Չեխիայում զբոսաշրջությունից ստացված եկամուտը նախորդ տարի հասել է 118 միլիարդի. ՉեխՏուրիզմի ամփոփումը

  • 17.03.2023
  • 0
  • 389 Views

«Զբոսաշրջությունից ստացված եկամուտը նախորդ տարի հասել է 118 միլիարդի և դեռ շարունակում է աճել՝ այդպիսով առավել նպաստելով Չեխիայի տնտեսությանը»,- ներկայացված է «CzechTourism» կայքէջի 2023 թվականի մարտի 16-ի զեկույցում։

Ըստ հաշվետվության՝ զբոսաշրջությունից ստացված Չեխիայի անցյալ տարվա եկամուտները գրեթե 51,2 միլիարդ չեխական կրոնով գերազանցել են 2021 թվականի եկամուտներին: Ընդհանուր առմամբ, այն կազմել է մոտ 118 մլրդ. CZK չեխական կրոն։

Եկամուտները թեև դեռ չեն հասել մինչև Covid-19 համաճարակն եղած վիճակին, բայցևայնպես արդեն հատել են հարյուր միլիարդի սահմանագիծը։

Տուրիզմի վերջնական բալանսից մնացած տարբերությունը նույնպես գրանցվել է դրական արդյունքով՝ կազմելով 2 մլրդ չեխական կրոնի գումար, ինչը բխում է Չեխիայի զբոսաշրջության ոլորտի վճարային հաշվեկշռից, որը ՉՀ-ի Ազգային բանկի տվյալների հիման վրա կազմել է «CzechTourism»՝ Չեխիայի Զբոսաշրջության ինստիտուտի գլխավոր վարչությունը։

Մինչդեռ 2021 թվականին Չեխիայի զբոսաշրջությունից ստացված եկամուտը եղել է 66,8 միլիարդ չեխական կրոն, դրա նախորդ տարին այն կազմել է 83 միլիարդ չեխական կրոնի հասնող գումար:

Նախակովիդային 2019 թվականի տվյալներով՝ զբոսաշրջության բերած եկամուտները կազմել են 167 միլիարդ գումար։ Անցյալ տարի, համաճարակից ի վեր, առաջին անգամ հատել են հարյուր միլիարդի սահմանագիծը՝ ընդհանուր առմամբ կազմելով 118 միլիարդի հասնող գումար:

Միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը ներառում է օտարերկրյա զբոսաշրջիկների և ճամփորդող այցելուների ճանապարհածախսերը: Ամենամեծ եկամուտ բերողները կացարաններն են, սննդի ծառայությունները և տրանսպորտը։

«Թեև ներքին զբոսաշրջիկները նախորդ տարի զգալիորեն ավելի շատ են ճանապարհորդել Չեխիայում, քան նախկինում, իսկ հարևան երկրներից այցելող հյուրերի քանակը գրեթե մնացել էր նույնը, որքան մինչև Covid-19 համաճարակն էր, մինչ օրս զգալի է եղել, այսպես կոչված, «բարձրաստիճան» զբոսաշրջիկների պակասը հեռավոր երկրներից, մասնավորապես՝ Ասիայից։ Ուղիղ հեռահար թռիչքները կօգնեն շտկել իրավիճակը, որոնց վերականգման կամ նորացման շուրջ քրտնաջան աշխատում ենք Պրահայի օդանավակայանի հետ միասին։ Օրինակ՝ հիանալի նորություն է երեկ (15.3.2023թ.) հայտարարված ուղիղ չվերթների մեկնարկը դեպի Թայվան»,- հայտնել է «CzechTourism»՝ Չեխիայի Զբոսաշրջության ինստիտուտի գլխավոր վարչության տնօրեն Յան Հերգետը՝ միաժամանակ նշելով. «Խոսքն այս տարի հայտարարված ևս մեկ ուղիղ չվերթի մասին է, որի առաջին թռիչքը լինելու է Պրահա-Սեուլ ուղիղ երթուղով, ինչը նախատեսված է սկսել արդեն տասն օրից»։

Անցյալ տարի զբոսաշրջության վրա կատարված ծախսերը կազմել են 116 միլիարդ չեխական կրոն, տարեկան կտրվածքով դա նշանակում է 46 միլիարդ կրոնից ավելի գումար։ 2019 թվականի նախակորոնավիրուսային ժամանակահատվածի համեմատ, իրավիճակը կազմել է 19 միլիարդ չեխական կրոն:

Զբոսաշրջությունից ստացվող ծախսերը ներառում են արտերկրում չեխերի արձակուրդների ծախսերը, ինչը Չեխիայի բնակչության 10%-ն է, Զբոսաշրջության ինստիտուտի տվյալներով, նախատեսել է 2022-23 թթ. ձմռանը։

Զբոսաշրջության ոլորտի վճարային հաշվեկշիռը, եթե համեմատենք 2019, 2020, 2021 և անցյալ տարիների հետ, ամենադրականն է գրանցվել մինչև կորոնավիրուսի համաճարակը՝ հասնելով 32,4 մլրդ գումարի։ Սակայն մեկ տարի անց նվազել է մինչև 5 մլրդ չեխական կրոնի։ 2021 թվականին այն եղել է նույնիսկ բացասական՝ հասնելով մինչև -3,1 մլրդ կրոնի։

«Անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված Չեխիայի ամենաշատ եկամուտը ներդրվել է Ուկրաինայի կողմից՝ կազմելով գրեթե 42 միլիարդ չեխական կրոն։ Այնուհետև հաջորդել են Գերմանիան՝ 17,7 մլրդ չեխական կրոնի, ինչպես նաև Լեհաստանը՝ 12,3 մլրդ չեխական կրոնի եկամուտով։

Սլովակիան իր 12,3 մլրդ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մոտ 3 մլրդ չեխական կրոնի հասնող գումարներով տեղ են գրավել երևակայական «ԹՈՓ-5» ցուցանիշում»,- ընդգծել է «CzechTourism»՝ Չեխիայի Զբոսաշրջության ինստիտուտի գլխավոր վարչության ղեկավար Պետր Յանեչեկը՝ միաժամանակ ավելացնելով. «Մինչդեռ Ուկրաինայի եկամտաբերության արդյունքը ավելի շատ կապված է ներկայիս պատերազմական իրավիճակի հետ, մյուս երկրները վաղուց պատկանում են այն թվին, որոնց զբոսաշրջիկները հաճախ են մեկնում Չեխիա։ Իսկ վաղվա՝ (17.3.2023թ.) «Holiday World a Region World» տոնավաճառից հետո (որտեղ, ի թիվս այլ բաների, կազմակերպում ենք նաև զբոսաշրջության ֆորում), կարող ենք ակնկալել, որ ավելի շատ սլովակներ կգան մեզ մոտ։ Նույն կերպ և չեխերը կարող են սկսել ավելի շատ գնալ Սլովակիա։ Միջոցառումը կնշվի անկախ Չեխիայի և Սլովակիայի ստեղծման 30-ամյակի, ինչպես նաև չեխ-սլովակյան ներկայիս գոհացուցիչ փոխհարաբերություններիառթիվ»:

Անցյալ տարի օտարերկրյա զբոսաշրջիկները Չեխիայում, մեկ անձի համար, օրական ծախսել են միջինը 1,907 չեխական կրոնի գումար՝ այսինքն, 2019 թվականի համեմատ, մեկ անձի համար՝ օրական մոտ 300 կրոնով պակաս։ Ավելի ստույգ՝ 2021 թվականին ծախսել են միջինը 1,559 չեխական կրոն, իսկ 2020 թվականին ընդհանուր հաշվարկով այն կազմել է 1,818 չեխական կրոն:

(Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://tourdata.cz/data/platebnibalance/ կայքում):

Open photo

Օգտվելով առիթից՝ հիշեցնենք, որ Պրահայի օդանավակայանին հաջողվել է Wizz Air մատչելի ավիաընկերության հետ բանակցել Պրահայի և Երևանի միջև նոր օդային կապի բացման շուրջ, որի շնորհիվ Wizz Air-ը 2023 թվականի հունիսի կեսերից, շաբաթական երկու անգամ, ուղիղ չվերթ կսկսի Պրահա-Երևան երթուղով, ինչը կշահագործվի 230 ուղևորների համար նախատեսված ժամանակակից Airbus A321 ինքնաթիռով։

Երթուղին պետք է գործի նաև ձմռանը՝ շաբաթական երկու անգամ։ «Այն կնպաստի Չեխիայի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների բարելավմանն ու զբոսաշրջության ամրապնդմանը՝ Հայաստանը կապելով Եվրոպայի և հատկապես Չեխիայի հետ։ Պրահայի և Երևանի միջև ուղիղ չվերթը դրական ազդեցություն կունենա երկու երկրների միջև առավել հեշտ ու արդյունավետ ճանապարհորդության տարբերակների ապահովման հարցում։ Ուղիղ կապը կհեշտացնի նաև ապրանքների փոխադրումը, ծառայությունների և մարդկանց հոսքը Չեխիայի և Հայաստանի միջև՝ նպաստելով առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ավելացմանը»,- գրում է, Երևանում ՉՀ-ի դեսպանության տնտեսական դիվանագետ՝ Սաբինա Նովակովան «ՉՀ ԱԳՆ-ի Ժամանակակից տնտեսական դիվանագիտություն» կայքէջում տեղադրված «Պրահան ուղիղ օդային կապ կհաստատի Երևանի հետ, ինչը կօգնի տուրիզմին ու բիզնեսին» փետրվարի 7-ի հոդվածում։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում