Նարեկացու հիշատակի օր Վատիկանում

  • 01.03.2023
  • 0
  • 55 Views

Փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոս տաճարում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնին նվիրված արարողություն՝ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների դեպարտամենտի պրեֆեկտ արք․ Կլաուդիո Գուջերոտիի նախագահությամբ։

Արարողությանը, որը կազմակերպել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը, ներկա էին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Տ․ Ռաֆայել Պետրոս Մինասյանը, աշխատանքային այցով Վատիկան ժամանած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրենը, Մխիթարյան միաբանության, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների, տեղի ակադեմիական, լրագրողական ու սփյուռքի ներկայացուցիչներ։

Արքեպիսկոպոս Գուջերոտտին և դեսպան Նազարյանն իրենց խոսքում անդրադարձել են «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ Նարեկացուն անվանել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը) հոգևոր գրական ժառանգությանը։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է, որ հայ մեծ սրբի օրվա ոգեկոչումը Տիեզերական եկեղեցու կողմից առիթ է ազգային ու գլոբալ մակարդակներում վերահաստատելու համերաշխության քաղաքակրթություն կերտելու միջազգային հանրության հանձնառությունը։ Կ․Նազարյանըհավելել է, որ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել հարևանների կողմից պարտադրած պատերազմների, ագրեսիայի, էթնիկ զտման քաղաքականության, ցեղասպանության, ջարդերի և այլ զրկանքների առջև, ու շարունակել է հավատարիմ մնալ խաղաղության ու քրիստոնեական համամարդկային իդեալներին։

Արարողությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, դեսպանը և հայ դիվանագտները ծաղկեպսակ են զետեղել Վատիկանի այգիներում գտնվող Նարեկացու արձանին։

Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են քրիստոնեական արժեքների, պատմամշակութային վաղեմի կապերի վրա։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Սուրբ Աթոռի, և մասնավորապես, Հռոմի քահանայապետի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները։

Ի հետևումն ՀՀ ԱԳ նախարարի անցած հոկտեմբերին Վատիկան կատարած պաշտոնական այցին՝ կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային որոշ հիմնախնդիրների՝ այդ թվում հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի առնչությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի համանման մոտեցումները։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի դիրքորոշումները, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած որոշման և Ադրբեջանի կողմից այն անհապաղ իրականացնելու կարևորությունը։

Այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանին ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոն: Հանդիպմանը քննարկվել են հումանիտար հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները և երկուստեք կարևորվել Մալթայի Ուխտի հումանիտար դիվանագիտության դերն ու նշանակությունը հակամարտությունների հետևանքների մեղմման հարցում։

Հռոմում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում