Փաշինյան և Շոլց հանդիպում Բեռլինում. հնարավոր է ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ պայմանագրի ստորագրում

  • 02.03.2023
  • 0
  • 235 Views

Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին:

Իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է. «Տիկնայք և պարոնայք, ուրախ եմ, որ այսօր ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բեռլինում: Այսօր մենք մտքերի շատ լավ ինտենսիվ փոխանակություն ունեցանք հարաբերությունների խորացման մասին: Դուք հետևել եք, տեսել, որ վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին մենք ցանկանում ենք շարունակել օգնել Հայաստանին մեր հնարավորությունների սահմաններում: Մի կարևոր քայլ մենք կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում` այստեղ էլ օգնելու բարեփոխումների ճանապարհին:

Մենք նաև խոսեցինք Ռուսաստանի հարձակողական պատերազմի մասին, և Ուկրաինայի, ինչպես նաև  Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նրա զգալի ազդեցության մասին:

Ես գիտակցում եմ, որ նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:

Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:

Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, այդ նույնն արել ենք նաև եվրոպական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում: Ընդ որում, գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը:

Մտքերի փոխանակություն ենք իրականացրել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին, անդրադարձել ենք նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Գերմանիան Եվրամիության մեջ ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այս համատեքստում վարչապետին խնդրել եմ քաջալերել` շարունակելու կոռուպցիայի դեմ պայքարի իր գործը: Այլ հարցերի ևս անդրադարձել ենք, շնորհակալ եմ պարոն վարչապետին այցի համար: Համոզված եմ, որ հետագայում այլ շատ հարցեր կունենանք և հարցեր կքննարկենք»:      

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգարժան պարոն կանցլեր,

Տիկնայք և պարոնայք,

Նախ` ցանկանում եմ իմ գործընկեր Օլաֆ Շոլցին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:

Մեր պատվիրակությունը և ես գոհունակությամբ ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր հարաբերություններն ակտիվո­րեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները:

Քննարկել ենք Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական համագործակ­ցությանն առնչվող հարցեր: Կարևորել ենք երկուստեք շարունակական ջանքերը առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրում­ները խրախուսելու ուղղությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարու­թյան «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը՝ որպես երկկողմ գործընկեր, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությունը։

Անդրադարձել ենք հայ-գերմա­նական ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը, մասնավո­րապես` գերմանական միջազգային համագործակցության գործակալություն­ների` GIZ-ի և KFW-ի գործունեությանը Հայաստանում: Լիահույս ենք, որ մոտ ապագայում KfW և GIZ տեղական գրասենյակների բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զարգացման համագործակցության համար:

Գերմանիան և Հայաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության երկարամյա փորձ ունեն, փոփոխվող կլիմայի պայմաններում, մենք հետաքրքրված ենք զարգացնելու այդ համագործակ­ցությունը ջրային ռեսուրսների կառավարման, անտառվերականգնման և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Մենք հետաքրքրված ենք նաև «կանաչ ջրածնի» զարգացման հարցում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտակրթական ոլորտում: Հայկական և գերմանական ԲՈՒՀ-երի և անհատ գիտնականների միջև կա արդյունավետ համագործակցություն, որը զարգացման մեծ ներուժ ունի։

Չափազանց կարևոր են նաև համատեղ մշակութային միջոցա­ռումները և մարդկանց միջև շփումները։

Մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական համագործակցությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, մասնավորապես, վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդարանականների ակտիվ շփումներն ու այցելությունները։

Երկկողմ հարաբերություններում կարևոր դեր ունի նաև ապակենտրոնացված համագործակ­ցությունը, որի շրջանակներում ունենք արդեն իսկ հաստատված համագործակցության բազմաթիվ օրինակներ:

Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցելու նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու հարցում։

Մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Ընդգծել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը համագործակ­ցության նոր հեռանկարներ է բացում ԵՄ անդամ երկրների հետ մեր երկկողմ ձևաչափում:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ կրկին  մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այդ առաքելությունն էական դերակա­տարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ես նաև անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն եմ հայտնել, որովհետև գիտեմ նաև, որ այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր քննարկումների առանցքային թեմաներից է եղել, ինչպես կանցլերն ասաց, Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում  խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտա­­վորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: Նաև կարևոր է ընդգծել, որ կարծում ենք շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար:

Պիտի ընդգծեմ, որ փետրվարի 22-ին Արդարադա­տության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունք­ների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպան­ման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Հարգելի՛ ներկաներ,

Հարգարժան կանցլեր Շոլց,

Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Պատրաստակամ ենք ջանքեր ներդնել՝ նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը»

Հարց Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – Հարցս ուղղում եմ պարոն կանցլերին: Ադրբեջանն արդեն 81 օր փակ է պահում Լեռնային Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտելով այնտեղ գտնվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու նաև ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Ինչպես նշեց պարոն վարչապետը, փետրվարի 22-ին Հաագայի դատարանը որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել անձանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս որոշումը ենթակա է պարտադիր կատարման միջազգային իրավունքի տեսակետից, բայց Ադրբեջանը մինչ օրս փակ է պահում Լաչինի միջանցքը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի այս որոշման անտեսումը:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց  – Շնորհակալություն Ձեր հարցի համար, մանրամասն ներկայացրեցիք իրավիճակի մտահոգիչ լինելը: Մենք արդեն խոսել ենք մեր քննարկման ժամանակ: Ուզում եմ կրկնել այն, ինչ հստակ ասացի սկզբում. մենք ինքնորոշման իրավունքի կողմնակիցն ենք, նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, և ընդհանուր առմամբ, պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք: Մենք մանրամասն խոսեցինք այդ հարցի մասին: Ուրախ եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մասնակցում է, միջնորդում է: Մենք նույնպես մեր ջանքերը և դերն ունենք: Իսկապես դժվար է առաջնորդությունը, շատ կարևոր է, և իմ գործընկերոջ առաջնորդությունը շատ եմ ողջունում, իսկապես տպավորիչ է այս ծանր իրավիճակում:

Հարց – Պարոն դաշնային կանցլեր, ուզում եմ հարցնել  Ռուսաստանի սանկցիաները շրջանցելու մասին: Առևտուրը նվազել է Եվրամիության հետ, բայց Հայաստանի հետ մեծացել է, և նախորդ ամիս մենք Էկոնոմիկայի նախարարից իմացանք, որ երրորդ երկրների միջոցով են շրջանցում սանկցիաները. կարո՞ղ է Հայաստանը նույնպես այդ երկրների թվում է: Ի՞նչ եք մտածում, պե՞տք է անդրադառնալ դրան:

Պարոն Փաշինյան, ցանկանում եմ նշել, հետազոտություններն ասում են, որ աճել են սանկցիաները շրջանցելու հետ կապված երրորդ երկրների քայլերը: Ի՞նչ եք Դուք ձեռնարկում շրջանցման քայլերը հաղթահարելու համար:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն այս հարցի համար:  Մենք այդ մասին նույնպես խոսել ենք, դա նույնպես մեր հարաբերությունների մաս է: Մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցի համար: Մենք, իհարկե, մեր գործելակերպի համաձայն, որպես ժողովրդավարական երկիր և որպես երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել ենք և ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք և թափանցիկ ենք: Այո, թվերը փոխվում են, ամբողջ աշխարհում են թվերը փոխվում, որովհետև փոխվում են լոգիստիկ շղթաները, փոխվում են հարաբերությունները: Եվ ես ուզում եմ ասել՝ ոչ միայն Եվրամիությունից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի Եվրամիության երկրներ և դա նաև այն պատճառով, որ մենք հետաքրքրված են Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման գործում:

Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է, և ես պիտի Ձեզ բերեմ մի օրինակ, որ անցյալ տարվա գարնանն արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիրաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, որ ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել: Մյուս կողմից, իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետևենք իրադարձություններին, որ նաև մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ:

ՀարցՀայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումից հետո նշվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը կներառի նաև անվտանգային բաղադրիչը, քանի որ այն  այլևս չի համապատասխանում հարաբերությունների այն մակարդակին, որն այսօր ունեն Հայաստանը և Եվրամիությունը: Ուզում եմ իմանալ նախ այս ուղղությամբ օրակարգում կա՞ն այսպիսի հարցեր, թե ոչ, և Եվրամիության դիտորդների  թվաքանակի ավելացում առաջիկայում կարո՞ղ ենք ակնկալել, թե ոչ:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շատ հպարտ եմ ընդհանրապես ամբողջ այս առաքելությամբ, առաջին հերթին, մեծ ներդրում է, կզարգացնենք այս առաքելությունը  և կտեսնենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն ասացի, որ այդ թեման եղել է մեր քննարկման հարցերից մեկը: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ կայացված որոշման համար: Բայց քանի որ Դուք պայմանագրի մասին հիշեցիք, այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինիգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեր երկիրն Ուկրաինայի բանաձևի հարցում անցած շաբաթ ձեռնպահ է քվեարկել: Ինչո՞ւ չեք ցանկանում լիարժեքորեն դատապարտել Ռուսաստանի հարձակողական պատերազմը:

Պարոն կանցլեր, Դուք Միացյալ Նահանգներ եք մեկնում, Դուք կարող եք նաև Բայդենի հետ խոսել, հանդիպել: Պարոն Մերցը Ձեզ մեղադրում է գաղտնի գործունեության մեջ և արդյոք ռազմական արդյունաբերության հարցեր պետք է քննարկեք նաև Միացյալ Նահանգներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հարթակներում դրսևորվի և դրսևորի իրեն միջազգային հանրության պատասխանատու անդամ: Մենք այս ուղղությամբ, կարծում եմ, անում ենք և արել ենք շատ տեսանելի քայլեր և մեր սկզբունքային այս դիրքորոշումը շարունակվելու է պահպանվել:

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլց – Շնորհակալություն հարցի համար: Սա մեր Տրանսատլանտյան համագործակցության որակի արդյունքն է: Ե՛վ Գերմանիայի կանցլերի, և՛ Միացյալ Նահանգների նախագահի հարաբերությունների մասին ենք խոսում: Շատ հաճախ ենք մենք խոսում իրար հետ, մտքերի փոխանակություն, նաև հեռախոսով, տեսակոնֆերանսներով: Մենք նաև ցանկանում ենք, որ ինչպես դա նորմալ է, արդեն միասին խոսել ուղիղ: Եվրոպական երկրների հետ էլ ենք նույնն անում և ուրախ եմ, որ այդ համատեղ պարբերական աշխատանքը համապատասխանում է մեր հարաբերությունների որակին: Շատ բաներ բարդացել են: Ինչպես ԳԴՀ նախագահն ասաց, կարծես իր հունից դուրս է եկել աշխարհը: Շատ կարևոր է, որ սերտ համագործակցող ընկերներ, գործընկերներ իրար հետ խոսեն մշտապես: Առանձնահատուկ ոչ մի բան չկա, բայց պետք է ուղիղ խոսել և ուրախ եմ:  

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում