Սլովակիան թողարկել է «Տաթեւի վանք-Հայաստան» փոստային նամականիշ՝ նվիրված հայ-սլովակյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

  • 28.02.2023
  • 0
  • 74 Views

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Սլովակիայի պետական փոստը թողարկել է «Տաթեւի վանք-Հայաստան» փոստային նամականիշը։

Այդ առթիվ Սլովակիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Հանրապետության տրանսպորտի և շինարարության նախարար Անդրեյ Դոլեժալին, Սլովակիայի փոստի գլխավոր տնօրեն պարոն Մարտին Յուպտակին եւ փոստի բոլոր պաշտոնյաներին հյուրընկալության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի հետ փոստային նամականիշի համատեղ թողարկումը՝ նվիրված Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Այն ուժի մեջ է մտել այսօր՝ 2023թ. փետրվարի 28-ին։

Նամականիշի վրա պատկերված է սլովակ նկարիչ Պետր Աուգուստովիչի Տաթեւի վանքային համալիրի գեղանկարը։ Նամականիշի գինը մեկ եվրո է։ Նույն հեղինակի մի այլ գործ՝ Նիտրիանսկա Բլատնիցայում գտնվող 9-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցու պատկերով, որը խորհրդանշում է Սլովակիան, նույնպես թողարկվել է Բրատիսլավայում։

Այս երկու նամականիշների հայերեն տարբերակները թողարկվել են նաեւ Երեւանում։ Այդ մասին հայտնել է նաեւ Հայփոստը, նշելով, որ փետրվարի 28-ին շրջանառության մեջ են դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային:

Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն Հայաստանում ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում