Ստեղծարար Եվրոպա. հայ հեղինակը Եվրոպական միության գրական մրցանակի հավակնորդների թվում է

  • 09.03.2023
  • 0
  • 235 Views

Հայ գրող Լուսինե Խառատյանն իր «Սիրիավեպ» գրքով հայտնվել է Եվրոպական միության գրական մրցանակի 13 հավակնորդների թվում։

2009 թվականից ի վեր Եվրոպական միության գրական մրցանակը շնորհվում է սկսնակ գեղարվեստական գրողներին Եվրոպական միությունից և նրա սահմաններից դուրս: Մրցանակը ճանաչման է արժանացնում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր 41 երկրների գրական տաղանդներին և խթանում գրական ստեղծագործությունների շրջանառությունը Եվրոպայում:

2023 թվականի ԵՄ գրական մրցանակի դափնեկրի և հինգ առանձնահիշատակումների անունները կհայտարարվեն ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի տոնավաճառի շրջանակում նախատեսված հատուկ արարողության ժամանակ:


Բոլոր հավակնորդները կգովազդվեն ամբողջ Եվրոպայում՝ նպատակ ունենալով հասնել ավելի լայն միջազգային ճանաչման՝ հեղինակների ազգային և լեզվական սահմաններից դուրս:

2022 թվականի մրցանակակիրը վրացի գրող Իվա Պեզուաշվիլին էր՝ իր «Աղբատար խողովակ» գրքով։ Ժյուրին առանձնահիտակել էր նաև ուկրաինացի գրող Եվգենիա Կուզնեցովային՝ «Հարցրեք Միյեչկային» գրքի համար։

Մրցանակը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Եվրոպական հրատարակիչների ֆեդերացիայից (FEP) և Գրավաճառների եվրոպական և միջազգային ֆեդերացիայից (EIBF) բաղկացած ասոցիացիաների կոնսորցիումի կողմից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում