«Տարածաշրջանում երաշխավորների և միջնորդների հակամարտություն է ընթանում». Գանտահարյան

  • 19.03.2023
  • 0
  • 357 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– Մարիա Զախարովան հայտարարել է, թե իրենց երկրի բոլոր պարտավորությունները հստակորեն արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիա թույլ չտան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, արդյո՞ք իրոք ՌԴ-ն կատարում է իր պարտականությունները։

– Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի մասին է։ Վերահսկողության և պատասխանատվության առումով հետևյալ հատվածը ճշտում է․ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Այստեղ ասվում է, որ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորք է տեղակայվում, իսկ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը Ադրբեջանի երաշխավորությունն է։ Համատեղ պատասխանատվության խնդիր կա, կարծում եմ։ Ադրբեջանը փակել է միջանցքը։ Մոսկվան տարբեր առիթներով ուզում է ասել, որ աշխատում է բացել միջանցքը և կանխել հետագա էսկալացիան։

– Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումը ի՞նչ նշանակություն ուներ։

– Կարծում եմ՝ այս դեպքում միակ օրակարգը հայ-ադրբեջանական հակամարտությունները չեն։ Պաշտոնական լրահոսը լայնածիր քննարկման թեմաների է անդրադարձել՝ էներգետիկ, պաշտպանական, ռազմական արդյունաբերության, տնտեսական ոլորտները ներառվել են հանդիպման օրակարգում։ Թուրքիայում նախընտրական շրջան է։ Էրդողանի վարկանիշը անորոշ է, հատկապես երկրաշարժից հետո անկանխատեսելի են դարձել ընտրության արդյունքները։ Էրդողանը էներգետիկ տնտեսության կարիք ունի։ ԱՄՆ-ի ճնշումը հզորանում է Թուրքիայի վրա, և չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նոր վայրիվերումներ ապրեն։ Դրա ցուցիչը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ Անկարայի դիրքորոշման մեղմացումն է և բանակցությունների վերսկսման նոր նախադրյալները։

– ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը՝ վերջնականապես լուծելու այս հակամարտությունը և վերադառնալու էական երկխոսության։ Երկխոսության հիմքեր տեսնո՞ւմ եք, և ի՞նչ դերակատարում ունի այս գործընթացում ԵՄ-ն։

– Պարզ է, որ ԵՄ-ն աշխատում է վերագործարկել բրյուսելյան գործընթացը։ Սա հեզասահ չի ընթանում, որովհետև Բաքուն դժգոհ է ԵԽ զեկույցներից և բանաձևերից, մանավանդ՝ հայաստանյան հատվածում ԵՄ իրականացրած առաքելություններից։ Իսկ միջնորդության կարգավիճակի ստանձնումը ենթադրում է հակամարտող կողմերի համաձայնություն։ Փաստորեն, քառակողմը մերժվեց, երբ Բաքուն հայտարարեց որ Փարիզը չի կարող մասնակցել բանակցություններին, որովհետև դիրքորոշվել է հոգուտ հայկական կողմի։ Հիմա եռակողմ ձևաչափի մասին են խոսում, սակայն դեռ պարզ չէ, որ հանդիպումը կկայանա։

– Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանն իր զորքն ամբողջությամբ չի հանել Լեռնային Ղարաբաղից։ Բայց, միևնույն ժամանակ, չի համաձայնում միջազգային փաստահավաք խումբ ուղարկել Ղարաբաղ։ Միջազգային հանրությունը Ալիևի այս գործելաոճին ինչու՞ համարժեք պատասխան չի տալիս։

– Այո, չկա համարժեք պատասխան։ Մանավանդ, որ միջազգային դատարանը վճիռ ունի միջանցքը անմիջականորեն բացել։ Փաստորեն, զուտ միանշանակ իրավականություն չի աշխատում։ Աշխատում է իրավաքաղաքականությունը։ Երբ միջազգային ընտանիքը պահը հարմար նկատի՝ Ադրբեջանի վրա ճնշելու, այդ դեպքում կորդեգրվեն պատժամիջոցները՝ հղում անելով միջազգային դատարանի համապատասխան որոշումներին։

– Ի՞նչ կասեք խաղաղության պայմանագրում երաշխավորի ինստիտուտի ներդրման մասին։ Ո՞ր երկրներն եք դիտարկում, որ կարող են ստանձնել այդ դերակատարումը և կատարել պարտավորությունները։

– Երաշխավորի ինստիտուտի բաղադրության շուրջ համաձայնությունը շատ բարդ խնդիր է։ Տարածաշրջանում ընթանում է երաշխավորների և միջնորդների հակամարտություն։ Թեկնածուները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԵՄ և ԱՄՆ։ Աշխարհաքաղաքական հանգույցի են վերածվել տարածաշրջանում ներկայություն լինելու և ազդեցության գոտի ձևավորելու առաջադրանքները։ Այս գործընթացի վրա կարող են ազդեցություն ունենալ Ուկրաինայի պատերազմի արդյունքները, Ռուսաստան-Մոսկվա հարաբերությունների վայրիվերումները, Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները և, իհարկե, Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Այս բոլորը կարող են նոր կացութաձև ստեղծել տարածաշրջանում։ 

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում