Երեւանում բացվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

  • 01.03.2023
  • 0
  • 290 Views

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Այն բացվել է Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ  Ալբերտ Վարդանյանն է:

Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ  Տիգրան Ավինյանը,  զոհերի հարազատները:   

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մերծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Մարտի 1-ի զոհերի ընտանիքների հարգարժան անդամներ,

Մենք այսօր ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը և վերհիշում Մարտի 1-ի և նախորդող իրադարձությունները: Ես նախկինում էլ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ն ամենևին էլ սգո օր  չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի և մարտի 1-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է:  Ես  2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ամենատարբեր հարթակներում առիթ ունեցա ասելու, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընտրությունները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ են դառնում, այլ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սա, ըստ էության, նաև իմ անձնական հետևությունն է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից, որովհետև, գիտեք, որ ես անձամբ էլ շատ էականորեն ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին: Եվ հետևությունը նրանում է, որ իրականում 2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին է, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է: Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք: Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու: Եվ ուզում եմ ասել, որ դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն է, ոչ թե որևէ կուսակցություն է, ոչ թե որևէ իշխանություն է, այլ դրա երաշխավորը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ով ի վերջո 30 ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է և ճշգրտում է իր նպատակակետերը: Եվ իր նպատակակետը՝ անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է, ազատ և երջանիկ կյանքով ապրելու տեսլականը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ Մարտի 1-ն այն մասին է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որն ունենք որպես պետություն, որն ունենք որպես անկախ երկիր: Մարտի 1-ին և հետագայում նաև՝ 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար:

 Ես ուզում եմ, որ մենք հենց այս իմաստով դիտարկենք Մարտի 1-ը, որովհետև Մարտի 1-ը ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Մեր բոլոր պրոբլեմները ոչ թե պատճառ են, այլ հետևանք, հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, շատ երևույթների նկատմամբ չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու: Եվ Մարտի 1-ի այս հուշարձանը մեզ համար պետք է տեսանելի վկայություն լինի այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք: Եվ, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր, ամեն օր մեզանից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը:

Մարտի 1-ի զոհերի և,  ընդհանրապես, մեր անկախության և ինքնիշխանության, մեր քաղաքացիական իրավունքների, մեր ժողովրդավարության համար ընկած մեր բոլոր եղբայրների օրինակը մեզ պիտի անընդհատ պարտադրի վերադառնալ այս հարցերին՝ իսկ ի՞նչ ենք մենք անում, իսկ ի՞նչ ենք մենք ճիշտ անում, իսկ ի՞նչ ենք մենք սխալ անում, իսկ որտե՞ղ է, որ մենք համոզված ենք, որ ճշմարիտ ենք ընկալում իրականությունը, իսկ որտեղ ենք մենք համոզված, ինչքանով ենք համոզված, որ լավ ենք ճանաչում այն իրականությունը, այն միջավայրը, այն պայմանները, այն պրոցեսները, որ տեղի են ունենում մեզանում և մեր շուրջ:

Ես ուզում եմ Մարտի 1-ին զոհված մեր եղբայրների հիշատակը ոգեկոչելով՝ հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ որպես հավաքականություն և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Նրանք այսօր Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության և ապագայի երաշխավորն են: Եվ մենք պիտի ամեն ինչ անենք և ամեն ինչ կանենք, որպեսզի արժանի լինենք Մարտի 1-ի մեր զոհերին, 44-օրյա պատերազմի մեր զոհերին, սեպտեմբերյան ագրեսիայի, Արցախի առաջին պատերազմի զոհերին, հայրենիքի համար, ազատության համար, օրինականության համար, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին: Բայց և նաև պիտի հիշենք մեր նպատակը. մեր վերջնական նպատակն այն է, որ մենք ինքնիշխանության համար, անկախության համար, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար՝ ոչ թե անընդհատ զոհվելով, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր հայրենիքը, մեր պետությունը զարգացնելու և շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք, որովհետև բավ են զոհերը, որովհետև մեր նպատակակետն ապրելու ժամանակն է, և այս օրը հենց դա է խորհրդանշում:

Շնորհակալ եմ»:

 Վարչապետը ծաղիկներ է դրել հուշարձանին և  հարգել  2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում