Չեխիայում լույս է տեսել հայկական սփյուռքին նվիրված անգլերեն ժողովածու

  • 05.03.2023
  • 0
  • 742 Views

Պրահայի Կարլի համալսարանի հովանավորությամբ լույս է տեսել հայկական սփյուռքին նվիրված «Հայկական սփյուռքի զարգացումը» ( Armenian Diaspora in Dinamics ) անգլերեն հոդվածների ժողովածուն։

Գրքի հրատարակիչն է  Ժողովրդավարության եւ մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնը, իսկ գլխավոր խմբագիրներն են Ռուբեն Կարապետյանը, Սոնա Ներսիսյանը եւ Մարտա Մեժլումյանը։

Ժողովածուն նվիրված է հայկական սփյուռքի եւ տարբեր երկրներում ապրող հայերի զարգացման պատմական փորձին, ժամանակակից զարգացման միտումների վերլուծությանը։

Գրքի առաջին բաժնում տպագրված են Ռուբեն Կարապետյանի, Լուսինե Տանաջյանի, Սյուզաննա Բարսեղյանի, Սոնա Ներսիսյանի հոդվածները՝ նվիրված Սփյուռքի ուսումնասիրության մեթոդաբանական խնդիրներին, եւ ներառում է հոդվածներ, որոնցում դիտարկվում են Սփյուռքի ռեսուրսների վերլուծության սկզբունքները, ինչպես նաեւ ինտեգրման, հայրենիքի հետ կապերի ու սոցիալական ներգրավվածության հարցերը։

Երկրորդ բաժնի հոդվածների հեղինակներ Մարտա Մեժլումյանը, Արդա Ջեբեջյանը, Ստեփան Զաքարեւիչը, Ալեքսանդր Բելյավսկին եւ Նելլի Խաչատուրյանն անդրադարձել են Չեխիայի, Քուվեյթի, Բելառուսի եւ Կիպրոսի հայկական համայնքների  խնդիրներին՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները։

Գրքի վերջին՝ երրորդ բաժնում պատմական էքսկուրս է կատարվում դեպի Միջնադարյան Եվրոպայի , 10րդ դարի Կոստանդնուպոլիսի հայկական համայնքներ, ներկայացվում է Լիբանանի հայերի ինքնության, Թուրքիայի եւ Իրանի տարածքում ստեղծված հայկական մշակութային ժառանգության մասին հետազոտական հոդվածներ։ Այդ ուսումնասիրությունների հեղինակներն են Գոհար Ղարագյոզյանը, Սալվինե Մարկոսյանը, Անդրանիկ Դաքեսյանը եւ Արման Անդրիկյանը։

Հետաքրքիր է, որ ժողովածուն առաջին նման հրատարակությունն է, որին իր մասնակցությունն է բերել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը՝ դոկտոր Ռուբեն Կարապետյանի ղեկավարությամբ։ Պրահայում  ժողովածուի խմբագրման եւ հրատարակման աշխատանքները համակարգել  է Պրահայի Կարլի համալսարանի դոկտորանտ Մարտա Մեժլումյանը։

Գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով եւ ցանկացողները կարող են ձեռք բերել հետեւյալ հասցեով.

Armenian Diaspora in Dynamics | Centrum pro studium demokracie a kultury (cdk.cz) կամ Չեխիայի գրախանութներում։

Հարցերի դեպքում դիմել Մարտա Մեժլումյանին՝ marta.mezhlumyan@gmail.com

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում