Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը եւ ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը վերջերս իրենց ընտանեկան արխիվից ձեռագրեր են նվիրել Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանին։
Դրանցից մեկը պատկանում է Գուրգեն Մահարու գրչին։ 1957 թվականին գրողը նամակ է գրել Արփիկ Թումանյանին։ ՕՐԵՐ-ի հետ զրույցում տիկին Սաֆրազբեկյանը պատմում է որ, Մահարին մտերիմ էր Արփիկ Թումանյանի հետ, վերջինս Մոսկվայի Լենինյան գրադարանում էր աշխատում եւ կարողանում էր արգելված գրականություն տրամադրել հայ գրողներին։ Այդ տարիներին Արփիկի Մոսկվայի տանը շատ հայտնի գործիչներ, գրողներ էին հավաքվում։ Արփիկը օգնում էր թարգմանել ռուսերեն հայ գրողների, հիմնականում Թումանյանի ստեղծագործությունները։
Ի դեպ, աքսորից վերդառնալուց հետո, Գուրգեն Մահարին այցելել է Թումանյանի թանգարան։
Երկու ձեռագիր պատկանում են Ավետիք Իսահակյանին։ Մեծ պոետը բանաստեղծություն է ձոնել Թումանյանի դստերը՝ Սեդային, որը կոչվում է «Վերջին հորձանքն իմ սիրո»։ Մյուսը Իսահակյանի նամակն է, որ 1944 թվականին ուղարկել է Սեդա Թումանյանին, ուր իր հիշողություններն է գրել Դսեղ այցելության մասին, թե ինչպես են զբոսնել, այցելել տեսարժան վայրեր՝ վանքեր, լճեր եւ այլն։
Եվս երկու նամակ պատկանում են Դերենիկ Դեմիրճյանի գրչին, ուղղված Օլգա Թումանյանին։ Ինչպես հիշում է Իրմա Սաֆրազբեկյանը, Դեմիրճյանը շատ մոտ է եղել Թումանյանի ընտանիքին եւ հաճախ էր այցելում։ Թումանյանն է օգնել Դեմիրճյանին՝ եւ՛ արտասահման գնալու, եւ՛ հովանավորներ գտնելու հարցերում։
Մյուս ձեռագրերը պատկանում են Հովհաննես Թումանյանին: Մի բանաստեղծություն նվիրված է դստերը՝ Սեդային: Թումանյանը միշտ իր դստրերին նվիրում էր բանաստեղծություններ և գրառում իրենց նվիրած ալբոմներում: Մյուս նամակը գրված է բացիկի վրա, որի վրա «Լուսաբեր»ի նկարիչ Ախիկյանը պատկերել է փոքրիկ Սեդային:
Եվս երկու բացիկ ուղղված են Սեդային, իսկ մեկ բացիկ էլ ` Պետրոս Ադամյանի պատկերով, Աշխենին։ Բոլոր նամակները վերանորոգվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Orer.eu