Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում եւ Սիրիայում. զոհերի թվում կան նաեւ հայեր

  • 06.02.2023
  • 0
  • 102 Views

Այսօր առավոտյան ժամը 4-ին 7,9 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Թուրքիայի և Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Կան բազմաթիվ ավերածություններ ու զոհեր։ Նախնական տվյալներով զոհերի թիվն անցնում է 300ը։ Չեխական հեռուստատեսությունն արդեն հաղորդել է, որ Պրահայից փրկարարների խումբ կմեկնի Թուրքիա։

Ներկայացնում ենք նախ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության հաղորդագրությունը.

ԱՀԱՒՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԱՒԵՐ ԳՈՐԾԵՑ

6 Փետրուար 2023, Երկուշաբթի առաւօտ, ժամը 04.00-ի շուրջ Քահրաման Մարաշ կեդրոնով պատահած երկրաշարժը մեծ աւերներ գործեց Թուրքիոյ հարաւ-արեւելեան շրջանի նահանգներէն ներս։ Մանաւանդ պատահած է մարդկային կեանքի կորուստներ կարեւոր թիւով։

Երկրաշարժի պատճառած աւերները բնականաբանր ցաւ յառաջացուցած է Թուրքիոյ տարածքին եւ պետութեան համակարգը անմիջական միջամտութիւններու ձեռնարկած է աւերուած շրջաններէն ներս։

Այս առաւօտ կանուխ ժամերուն Պատրիարքական Աթոռը Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայի եւ Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Աւագ Քահանայի միջոցաւ կապ հաստատած է այն շրջաններուն հետ, ուր կը գտնուին եկեղեցիներ ու համայնք եւ իրենց փոխանցուած է Նորին Ամենապատուութեան օրհնութիւններն ու ցաւակցութիւնները։

Առաջին առթիւ ստացուած տեղեկութիւնները կը տրուին ստորեւ։ Յառաջիկային ստացուած լուրերը պիտի հաղորդուին։

ՄԱԼԱԹԻԱ.- Համայնքի ընտանիքներէն միոյն բնակարանը փլած ըլլալով մահ պատահած է։

ԷԼԱԶԸՂ.- Քաղաքի մէջ աւերուած են շէնքեր։ Համայնքի անդամները թէեւ վրդոված են, սակայն անձի կորուստ չկայ։

ՏԻՅԱՐՊԱՔԸՐ.- Յովհաննէս Կաֆֆուրէ ստացուած տեղեկութեանց համաձայն Եկեղեցին վնաս չէ կրած։ Քաղաքի մէջ աւերուած են շէնքեր։

ԻՍԿԵՆՏԵՐՈՒՆ.- Արժ. Տ. Աւետիս Քահանայէ ստացուած տեղեկութեանց համաձայն քաղաքի կեդրոնը աւերներ յառաջացած են։ Լատին Կաթոլիկ եկեղեցին հիմնայատակ կործանած է։ Սրբոց Քառասուն Մանկունք Եկեղեցին եւս աւեր կրած է։ Անձի կորուստի մասին որեւէ տեղեկութիւն չկայ։

ՎԱՔԸՖԳԻՒՂ .- Մտահոգիչ պարագայ չկայ։

ՍԸՎԱԶ.- Երկրաշարժը թէեւ զգալի դարձած է, սակայն համայնքի անդամները վրդոված են։ Անձի եւ ինչքի կորուստ չկայ։

ԿԵՍԱՐԻԱ.- Երկրաշարժը զգալի ըլլալով հանդերձ, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին որեւէ վնաս չէ կրած։

Հալեպում նույնպես տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքների մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Աբրահամ Գասպարյանը։

«Հալեպում հարազատ, բարեկամ ունեցող մեր հայրենակիցներին.

– ավերիչ երկրաշարժը վնասներ է հասցրել հիմնականում Քալլասե, Հալեպի Բերդ և հյուսիս-արևմտյան շրջանների թաղամասերում,

– զգալի վնասներ են կրել հայաբնակ Ազիզիյե, Սուլեյմանիյե և Նոր Գյուղ թաղամասերը,

այս պահի դրությամբ ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից,

– Հալեպի նահանգում փլուզված շենքերի ավերակներից դուրս է բերվել 237 մարմին, կա ավելի քան 800 վիրավոր: թուրքիայում՝ 234 զոհ, 2340 վիրավոր,

– թուրքիայի Մալաթիայի շրջանում հաղորդվում է 2 հայի մահվան մասին,

– Սիրիայում 650, իսկ թուրքիայում 1800 շենք-շինություն է հավասարվել գետնին:

Սիրիային սահմանակից թուրքական Գազիանթեպում 7.9 մագնիտուդով հուժկու երկրաշարժն ընդհուպ զգացվել է մոտ 500 կմ հեռավորության վրա գտնվող Դամասկոսում, Բեյրութում և Իրաքում: Սա 1999 թ. ի վեր թուրքիայում ամենահուժկու երկրաշարժն է:

Ցավակցում եմ զոհերի հարազատներին:

Պի՛նդ եղեք»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում