Պրահայի ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

  • 15.03.2023
  • 0
  • 226 Views

Մարտի 11-ին Պրահայում ցույցի դուրս եկած հսկայական ամբոխը, գրավելով Վացլավյան հրապարակի կեսը, պահանջել է Չեխիայի ներկայիս կառավարության հրաժարականը։ Իրադարձությանն անդրադարձել է այս շաբաթվա չեխական մամուլը, որի էջերից ստորև ներկայացվում է (13.3.2023թ.-ի) ՄՖ ԴՆԵՍ օրաթերթի վերլուծությունը հանրահավաքի մասին։

«Պետր Ֆիալայի կառավարությունից դժգոհ շաբաթօրյա հանրահավաքը Պրահայում հանգեցրել է ոստիկանական բռնի միջամտության՝ բերման ենթարկելով 18 անձանց»,- գրում է ՄՖ ԴՆԵՍ-ը։ Օրաթերթի տեղեկացմամբ «Չեխիայի Հանրապետությունն ընդդեմ աղքատության» բողոքի ցույցին, որը կազմակերպել էր չեխ փաստաբան՝ Յինդրիխ Ռայխլի «PRO/ՕՀՓ» /Օրենք, Հարգանք, Փորձագիտություն/ կուսակցությունը, հոծ բազմության առջև բեմից ելույթ են ունեցել, օրինակ՝ չեխ կինոսցենարիստ, ռեժիսոր և արձակագիր, ժամանակակից չեխական կինոարտադրության ներկայացուցիչ՝ Իգոր Խաունը, Ազգային թատրոնի բալետի նախկին գեղարվեստական ​​ղեկավար՝ Պետր Զուսկան կամ օլիմպիական խաղերի մասնակից՝ Լուկաշ Պոլերտը։ Վերջիններս կառավարությունից պահանջել են ձեռնարկել էներգետիկ ինքնաբավության ապահովմանն ուղղված քայլեր (օրինակ՝ հետ գնելով ČEZ-ի* 100 տոկոս բաժնետոմսերը)։

*(ČEZ a.s. – ՉԷԿ՝ (Չեխիայի էներգետիկ կայաններ) բաժնետիրական ընկերությունը էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն ու մատակարարն է Չեխիայում – խմբ. նշում)։ –

Բացի այդ կոչ են արել, որպեսզի կառավարությունը դադարեցնի խոսքի ազատության ճնշումը և Ուկրաինային զենքի մատակարարումը։

«Ընկերնե՛ր, ես ոչնչություն չեմ։ Մենք ոչնչություն չենք»,- տասնյակ հազարավոր ցուցարարների առջև ամբիոնից բղավել է Իգոր Խաունը՝ փորձելով որոշ քաղաքական գործիչների պիտակավորել որպես «հակաիշխանականներ» կամ «ռուսամետ տրոլներ»։

Ռայխլը հայտարարել է, որ եթե կառավարությունը չընդունի իր կուսակցության պահանջներն ու չհեռանա, հաջորդ բողոքի ցույցը կանցկացվի միևնույն հրապարակում ապրիլի 16-ին՝ ակցիան վերածելով կառավարական շենքերի շրջափակման։

Ցույցից հետո չեխական ոստիկանությունը բերման է ենթարկել 18 անձանց, ովքեր փորձել են մտնել հրապարակի դիմաց գտնվող Ազգային թանգարան՝ շենքի վրայից Ուկրաինայի դրոշը հեռացնելու միտումով, ինչի արդյունքում, նման վարմունքով կասկած են հարուցել սեփական անձերի նկատմամբ։

Այնուհանդերձ, աղքատության դեմ պայքարի ցույցը արժանացել է կառավարության քաղաքական գործիչների դատապարտմանը։

«Ելույթներն ու բարձրացված պահանջներն ինքնին արտահայտում են իրենց նշանակությունը, և դրանք որևէ կերպ մեկնաբանելու կարիք չկա»,- ՄՖ ԴՆԵՍ-ի հետ հարցազրույցում նշել է ՉՀ-ի վարչապետ Պետր Ֆիալան։

«Ուկրաինային օգնություն տրամադրելու դադարեցումը կամ ՉԷԿ-ի պետականաշնորհումը ոչինչ չի լուծի։ Իսկ այն փաստը, որ ցույցի կազմակերպիչները Ռուսաստանի կողմից միացել են Պուտինի հիբրիդային պատերազմին՝ ընդդեմ Չեխիայի, ամբողջովին անըմբռնելի է իմ կողմից»,- օրաթերթին է հայտնել ՉՀ-ի ներքին գործերի նախարար՝ Վիտ Ռակուշանը (STAN կուսակցությունից):

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի (TOP 09 կուսակցությունից) պնդմամբ, թանկացումների պատճառով մարդկանց ծախսերը սահմանափակող ենթադրյալ «մութ սցենարները» չեն իրականացել, և թշվառության ու աղքատության մասին նրանց մտահոգությունը չափից ավել անտեղի է, քան անհրաժեշտ։

«Թեև կազմակերպիչները թաքնվում են կառավարությանը քննադատող խոսքերի հետևում, իրականում, ամենից շատ նրանց չի գոհացնում Չեխիայի ներկայիս ժողովրդավարական կառուցվածքը։ Ուստի միանգամայն լեգիտիմ կլիներ նման բողոքի ակցիաներն անվանել հակաժողովրդավարական»,- ընդգծել է Ադամովան։

«Լիովին հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են ու զայրացած: Այսօր ունենք հեղափոխությունից ի վեր ամենավատ իշխանությունը, որը լուծում չի գտնում ռեկորդային գնաճի դեմ։ Դեռ կրճատում են թոշակառուների փողերը, մտադրված են բարձրացնել հարկերը՝ միաժամանակ ավելացնելով նաև սեփական վճարները»,- իրադարձությանն անտարբեր չմնալով՝ օրաթերթին իր մեկնաբանությունն է հայտնել նաև Անդրեյ Բաբիշը (ANO կուսակցությունից)։

Ըստ ՄՖ ԴՆԵՍ-ի՝ չեխ քաղաքագետները համակարծիք են, որ օգտվելով առիթից «հենց ցուցարարների ջրերում են «ձուկ որսալու» ընդդիմադիր «ANO» և «SPD»* կուսակցությունները»։

(*SPD – Ազատություն և անմիջական ժողովրդավարություն (կրճատ՝ «ԱԱԺ»), չեխական քաղաքական շարժում է, որը հիմնադրվել է 2015 թվականի առաջին կեսին պատգամավորներ՝ Թոմիո Օկամուրայի և Ռադիմ Ֆիալայի կողմից – խմբ. նշ.):

Փաստաբան Ռայխլը հերքել է այն միտքը, որ իր կազմակերպած բողոքի ցույցը երբևէ կարող էր լինել ռուսամետ։ «Մենք ռուսամետ կուսակցություն չենք։ Ամբիոնից նույնպես չի հնչել որևէ խոսք՝ Ռուսաստանի օգտին։ Մենք առաջ ենք քաշում Չեխիայի շահերը։ Եթե ​​Չեխիան զենք մատակարարեր Ռուսաստանին, նույն կերպով բողոքս կբարձրաձայնեի նաև այդ քայլի դեմ։ Չեմ համակերպվում «վագներականների», ինչպես նաև «Ազով» ազգայնական գնդի առաջխաղացումների հետ»,- ներկայացնելով բողոքարկող «PRO» կուսակցության ուղղվածությունը՝ օրաթերթին է հայտնել հիմնադիր Յինդրիխ Ռայխլը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում