Մարտի 10-12-ին կայացավ Ապագա Հայկականի առաջին Համաժողովը. ամփոփում

  • 14.03.2023
  • 0
  • 63 Views

Մարտի 10-12-ին կայացավ Ապագա Հայկականի առաջին Համաժողովը, որը մեկ դահլիճում էր համախմբել աշխարհասփյուռ հայության մանրակերտը: Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառող ընտրված որոշ մասնակիցներ հնարավորություն չունեցան մասնակցելու առկա ձևաչափով: 

Համաժողովին քննարկվեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»: Մասնակիցների քննարկմանը դրված սցենարների և ծրագրերի վրա հինգ ամիս շարունակ աշխատել են հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: 

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մեկնարկը տրվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի և տեսակապի միջոցով միացած Ռուբեն Վարդանյանի ելույթներով: Հաջորդիվ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը

Առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Պատմական պատասխանատվություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը: 

Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: 

Երրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Բնակչության աճ» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: 

Մասնակիցները երկրորդ օրը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին: 

Համաժողովը ավարտվեց փակման պաշտոնական արարողությունով, որին ելույթով հանդես եկան ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան: Ելույթները եզրափակեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում: 

Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր քաղաքականության առաջարկների և նախաձեռնությունների առաջնահերթությունների քվեարկություններով: Դրանք համակարգվում էին մասնակիցների կողմից ինքնաառաջադրման սկզբունքով ընտրված Հաշվիչ/վերահսկիչ հանձնախմբի կողմից: Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` 

Հատկապես ուշագրավ էին Արցախի համահայկական պատասխանատվության (Օր 1), Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգին (Օր 2),  ներգաղթի կազմակերպման քաղաքականությանը (Օր 3), ինչպես նաև նախաձեռնությունների առաջնահերթությունների վերաբերող քվեարկությունների արդյունքները: 

Քննարկումների երեք օրերի ընթացքում Համաժողովի մասնակիցները հանդես են եկել արձանագրված 2 000-ից ավել դիտարկումներով և մտահոգություններով, առաջ քաշեցին տասնյակ հանրային նախաձեռնություններով, որոնք ծրագրային առաջարկի տեսք ունեն և իրենց քվեարկությամբ սահմանեցին դրանց իրականացման առաջնահերթությունները: 

Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: 
 

Տեսանյութերի հղումներ՝  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում