Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստանում. Կարեւորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը

  • 08.02.2023
  • 0
  • 391 Views

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից:

«Արցախ միջազգային, այդ թվում` հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները եւ կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան` մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ԱԳ նախարարը Միրզոյանը ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել գործընկերոջս՝ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Բավականին հագեցած քննարկումներ ունեցանք ինչպես երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այնպես էլ` տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների շուրջ: 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր միջպետական հարաբերությունների պատմության ընթացքում սա Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը, կարծում եմ, լավ առիթ է անցած ուղին գնահատելու և երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Մենք արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու: 

Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի ու Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, միաժամանակ, պետք է ընդգծել, որ հայ և խորվաթ ժողովուրդների միջև կապերը, բարեկամությունը պատմական ակունքներ ունեն և գնում են դեպի դարերի խորքը: Այս առումով կարող ենք հիշատակել, օրինակ՝ Դուբրովնիկ քաղաքի հովանավոր  հայազգի համաքրիստոնեական Սուրբ Վլասին:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Նշեմ, որ Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը այս բնագավառում: Եվ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ այս ոլորտում մենք ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Հայ-խորվաթական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար որպես հեռանկարային ոլորտներ կցանկանայի նշել, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և մյուս ճյուղերը: 

Այս համատեքստում ցանկանում եմ ողջունել այսօր Երևանում հայ-խորվաթական գործարար համաժողովի անցկացումը: Համոզված եմ, որ համաժողովը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը: 

Հարգելի՛ ներկաներ, 

Այսօր գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ: 

Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը:

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի դրույթները,  արգելափակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից: Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա: 

Այս պարագայում, ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից  հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ:

Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սա է մեր հավատամքը:

Այսքանով եզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ, պարոն նախարար, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն շատ կառուցողական և հանգամանալից երկխոսության համար»: 

***

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Պարոն նախարար, երեկ Բեռլինում հայտարարեցիք, որ Ադրբեջանն արձագանքել է Երևանի առաջարկներին և հայտարարեցիք, որ կողմերն աշխատում են պայմանագրի տեքստի շուրջ: Կմանրամասնեք, ի՞նչ են պատասխանել: Ընդունում է արդյո՞ք Բաքուն իր 5 սկզբունքերն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու, Երևանի առաջարկը: Եվ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել այդ հարցով հետաձգված հանդիպումը Մոսկվայում: Երևանը պատրա՞ստ է գնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցում ընդհանրապես ազդեցություն ունի՞ վայրը Երևանի համար: Եվ կարո՞ղ ենք ասել, որ Երևանի և Մոսկվայի միջև խնդիր կա, ճգնաժամ կա: Շնորհակալություն: 

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես, երեկ Բեռլինում ես այս հարցին հրապարակավ անդրադարձա: Ուզում եմ վերահաստատել մոտավորապես այն, ինչ ասացի: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը շարունակաբար մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով: Ապա, նոր փուլ, նոր առաջարկություններ: Եվ այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի: Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները: 

Իսկապես, մենք հնարավոր չգտանք մասնակցել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն, Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով: Բայց ես նշել եմ արդեն, որ չմասնակցելով, մենք միևնույն է փոխանցել ենք մեր առաջարկները հեռավար կարգով: Եվ ահա, մի քանի օր առաջ՝ 10-15 օր առաջ, ստացել ենք Ադրբեջանի պատասխանը: Փոխանցվել են հերթական մեր առաջարկները, ապա, հերթական ադրբեջանական առաջարկները, և, ըստ էության, քննարկման փուլում ենք: Ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և՛ մեկնաբանությունները, և՛ առաջարկները շարունակվել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա: 

Ինչ վերաբերում է հանդիպումներին, եթե կհիշեք, մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք հանդիպումը: Եվ, ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի նորից կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր: Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել: Կուզեի ասել, որ երևի արդարացի կլինի նկատել, որ քաղաքի, վայրի ընտրությունը, իհարկե կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա մեծ հաշվով գուցե չունի: Եվ այս առումով մենք պատրաստ ենք նորից հերթական հանդիպումը, բնականաբար, հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում: 

Մոսկվայի հետ ճգնաժամ կա՞, թե՝ չկա: Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև. կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում և կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ: Ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, արդեն նշեցի, քննարկում ենք բազմաճյուղ, օրակարգի բոլոր հնարավոր հարցերը՝ բոլոր այն հարցերը, որտեղ համաձայնություն կա, և բոլոր նրանք, որտեղ առայժմ համաձայնություն չկա:

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Ներեցեք, պարոն նախարար չհստակեցրիք Բաքուն ընդունու՞մ է Երևանի առաջարկները:

Արարատ Միրզոյան. Առաջարկների բովանդակությունը ես, երևի, այս պահին նպատակահարմար չեմ համարի ամբողջովին բացել, որովհետև դետալների մասին է խոսքը, բանակցային գործընթացի մասին է խոսքը, և հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում կարծրացածից, որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու: Հետևաբար, երևի, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալ և ասել, որ այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի: Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում, և այդ հարցերը, կարծում եմ, որ նաև հրապարակավ բազմիցս ասել ենք:

Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղում եմ երկու նախարարներին: Վերջին երկու տարում Ադրբեջանը մի քանի ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ու օկուպացրել երկրի որոշ հատվածը: Եվ վերջին երկու ամսում էլ պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Լաչինի միջանցքը, և այդպիսով նաև՝ ամբողջ Արցախը: Այս ֆոնին ԵՄ որոշում կայացրեց երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանում: Ինչ եք կարծում, արդյո՞ք ԵՄ այս առաքելությունը և ԵՄ կարող է որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն: 

Արարատ Միրզոյան. Այո, ես կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը, շատ լուրջ դեր ունի խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ այժմ առկա բլոկադայի վերացման հարցում, և՛ առհասարակ տարածաշրջանում: Կրկնում եմ, ճանապարհը բոլոր հարցերի լուծման մեկն է. խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը և, մասնավորապես նաև, Եվրոպական միությունը դեր ունի խաղալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ և ընդգծել երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն և նշել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Պարոն Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներիմ շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Այս առումով, կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները:

Տարածաշրևջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։

«Համոզված եմ, որ Ձեր այցն ավելի կամրապնդի հայ-խորվաթական բարեկամությունը և կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Նման այցելությունները նպաստավոր են մեր հետագա անելիքները ճշգրտելու, քննարկելու, կողմնորոշվելու և նոր հորիզոններ նախանշելու տեսանկյունից: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը և մաղթում արգասաբեր աշխատանք»,-
 իր խոսքում ասել է նախագահը:

Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ, ինչպես նաև մեր հայ գործընկերների հետ այս երկօրյա այցելության շրջանակում: Կարծում եմ, որ մենք պետք է հաստատենք ավելի սերտ համագործակցություն և ընդլայնենք գործակցության շրջանակը՝ միասին շատ ավելին անելու նպատակով»,- ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում ողջունելի է համարվել Խորվաթիայի նախարարի այցի շրջանակում նախատեսված համատեղ գործարար համաժողովի անցկացումը: Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում