Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ քննարկում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

  • 03.03.2023
  • 0
  • 274 Views

Մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Արմեն Պապիկյանը նշել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։

Դեսպանը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արմեն Պապիկյանը նշել է, որ շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք:

Դեսպան Պապիկյանը հատուկ նշել է, որ ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից։

Բարձր գնահատելով մի շարք կազմակերպությունների և երկրների հստակ հայտարարությունները միջազգային դատարանի որոշման առնչությամբ՝ ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում