Համազգային համահայկական հիմնադրամ

  • 18.02.2023
  • 0
  • 359 Views

Ամեն անգամ, երբ որեւէ դժբախտություն կամ աղետ է հարվածել մեր ժողովրդին ու երկրին, օգնության հասնելու, ցավերն ամոքելու, մարդկային ու նյութական վնասներն ինչ-որ կերպ վերականգնելու բնածին ցանկությունն է մեզ մղել դրամահավաք կազմակերպելու, օգնության միջոցներ հայթայթելու գործին։ Մարդասիրական եւ ազգասիրական այդ ազնիվ պոռթկումները մեծամասամբ եղել են պահի թելադրությամբ, ժամանակավոր, կոնկրետ-նպատակային, ավելի հաճախ՝ խղճի հանգստության համար։ Մնայունը, տեւականը, հեռատեսայինը մեզ հատուկ չի եղել, շատ քիչ բացառություններով։

Թե ո՞րն է կամ որո՞նք են բացասական այդ երեւույթի պատճառները, մասնագիտական լուրջ ուսումնասիրության ենթակա խնդիր է։

Հաջորդ երեւույթը, որն արժանի է հասարակագիտական լուրջ ուսումնասիրության՝ տարատեսակ հիմնադրամների գերազանցապես անհատական բնույթն է՝ որպես նախաձեռնություն եւ կատարում, որպես կտակ ու ժառանգական իրավունք՝ գրեթե միշտ սահմանափակ ժամանակի համար։ Չկա հիմնադիրը՝ ի վերջո չի՛ լինի նաեւ նրա հիմնած ֆոնդը, հիմնադրամը, եւ կամ կլինի այնքան ժամանակ, որքան հետեւողական կլինեն նրա ժառանգորդներն ու կտակակատարները։

Համիդյան ջարդերից, Ադանայի կոտորածներից ու Ցեղասպանությունից առաջ եւ հետո բազմաթիվ հիմնադրամներ ենք ունեցել, որոնք ըստ ժամանակի եւ օրվա պահանջների օգտագործվելուց հետո անհետացել-փոշիացել են, ինչպես Իզմիրլյան, Սանասարյան, Մարկոսյան, Մանթաշյանց եւ այլ ֆոնդերը, որոնք մեծագործություններ են արել մեր ազգի՝ հատկապես մատաղ սերնդի ու երիտասարդների համար։ Կային, հիմա չկան։

Որոշ չափով տարբեր է եղել ճակատագիրը Կարապետ Աղա Մելգոնյանի ֆոնդի, որի ամենասրտառուչ իրագործումը, Երեւանի Ազգային գրադարանից հետո եղել է Կիպրոսի Մելգոնյան կրթ. հաստատությունը, որի հազարավոր շրջանավարտները Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ու Մայր հայրենիքում որակ, գիտելիք ու ոգի են ջամբել իրարահաջորդ սերունդների։ Ավա՜ղ, 14 տարի առաջ, վարժարանի հետ այդ ֆոնդի էլ վերջը տրվեց ՀԲԸՄիության ղեկավարության կողմից, որը կտակակատարն ու մատակարարն էր Մելգոնյան կտակի։ Եվ դա տեղի ունեցավ գրեթե համընդհանուր լռության մեջ, առանց ՀՀ իշխանությունների, զույգ կաթողիկոսների, ազգային այլ հեղինակությունների ու մամուլի քննադատության։ Յուրաքանչյուրն իր հաշիվներն ուներ։ Մատի վրա հաշվող բացառություններից մեկը եղավ մեր թերթը, հակառակ ՀԲԸՄիության հետ ունեցած իր սերտ կապերին։

Դա նշանակում է, որ նույնիսկ մեր ամենամեծ կրթամշակութային ու բարեգործական կազմակերպության՝ 1906 թ.ին Պողոս Նուբարի եւ այլ մեծամեծների Կահիրեում ստեղծած ՀԲԸՄիության պաշտպանությունը չի կարող ապահով երաշխիք դառնալ նպատակային տարբեր ֆոնդերի տեւականության։

Այստեղ չեմ ուզում խոսել հայկական մյուս՝ ամենամեծ կտակի՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի մասին, որը աշխարհաքաղաքական նկատառումներով եւ անձնական այլ պատճառներով 1956 թ.ից ի վեր տնօրինվում է Պորտուգալիայի պետության կողմից։ (Ի դեպ, ՄԱԿ-ի այժմ գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եղել է Գյուլբենկյան հիմնարկության նախագահը)։

Այսուհանդերձ, բարեբախտաբար կան եւ ավել կամ պակաս արդյունավետությամբ գործում են ուրիշ հիմնադրամներ, որոնցից հիշենք «Հովարդ Գարագէօզյան» բժշկական, Հայ օգնության ֆոնդ, (FAR), «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկ, «Յովնանեան ինտերնեշընլ», «Թուֆենկեան», «Փիւնիկ» եւ մի քանի այլ հիմնադրամներ, որոնցից առաջ անպայման պետք է հիշատակել ՀՅԴ-ի Հայ օգնության միության (ՀՕՄ) եւ ՌԱԿ-ի «Թէքէեան» տարբեր հիմնադրամների անունները։

Բայց ահա ավելի ուշ ստեղծված «Լույս» հիմնադրամը, օրինակ, որը աշխարհի 25 համալսարաններում ուսանող մեր երիտասարդների համար կրթաթոշակ էր ապահովում, մարեց-գնաց, երբ հիմնադիրը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին…

Բարեբախտաբար նույնը չեղավ 1992 թ.ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված իսկապես համազգային՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը նրանից հետո էլ շարունակվեց հաջորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նման բան չեղավ նաեւ հաջորդ՝ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության այս տարիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ դավադիր հարված ստացավ նույն Փաշինյանի կնոջից, որն իր սեփական զույգ հիմնադրամները ստեղծեց, ինչը սփյուռքահայ թե տեղական շրջանակներում շփոթ, տարակուսանք ու կասկած առաջացրեց, լրջորեն վնասելով Հիմնադրամի վարկին եւ, բնականաբար, հասույթներին։ Վստահաբար, մի օր, երբ իշխանափոխություն լինի, այդ տիկնոջ հիմնադրամին այլեւս ոչ ոք կոպեկ չի տալու…

Մինչ այդ՝ համազգային պահանջով անհրաժեշտ է թմբիրից վեր հանել «Հայաստան» հիմնադրամը, փոխել, արդիականացնել, ինստիտուցիոնալ տեւական կառույցի վերածել այն ոչ թե քաղաքական, այլ՝ համազգային համահայկական փոխօգնության հաստատության։

Շրջափակված արցախահայության, երկրաշարժից տուժած սիրիահայության այսօրվա կարիքները, Հայաստանի եւ Սփյուռքի վաղվա հնարավոր կարիքները հոգալու համար մեզ պետք է վերստեղծել Համազգային Համահայկական Հիմնադրամը, անձեռնմխելի, հաշվետվողական, թափանցիկ, վստահելի եւ տեւական։

Դա մեզ միշտ պետք է լինելու։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Համազգային համահայկական հիմնադրամ – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում