Հրապարակվեց Ամենյան Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին

  • 05.03.2023
  • 0
  • 291 Views

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի  սրբատառ կոնդակը

     Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը: Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ամենյան Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին:

     «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը խորան բարձրացրեց հայրապետական կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Զարթիք, որդիք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ»(Ժամագիրք),

«Աղաղակելով որպէս դէտ ի բարձր դիտանոցէ

զպատուիրանս Աստուծոյ ի լսելիս ձեր»

(Թուղթ ընդհանրական)։

     Երախտիքի նուիրական զգացումով այս տարի ոգեկոչում ենք Հայոց առաքելապատիւ Հայրապետ Սուրբ Ներսէս Շնորհալու վախճանման 850-ամեակը։

     Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետը հայոց նշանաւոր ու մեծագործ կաթողիկոսներից է, փայլուն աստուածաբան, հզօր քարոզիչ, բանաստեղծ եւ երգահան, պատմիչ ու մանկավարժ: Ներսէս Դ Հայրապետը, որպէս քաջ հովիւ, որ «զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Յովհ. 10.11), եղաւ առաքինազարդ առաջնորդ, լուսապայծառ փարոս մեր ժողովրդի համար եւ Տիրոջ անխոնջ մշակ։ Նա իր բազմաբեղուն առաքելութիւնը ծաւալեց Հռոմկլայում հաստատուած Հայրապետական Աթոռից։ Երանաշնորհ Հովուապետը կաթողիկոսական նստավայրի տարագրութեան պայմաններում, ձգտելով միասնական ու ամբողջ պահել իր ժողովրդի հոգեւոր եւ ազգային կեանքը, հայեացքը միշտ դէպի հայրենիք, օրհնաբանում էր Քրիստոսահիմն հայոց հոգեւոր կենտրոնի՝ Սուրբ Էջմիածնի բացառիկ կարեւորութիւնն ու նշանակութիւնը. «Հայաստանեայցդ Եկեղեցի, յորում կաթեաց շողն երկնային, … լոյսն անստուեր ծաւալեցաւ, եւ ճառագայթն անճառելի»։  

     Սուրբ Ներսէս Շնորհալու ողջ կեանքն ու գործունէութիւնը Աստծոյ փառաբանութիւն էր եւ մարդկանց սրտերը Աստծուն մերձեցնելու տքնաջան առաքելութիւն։ Նա անյոգնաբեկ քարոզչութեամբ Տիրոջ պատուիրաններն էր ուսուցանում հաւատացելոց՝ «զարթիք, որդիք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ», «աղաղակելով որպէս դէտ ի բարձր դիտանոցէ զպատուիրանս Աստուծոյ ի լսելիս ձեր»։ Մեծանուն Հայրապետը հովուեց հայոց հօտը դժուարին ու աղէտալի ժամանակներում՝ մեծ ցաւ ու տրտմութիւն կրելով մեր ժողովրդի տարագրուած ու գաղթական դարձած բազում զաւակների համար։ Նա հայրաբար խրատական իր ազդու խօսքն ուղղում էր բոլորին՝ իշխաններից մինչեւ զինուոր ու շինական, եպիսկոպոսներից մինչեւ քահանայ, սարկաւագ ու դպիր՝ հաւատով զօրացնելով եւ գիտելիքներով սնուցելով ամենքին։ Սուրբ Ներսէս Շնորհալու հոգեթով խօսքը, նշանակալի աշխատութիւնները, տաղերն ու գանձերը՝ իւրայատուկ մտքի խոյանքով ու վայելուչ ոճով, ուղղուած են հայոց ազգային-քրիստոնէական ինքնութեան պահպանմանը, հոգեւոր եւ մշակութային կեանքի բարձրացմանն ու բիւրեղացմանը։ Երանաշնորհ Հայրապետի բեղուն գրչի արգասիքները բարեզարդեցին մեր Եկեղեցու ծիսակարգերը, արթուն պահեցին մեր ժողովրդի քրիստոնէական հոգին ու միտքը եւ լուսաւորեցին նրա քարքարոտ ուղին դէպի հոգեւոր եւ ազգային զարթօնքի նոր հորիզոններ։

     Սուրբ Ներսէս Շնորհալին մեծ համբաւ ու ճանաչում է ունեցել նաեւ միջազգային ու միջեկեղեցական ասպարէզում։ Յունաց, ասորաց, լատինաց քրիստոնեայ աշխարհում հոգեւորականներ եւ հաւատացեալներ տպաւորուել ու ոգեշնչուել են նրա առաքինի վարքից եւ գիտական մեծութիւնից։ Մշտապէս ապաւինելով Աստծոյ ողորմածութեանը՝ նա յուսառատ ջանքեր գործադրեց՝ ի խնդիր Եկեղեցիների սիրով գործակցութեան։ Հայոց երանեալ Հայրապետը քրիստոնէական Եկեղեցիների միջեւ ծառացած դարաւոր բաժանումը ջանաց աւետարանական ոգով փարատել, եղաւ ջատագովը քրիստոնեայ աշխարհի միասնականութեան՝ Հայ Եկեղեցու դիրքորոշումը բնորոշելով «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի» բանաձեւով։

     Սիրելիներ, հայազգի մեծագործ զաւակների կեանքի ու գործոց պայծառ օրինակները լուսաւոր ուղենիշ են սերունդների համար։ Հայոց տաղանդաշատ ու հռչակաւոր անձանց յիշատակի նորոգումով, որպիսին է Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետը, այլեւ նրանց գօտեպնդող յորդորներով, խրատներով ու խրախուսանքով ուժ է առել մեր ժողովուրդը՝ դիմակայելու փորձութիւններին, ապրելու, մաքառելու եւ բարձրացնելու իր կեանքը առաջադիմութեան եւ լուսաւոր գալիքի կերտման ճանապարհին։ Շնորհալի Հայրապետը իր վառ օրինակով այսօր էլ, «աղաղակելով որպէս դէտ ի բարձր դիտանոցէ զպատուիրանս Աստուծոյ», ոգեշնչում է հաւատացելոց՝ ըստ առաքելական պատուէրի. «Ամենեցուն զանձն օրինակ կացուցանել՝ գործոց բարութեան, վարդապետութեամբ զանեղծութիւն ունել, զսրբութիւն, զպարկեշտութիւն, զբանն ողջմտութեան» (Տիտ. 2.7-8):

     Հայրապետական այսու Կոնդակով հրաւէր ենք ուղղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեմական եւ ազգային կառոյցներին, գիտական ու կրթական հաստատութիւններին, բարեսիրական, հայրենակցական կազմակերպութիւններին եւ համայն մեր ժողովրդին՝ գիտաժողովներով, հրատարակութիւններով ու հանդիսութիւններով նշանաւորել Սուրբ Ներսէս Շնորհալու անմար յիշատակը, վերարժեւորել ազգային եւ համաեկեղեցական անդաստանում միշտ արդիական նրա աւանդը, մեծարել քրիստոնէական հաւատքի ականաւոր ուսուցչին եւ ազգային-հոգեւոր մեր կեանքը նորոգողին։ 

     Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղօթում ենք, որ Բարերարն Աստուած, Սուրբ Ներսէս Շնորհալի Հայոց Հայրապետի բարեխօսութեամբ, Իր ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի եւ հաւատով, յոյսով ու սիրով զօրացնի համայն մեր ժողովրդին՝ դիմագրաւելու մեր կեանքը յուզող դժուարութիւնները և իրականացնելու լուսաւոր գալիքի համազգային իղձերը։ Թող Տէրը խաղաղութիւն ու բարօրութիւն պարգեւի մեր հայրենիքին եւ անսասան ու պայծառ պահի Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր եւ միշտ. ամէն։

Օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս յ3-ն մարտի

յամի Տեառն 2023 եւ ի թուին հայոց ՌՆՀԲ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1211

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում