Մենք պետք է կապիտալիզացնենք մեր մշակույթը. Արմեն Ամիրյան

  • 24.02.2023
  • 0
  • 535 Views

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հյուրն է Հայաստանի մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը

-Վերջերս արժանացաք «Թումանյանի հետնորդ» կոչմանը։ Ինչպե՞ս ընդունեցիք նման մրցանակը եւ ի՞նչ տեղ է գրավել ձեր կյանքում Հովհաննես Թումանյանի գրականությունը։

-Գերագնահատված եմ զգում…. Թումանյանի հետնորդ համարվելը չափազանց մեծ պատիվ է։ Շնորհակալություն «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպությանը, մասնավորապես Սերգո Երիցյանին նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ Լավ կլիներ, որ մեր  ապագան կառուցեինք հենց Թումանյանական երևակայական աշխարհում՝ բարի, իմաստուն, խելացի, գրագետ,  մաքուր։ 

-Երկարատեւ լռությունից հետո, հանրությանը ներկայացաք  «Նոյե» եւ «Գեներալի երազը»  գրքերով՝ այս կինոպատումներում շոշափելով երկու տարբեր թեմա։ Ո՞րն էր հիմնական շարժառիթը, որ որոշեցիք նաեւ գրել։ Նախկինում նման փորձ արել էի՞ք։

-«Գեներալի երազը» պիես է, որը բեմադրվում էր Լոս Անջելեսում։ Ցավոք, համավարակը խանգարեց բեմադրության պրեմիերային, հետո կյանքից հեռացավ գլխավոր հերուսուհուն մարմնավորող դերասանուհին, իսկ ավելի ուշ քառասունչորսօրյա պատերազմը փոխեց ամեն բան։ Պատերազմից հետո ես ասում էի, որ մենք սպանեցինք «իմ  գեներալին», քանի որ իմ հերոսի կերպարն այլևս գոյություն չունի։ Ռեժիսոր Վահե Խաչատրյանի բեմադրության որոշ մասը ներկայացման ընթացքում պետք է ցուցադրվեր նախօրոք նկարահանված հատվածներով։ Հրաշալի աշխատանք էր արվել, և որպեսզի չկորչի այդ աշխատանքը, որոշեցի պիեսը հրատարակել և գրքում տեղադրել այդ նկարահանումները։ Պատմությունը բացարձակ հայրենասիրության մասին է, մեր մասին է, մեզանից յուրաքանչյուրի մասին է…

Իսկ «Նոյե»-ն ծնվեց շատ հետաքրքիր պայմաններում։ 2015 թվականին, ապրիլի 24-ից ընդամենը երկու օր առաջ, ինձ հանձնարարվեց վարել ցեղասպանության 100-ամյակի միջոցառումը։ Պարզվեց, որ չկա որևէ տեքստ, չկա սցենար։ Ամեն բան պետք էր պատրաստել ընդամենը երկու օրում՝ 8 ժամանոց հիշատակի եթերի տեքստ պետք է գրեի։ Ռադիոյի իմ գործընկերների օգնությամբ պատրաստեցի ամբողջ տեքստը։ Եթե հիշում եք, եթերն անթերի և շատ բովանդակալից էր։

2022-ի հունվարին պատահաբար այդ օրվա տեսագրությունը դիտեցի, ու մտածեցի, որ այդքան դժվարությամբ հավաքված վավերագրությունը արժանի է հրատարակման։ Սկսեցի մտածել ձևի մասին։ Կամաց- կամաց մտքերս տարան  դեպի հիշողությանս մեջ, դարակում փակված  ընտանիքիս ողբերգական պատմությունը ու խառնեցին ամեն բան։ Հիշում ու վերապրում էի նախնիներիս  տառապանքը։ Կամաց- կամաց վավերագրությունը դարձավ իմ ընտանիքի պատմության ու գեղարվեստական հորինվածքի, իրական դեպքերի ու աշխարհաքաղաքական իրադարձությունների, իրական ու երևակայական հերոսների կյանքի մի պատմություն։

–  «Նոյե» կինոպատմությունը կարեւոր անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային եւ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը։  Ո՞րքանով է իրական այդ պատմության հենքը եւ արդյոք այն նկարահանելու ծրագիր ունե՞ք, քանի որ  եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ ռեժիսոր եք։

-Այո, մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ։ Դրա համար էլ պատմությունը շատ պատկերային է։ Պատմությունն ավելի դիտարժան դարձնելու համար ես միտումնավոր դուրս եմ նետել հուզական նկարագրություններն ու գրել եմ միայն պատկերային տեսարանները։ Շատ կուզեի, որ «Նոյեն» նկարահանվեր։ Ցավոք, այս պահին հնարավոր չէ, քանի որ ֆիլմը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Բայց որևէ պահի, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, կարող է նկարահանվել։

 – «Գեներալի երազը»  տրագիկոմեդիան ընթերցելիս այն ավելի իրական էր թվում, քան բեմադրության փորձերի որոշ հատվածներ դիտելիս։ Իմ կարծիքով արտագաղթի կամ ներգաղթի թեմաները շատ նրբություններ ունեն։ Չե՞ք կարծում, որ երկուսի դեպքում էլ լուրջ դրդապատճառներ են պետք։ Այս հարցում ձեր պատգամը ո՞րն է։

-Նորից գալիս ենք դեպի ցեղասպանություն։ Տևական շարունակվող արտագաղթի հիմքում չդադարող ցեղասպանությունն է և ցեղասպանության դրժումը։ Քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել կատարած հանցագործության համար, մեզանից յուրաքանչյուրի մեջ շարունակելու են ապրել մեր չհուղարկավորված նախնիները, նրանց հոգիներն անդադար արդարություն են պահանջելու։

-2018 թվականից, մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո,  տարվա մի մասը անցկացնում եք ԱՄՆ-ում։ Ինչու՞ մեկնեցիք Միացյալ Նահանգներ՝ Հայաստանի քաղաքական իրավիճակից ելնելով, թե նոր աշխատանքի ակնկալիքով։ Դժվար չէր՞ ակտիվ քաղաքական, հասարակական, մանկավարժական գործունեությունից հետո հանգրվանել ամերիկահայ համայնքում։

-Հրաժարականից հետո ես այլեւս ազատ մարդ էի և ուզում էի անել այն, ինչ մտքովս ու սրտովս անցնում էր։

Ազնվորեն ասեմ, որ ինձ դուր չէր գալիս 2018-ի իրադարձություններից հետո ստեղծված թշնամական մթնոլորտը։ Թեպետ իմ ստեղծած ռադիոընկերության կառավարումն իմ կարիքը շատ ուներ, այնուամենայնիվ, որոշեցի ժամանակավորապես, տարվա մեծ մասը դրսում լինել։ Դե իսկ ռադիոն կարելի էր առցանց ղեկավարել։ Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ գալիս էի Հայաստան , շտկում ռադիոյի գործերս և նորից մեկնում։ Գրում էի «Գեներալի երազը» պիեսը, հետո փորձեր, բեմադրություն, ու սկսվեց չարաբաստիկ համավարակը։ Հնարավոր չէր ճամփորդել։ Լոս Անջելեսում ես նորից բացահայտեցի հրաշալի մարդկանց, ծանոթացա ազնիվ, հայրենասեր, հետաքրքիր գաղափարներով անհատների հետ։ Մինչ այդ կարծում էի, որ ծանոթ եմ Լոս Անջելեսին, ու այնտեղ ապրող մարդկանց, բայց պարզվեց, որ ես նոր աշխարհում եմ հայտնվել, ու այդ աշխարհում ապրող նոր մարդկանց բացահայտեցի։ Համավարակից հետո, հիմնականում Հայաստանում եմ ապրում, զբաղված եմ իմ հիմնադրած ռադիոյի կառավարմամբ, գրում եմ, ստեղծագործում եմ։ Կյանքս ընթանում է, գրեթե նույն ստեղծագործական ռիթմով։

-Ի դեպ, դավաճանության մասին։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հեռացել եք՝ չներելով  դավաճանությունը։ Նույն թեմային եք անդրադառնում նաեւ «Նոյե» վիպակում, թեեւ դրանց բնույթը տարբեր է։ Ինչու՞ է մեր օրերում համատարած բնույթ ստացել դավաճանությունը՝ լինի մտերիմ մարդու, ընկերոջ կամ թե հայրենիքի։

-Չէ, ես չեմ հեռացել, ես դավաճաններին եմ հեռացրել իմ մտքից ու իմ կյանքից։ Նման մարդիկ չարժեն, որ ժամանակ ծախսեմ ու նրանց մասին մտածեմ։

Մենք կարծում ենք, թե մեզ դավաճանում են, բայց պարզվում է, որ այդ մարդիկ միշտ էլ այդպիսին են եղել, պարզապես սեփական շահի համար քծնել ու ոտատակ են ընկել։ 2018-ի իրադարձություններից հետո այնքան լավ մաքրվեց իմ շրջապատը, այնքան շատ մարդիկ դիմակազրկվեցին… Պարզվեց, որ դիմակը նրա համար չէր, որ թաքցնեին իրենց իրական դեմքը, այլ նրա համար էր, որ թաքցնեին մեկ այլ դիմակ։ Աստված իրենց հետ…

-Մշակույթի նախարարի պաշտոնում ձեր երկտարյա  գործունեության ընթացքում, ինչպիսի՞ ծրագրեր կարողացաք կյանքի կոչել։ Եվ ընդհանարապես, որո՞նք եք համարում մեր մշակույթի հիմնական խնդիրները։  

-Շատ ծրագրեր ցավոք անկատար մնացին։ Շատ կարճ ժամանակ էր։ Այնուամենայնիվ  մեծ ձեռքբերում եմ համարում «մշակութային կանգառ» ծրագիրը, որի արդյունքում մշակութային բոլոր միավորները հյուրախաղերով մոտ 500 այցելություն ունեցան հանրապետության տարբեր քաղաքներ ու գյուղեր, որի արդյունքում ստեղծվեց «Արար» ծրագիրը՝ մարզերում, քաղաքներում ու գյուղերում մշակութային միավորների ստեղծումն ու դրանց զարգացումը։ Կարևորում եմ նաև «Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի» ստեղծումը։ Ընդհանուր առումով, որքանով որ հաջողվեց, մշակույթի կապիտալիզացիան եմ կարևորում։ Եթե մենք չգնանք մշակույթի կապիտալիզացիայի ճանապարհով, ապա կկորցնենք նույնիսկ այն, ինչ ունենք։

-Ինչպե՞ս եք վերաբերում մշակույթի նախարարության կրճատմանը եւ այլ նախարարության հետ միավորմանը։ Համամիտ ե՞ք մշակույթի բնագավառում այսօր իրականացվող քաղաքականությանը։ Ո՞ր ուղղությունները պետք է զարգացնի Հայաստանը։

-Չեմ ուզում մանրամասնել այս հարցը, բայց ուզում եմ  ասել, որ  Հայաստանը հանքային ռեսուրսների փոխարեն ունի ավելի ծանրակշիռ կապիտալ՝ մշակույթ և սփյուռք։ Անհրաժեշտ է այս երկու ուղղություններով ավելի լուրջ քայլեր անել։

– Տարիներ առաջ  «Արմենակոբ» մշակութային հեռուստատեսությունն էիք հիմնել, ողջ կյանքում եղել եք մշակույթի գործիչների շրջապատում, վարել եք բազմաթիվ համերգներ ու միջոցառումներ, եղել եք մշակույթի ֆակուլտետի դասախոս եւ շատ լավ պատկերացում ունեք, թե ինչպես է զարգացել կամ միգուցե հետընթաց ապրել  հայաստանյան մշակույթը։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ հայտնվել ենք այս վիճակում։  

-Տարբեր գործոններ կան։ Օրինակ՝ հեռուստատեսությունը։ Հեռուստատեսությունը այո բիզնես է, բայց տնտեսագիտության ոսկե կանոնին չպետք է ենթարկվի՝ պահանջարկին տալ առաջարկ։ Հեռուստատեսությունն իր առաջարկով պետք է ձևավորի պահանջարկ։ Այդպես է երաժշտության մեջ, կինոյում, թատրոնում… Կարծում եմ այս ողբերգության մեջ լրջագույն դերակատարում ունեցավ նաև կրթության ցածր մակարդակը։ Պետականորեն ծրագիր պետք է մշակել և հետևողական լինել այդ ծրագրի իրականացմանը։  

– Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ ձեր կատարած ամենագլխավոր աշխատանքին, երբ մոտ երկու տասնամյակ ղեկավարեցիք Հանրային ռադիոն։ Այն իրապես դարձավ հատկապես Սփյուռքում լսվող ամենաօպերատիվ եւ բազմակարծիք լրատվամիջոցը, որը տարբերվում էր  այն ժամանակվա հայաստանյան պետական լրատվամիջոցներից։ Եվ ի դեպ, մինչ օրս էլ , այն ավանդույթները, որոնք ձեր օրոք են հիմնվել, կարծես թե շարունակվում են։ Ո՞րն էր այդ հաջողության գաղտնիքը։ Ինչպե՞ս վերափոխեցիք ռադիոն։

-Ես ռադիո եկա, երբ արդեն ստեղծել էի իմ մասնավոր ռադիոկայանը՝ Ռադիո Երևան FM 101.9։

Միևնույն ժամանակ,  ես շատ լավ գիտեի ռադիոյի աշխատակիցների բացառիկ գրագիտությունն ու ունակությունները։ Պարզապես պետք էր այդ ադամանդները ճիշտ դասավորել և ճիշտ մատուցել։ Ես ռադիոյին մոտեցա ինչպես անտիկ գանձի, որին պետք էր ընդամենը մաքրել, փայլեցնել  ու մատուցել ճիշտ թավիշի վրա։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ այդ դժվարին տարիներին հավատացին ինձ ու մենք միասին անցանք այդ դժվար ճանապարհը։

Չե՞ք կարոտում լրատվական աշխատանքը։

-Ոչ, քանի որ շարունակում եմ ղեկավարել հանրապետության ամենախոշոր մասնավոր ռադիոկայանը։ Ստեղծագործական բացը լրացնում եմ գրելով։ Հիմա պատրաստ է իմ հերթական գործը։ Այն կոչվում է «Պանգեա կամ թռչող տնակը»։ Ֆանտաստիկ ժանրի գործ է, կինոպատմություն, որը հույս ունեմ մի օր կնկարահանվի։

Ի՞նչ ծրագրեր ունեք ԱՄՆ-ում։

Գործնական առումով հիմա բանակցում եմ ամերիկյան մի  քանի հրատարակչությունների  հետ՝ նոր գիրքս՝ «Պանգեա կամ թռչող տնակը» հրատարակելու համար։ Ուրիշ ոչ մի ծրագիր չունեմ, բացի նրանից, որ տարվա մեջ մի քանի անգամ գնում եմ թոռներիս ու ընկերներիս այցելության։

-Ո՞րն եք համարում հայության համար գլխավոր խնդիրը՝ թե սփյուռքում, թե հայրենիքում։

-Միասնականությունը։ Մեկ ծրագրի, մեկ գաղափարի շուրջ  հայրենիքում և սփյուռքում համայն հայության միավորումը։

Զրույցը վարեց  Հակոբ Ասատրյանը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում