հումանիտար աղետի կանխման գործում, ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների երաշխիքների մեխանիզմների ապահովման և դրանցում միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: Հրամայական է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը և Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Այս հարցում հուսով ենք համագործակցել ՌԴ հետ:
Հարգելի գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղում գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, որոնք զավթել է 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին և 2022թ. սեպտեմբերին իրականացված ագրեսիաների արդյունքում։ Ավելին, չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին` այդ երկրի ղեկավարությունն այժմ փաստացի հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին՝ այն անվանելով ադրբեջանական հող։
Ադրբեջանի ուղիղ սպառնալիքներն արտացոլվել են այս երկրի նախագահի վերջին հայտարարություններում, ըստ որոնց «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու» և Հայաստանը չի կարող խաղաղ ապրել 29 000 կմ² տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները:
Մենք ելնում ենք նրանից, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկաս: Կրկին վերահաստատում եմ մեր հանձնառությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը։
Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել՝ ավանդաբար ջերմ ընդունելության և անկեղծ շփման համար։
Սերգեյ Վիկտորի, սպասում ենք Ձեզ Երևանում Ձեզ հարմար ժամանակ:
Շնորհակալություն:
***
Հարց (ՏԱՍՍ). Վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տարբեր դրսևորումների աճ է նկատվում: Տպավորություն կա, որ խոսք է գնում նպատակաուղղված արշավի մասին, որում ներգրավված են երկրի պաշտոնյաներ, իշխանամետ լրատվամիջոցներ, ինչպես նաև ազգայնական, այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին անդամակցող միավորումներ: Մասնավորապես, բողոքի ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի դեսպանատան և ռուսական ռազմաբազայի մոտ։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել: Եվ ինչո՞ւ են Հայաստանում նման բաներ թույլ տրվում ամենամերձավոր դաշնակցի նկատմամբ։
Եվ երկրորդ հարցը, եթե թույլ կտաք, ըստ մամուլի հրապարակումների, մարտի 7-ին «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան ինչ-որ «ստոպ ցուցակում» լինելու պատճառով։ Ավելի վաղ նման սահմանափակումների են բախվել նաև Կոնստանտին Զատուլինը, Մարգարիտա Սիմոնյանը և Անդրանիկ Միհրանյանը։ Արդյո՞ք այս որոշումը կապված է Հայաստանի իշխանությունների հասցեին նրանց հնչեցրած քննադատության հետ և արդյո՞ք Երևանն ընդունելի է համարում նման ոչ բարեկամական քայլերը։ Շնորհակալություն։
Արարատ Միրզոյան․ Շատ շնորհակալ եմ Ձեր հարցի և հետաքրքրության համար։ Հայաստանում, ինչպես Դուք ձևակերպեցիք, նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Դրա վկայությունն այն է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ ազատ, խաղաղ, լավ, բավականին հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց գործերը, զբաղվում ձեռներեցությամբ, և այս համատեքստում ոչ մի բողոք չի արձանագրվել։
Ինչ վերաբերում է ցույցերին, ապա ՀՀ սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են հավաքների ազատությունը, և սա արդեն վաղուց նորություն չէ: Ես կարող եմ Ձեզ հետ կիսվել տեղեկատվությամբ, Դուք ինքներդ կարող եք պարզապես որոնել համացանցում։ Հայաստանում, Երևանում, շատ հաճախ ցույցեր են անցկացվում նաև Հայաստանի իշխանությունների դեմ, բազմաթիվ այլ ցույցեր նույնպես տեղի են ունենում։
Ինչ վերաբերում է առանձին անհատներին, ապա ես հիմա ձեռնպահ կմնամ մեր տարածք նրանց մուտք գործելու համաձայնության կամ մերժման մեկնաբանություններից։ Շնորհակալություն։
Հարց (Սպուտնիկ). Վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն ասել է, որ Եվրոպան ցանկանում է քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Այս համատեքստում, ինչպես նաև տարածաշրջանում ներկայիս իրադարձությունների լույսի ներքո, արդյո՞ք Հայաստանը մտավախություններ չունի իր ներքին գործերին Արևմուտքի միջամտության առումով։ Եվ ի շարունակություն, կցանկանայի հարցնել, թե ինչու է Երևանն անտեսել Մոսկվայի մտահոգությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդների աշխատանքի վերաբերյալ։ Ինչպես նաև. ինչով է պայմանավորված այնտեղ ՀԱՊԿ առաքելության տեղակայման մերժումը։
Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն: Նախ, ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են կառուցողական կերպով։ Հայաստանը շահագրգռված է դրանում, այդ թվում նաև՝ օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում առկա դրական դինամիկայի պահպանման համատեքստում։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա առաքելության մանդատը շատ հստակ որոշված է և այդ մասին տեղեկատվությունը հրապարակային է. այն քաղաքացիական դիտորդական առաքելություն է։ Առաքելությունը, կրկնում եմ, կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Ձեր հարցին, ապա, հավանաբար, հարցը կամ հարցի ձևակերպումը, թերևս, ճիշտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել նման առաքելությունից։ Ավելին, նման որոշման նախագիծը սեղանին է և այս նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ այստեղ մեզ համար առանցքայինն այն էր, որ մեր տպավորությամբ ՀԱՊԿ-ն անուղղակիորեն կարծես ինքը չի ճանաչել ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին: Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր։ Բայց կրկնում եմ, որոշման նախագիծը դրված է սեղանին, աշխատանքները շարունակվում են։
orer.eu