
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
«Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին 70 օրերի ընթացքում 10 անգամ խաթարվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Սա խնդիր է, որը պետք է հասցեագրվի»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ կարգավորումներ են տրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտականությունն է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, բայց հիմա բացարձակապես հակառակ իրավիճակն է։
Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է խիստ ուշադրության կենտրոնում պահի այս իրավիճակը, որովհետև դրա շարունակվելու դեպքում անշրջելի մարդասիրական հետևանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։
Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին
Լեռնային Ղարաբաղ տերմին գոյություն ունի, այն գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, և դրա տակ ստորագրել է նաև Իլհամ Ալիևը։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ տերմինը հնացած է ու չպետք է օգտագործվի։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա Լեռնային Ղարաբաղ տերմինը, և այդ փաստաթղթի տակ ստորագրություններ կան։ Այնտեղ կա նաև Լաչինի միջանցք տերմինը, որը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,– հայտարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ։ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» հայ երեխաներին վախեցրել ավտոբուսում` ՀՀ-ից տուն վերադառնալու ճանապարհին։
Պատասխանելով Ալիևի այն հայտարարությանը, թե հայերը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 67 մզկիթներից 65-ը` Փաշինյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։ Այս պնդումը անհիմն է մի երկրի համար, որտեղ բնակվում են մահմեդականներ և կա գործող մզկիթ»:
orer.eu