Ֆրանսահայ բանաստեղծուհի Աննա Մաճկալյանի «Դեժավյու» գրքի շնորհանդեսը Վալենսիայում

  • 12.02.2023
  • 0
  • 619 Views

Վալենսիայում կայացավ ֆրանսահայ բանաստեղծուհի Աննա Մաճկալյանի «Դեժավյու» գրքի շնորհանդեսն, ինչպես նաեւ՝ նույն հեղինակի վրձինին պատկանող նկարների ցուցահանդեսը։

Միջոցառումը վարում էր «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով կոտրելով այդ տեսակ ձեռնարկներին վերաբերվող ամեն կարգի մնայուն կարծրատիպ՝ շատ անմիջական ու հետաքրքիր հունով տարավ ամբողջ երեկոն, մինդեռ ներկայացնում էր մեր հայրենակիցներին փարիզաբնակ հյուրի կյանքն ու ստեղծագործությունը։

Եվ ծանոթության ձեւն ու ընտրած ոճը այնքան հրաշալի էին այս պարագայում, որ, կարծում եմ, անմոռանալի կմնան բոլոր ներկաների համար։ Համենայն դեպս, հաղորդավարի՝ հումորով, հույզերով եւ վերլուծականով հրամցրած փորձը հաջողությամբ պսակվեց, ստեղծելով այնպիսի մի մթնոլորտ, որ հոգնածության մասին խոսք անգամ լինել չէր կարող՝ ժամանակն, իրոք, աննկատ էր անցնում։

Իսկ շնորհանդեսն իսկապես վերածվել էր հայկական մշակույթին ձոնված գործողության, երբ առիթ հանդիսացավ, որպեսզի մեր համայնքի տաղանդավոր անդամները հանդես գան տարբեր գործերի կատարումներով։

Ձայնային հոյակապ տվյալներ ունեցող օպերային երգիչ Էդգար Աբրահամյանը ունկնդիրներին հրամցեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» եւ «Նոկտյուրնը», արժանանալով հիացական բացականչումների եւ ծափահարությունների։

Տուրք տալով քաղաքային ռոմանսների լավագույն ավանդույթներին, երիտասարդ Հարություն Հովհաննիսյանը բեմ դուրս եկավ կիթառն իր ձեռքում եւ անմոռանալի րոպեներ պարգեւեց մարդկանց, երգելով Ռուբեն Հախվերդյանի «Գայլը», Փոռշի «Դու դեռ չգիտեսը», «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի)։ Հարութից կիթառը ստացած մեր մեկ այլ երիտասարդ՝ հայուհի Վիկտորիա Ղազարյանն էլ իսպաներենով գեղեցկացրեց  օրը, իր հետ բերելով մի երգ, որ մինչ այդ չէինք լսել։

«Տանեմ դեպի իմ մանկություն», «Հայ զինվոր», «Իմ Երեւան», «Հայ կինը», «Այբբենարան», «Եկ խոսենք հայերեն»՝ Ա. Մաճկալյանի այս բանաստեղծությունները հրաշալիորեն արտասանեցին կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանը եւ սաները՝ Անիտա Գեւորգյանը, Քրիստինա Սարգսյանը, Արտակ Մկրտչյանը եւ Ասիա Թորոսյանը։ Այլ էր, սակայն, վիճակը՝ եւ երկար ծափահարությունները, երբ հայկական դպրոցի ուսուցչուհի Տաթեւ Սարգսյանը ասմունքեց բանաստեղծուհու «Օջախից հեռուն»։ Անկարողէր զսպել իր արցունքները։ Եվ չէիք գտնի այդ դահլիճում գեթ մեկի, ում աչքերից գոնե մեկ արցունք չհոսեր։

Միջոցառման գեղարվեստական մասը լրացրել էին նաեւ հայ աշակերտները. երաժշտական տաղանդով աչքի ընկնող Անժելա Գեւորգյանը ջութակի վրա կատարեց Արամ Խաչատրյանի «Օրորը», իր ձեւով մեր էությունն ընկալող Իզաբելլա Մանուկյանը երգեց «Մեր լեզուն», դաշնամուրի վրա իրենց շնորհը ցուցադրեցին Ինեսա Աբովյանն ու Ասիա Թորոսյանը, նվագելով «Անդանտինոն» եւ «Սոնատինան»։

Երեկոյի ավարտին ներկաները օգտվեցին ուտեստեղեններից, որոնք այսօրվա համար մեր հայ կանայք էին պատրաստել։ Այդ առումով տպավորիչ էր հատկապես Մարիաննա Կնյազյանի տորթը, որը պատկերում էր գրքի բաց էջ՝ Աննա Մաճկալյանի գրչին պատկանող բանաստեղծական մի քանի տող՝ նրա վրա անուշ կրեմով գրված։ 

Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ծննդավայր Նավառայից արդեն իր հեղինակած գրքի շնորհանդեսի նպատակով այս օրերին Վալենսիա ժամանած մեր ժողովրդի ջերմեռանդ բարեկամ, գրող Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետան, ով խոստովանել էր, թե չէր կարող հայկական կենտրոն այցելելու նման հնարավորությունը բաց թողնել։

Իսկ մեր հայրենակիցները, որոնք դեռ երկար չէին կարողանում բաժանվել իրարից, նկատում էին, որ այս կարգի ձեռնարկների կարիքը շատ ունենք ու բնավ պարտադիր չէ պատճառը՝ այն կարող ենք հենց մենք ստեղծել։

Արթուր Ղուկասյան 

Վալենսիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում