Արցախի համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված Հայաստանի և արտերկրի բուհերին

  • 03.02.2023
  • 0
  • 277 Views

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին 

Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ  են:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է  միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:

Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.

  • գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,
  • Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,
  • չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,
  • մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,
  • հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:

 ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

 1.02.2023

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում