
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ:
Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Վարչապետի խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարևորագույն դեր ու նշանակություն:
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Տիկին Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապ ապահովելու համար:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:
Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: