Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Գերմանիայի դիվանագիտական եւ քաղաքական շրջանակների հետ

  • 07.02.2023
  • 0
  • 40 Views

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը: 

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։

Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման  շուրջ վերջին զարգացումները:

Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել դրա հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում