
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում:
Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը:

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:
Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին: