Կինն իմ մուսան է.Վլադիմիր Աբրահամյանի ցուցադրության բացումը Երեւանում

  • 07.03.2023
  • 0
  • 398 Views

Մարտի 8-ին, ժամը 16:00 /8.03-20.03/ Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը:  Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում կհավաքվեն Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ:

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:  Կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր:

«Ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․». Վլադիմիր Աբրահամյան

Ցուցասրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող վավերագրական ֆիլմեր, սրահում առաջին անգամ կներկայացվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված բանաստեղծությունները:  Բացմանը կհնչի նաև Վ. Աբրահամյանի խոսքը:

Առնո Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել: «Կինն իմ մուսան է» ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:

Նարա Եփրեմյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում