ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելույթում նշեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը:
«Ինչպես ի ցույց դրեցին իրավախորհրդատուները, Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար: Ելնելով բանավոր ելույթներից` Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասաց Կիրակոսյանը:
Եզրափակելով՝ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի արդադարտության միջազգային դատարանում ՀՀ ամբողջ պատվիրակությանը ընդունելու համար:
Մինչ այդ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանն այն ականները, որոնց վերաբերյալ բողոքում է, հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են 2021-2022 թվականներին: Ուստի, Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից: Կիրակոսյանն ընդգծեց՝ Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդությունից ընդամենը 6 օր անց, չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ են:
Հունվարի 30-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կայացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումները:
orer.eu