Հայ-իրանական նախարարական հանդիպում Ժնեւում. քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հարցերը

  • 27.02.2023
  • 0
  • 271 Views

Փետրվարի 27-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալության տարածած տեղեկությունը, իր հերթին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ ընդգծել է. Հայաստանի հետ Իրանի  հարաբերությունները պատմական են և համահունչ են ողջ տարածաշրջանի շահերին:  

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի։ Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ լինելն է»,- նշել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման բարձր ներուժ, հատկապես՝ տնտեսական ոլորտում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում