
Վերջապես վրա հասավ չեխերի կողմից երկար սպասված նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլը, որն ավարտվեց թեկնածու Պետր Պավելի հաղթանակով։ Վերջինս, ձեռք բերեց 3 358 926 ձայն – 58,32%՝ ի տարբերություն իր մրցակցի՝ Անդրեյ Բաբիշի, որը ձեռք բերեց 2 400 271 ձայն – 41,67%.
Մասնակցությունը՝ 70,25 տոկոս։
Ընտրված նախագահին անձամբ նախընտրական շտաբ ժամանելով շնորհավորեցին Սլովակիայի նախագահ Չապուտովան եւ Չեխիայի վարչապետ Ֆիալան։ Իրենց ընտրողներին շնորհակալություն հայտնեցին եւ լրագրողների հարցերին պատասխանեցին ե՛ւ Պետր Պավելը, եւ՛ Անդրեյ Բաբիշը։

Այսպիսով Պետր Պավելը պաշտոնապես հռչակվեց Չեխիայի Հանրապետության չորրորդ նախագահ։
Այնուամենայնիվ ստորև ամփոփենք անցյալ օրերի իրադարձությունները՝ կապված ընտրությունների երկու թեկնածուների հետ։
Եթե հիշում եք, հունվարի 14-ին ՉՀ-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների բացարձակ մեծամասնության արդյունքները հետևյալն էին՝ • Պետր Պավել /35.40% – 1 975 056 ձայն/, • Անդրեյ Բաբիշ /34,99 % – 1 952 213 ձայն/։ —- Համընդհանուր քվեարկության արդյունքներ՝ 68,24% մասնակցություն։
Քվեների արդյունքները հաշվելուց անմիջապես հետո, «ANO» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը, հետընտրական մամուլի ասուլիսում երախտագիտության խոսքն ուղղելով իր օգտին քվեարկողներին, նշեց հետևյալը. «Այսօր մենք 500 հազարից ավելի ձայն ենք հավաքել, քան «ANO» շարժումը՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում»։ Այնուհետև, գրոհիչ ելույթով կտրուկ հարձակում գործեց իր մրցակցի՝ Չեխիայի բանակի և ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ Պետր Պավելի վրա՝ կենտրոնանալով նախկինում Կոմունիստական կուսակցությանը վերջինիս անդամակցության փաստին*։
(* Պետր Պավելը, մինչև 1989 թ.-ին Չեխոսլովակիայում կոմունիզմի ավարտը ազդարարող թավշյա հեղափոխությունը, սովորել է Չեխոսլովակիայի ռազմական դպրոցում՝ մասնակցություն ունենալով ռազմական հետախուզության դասընթացների։ Անդրեյ Բաբիշի պես, նա նույնպես եղել է կոմունիստական կուսակցության անդամ։ Ըստ չեխական մամուլի՝ «Պավելը բազմիցս ներողություն է խնդրել իր անցյալի համար» – խմբ. նշում):

Վերոհիշյալ ասուլիսի ժամանակ, Պավելին նկարագրելով որպես «կառավարության կողմից առաջադրված թեկնածու» և կոմունիստական հետախուզության նախկին աշխատակից, Բաբիշը լրագրողների ներկայությամբ իր մրցակցին համեմատեց Պուտինի հետ՝ նշելով. «Եվրոպայում միակ ղեկավարը, ով եղել է «կոմունիստական հետախույզ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ 1980-ականներին, Բեռլինում, Պուտինը հեռացվեց իր զբաղեցրած դիրքից և նշանակվեց որպես ԿԿԲ-ի գործակալ։ Ահա թե ինչի են նախապատրաստել նաև պարոն Պավելին, որպեսզի ներդնեն թշնամու թիկունքում՝ համագործակցության համար այնտեղ մարդկանց հավաքագրելու նպատակով։ Մարդ, ով 1968 թվականին ողջունել է Վարշավյան դաշինքի զորքերի ներխուժումը դեպի մեր երկրի տարածք, այսօր հասել է մինչև ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտե»։
(* Հիշեցնենք, որ 1968 թվականին, դեպի Չեխոսլովակիա Խորհրդային և սոցիալիստական ճամբարի ուժերի ներխուժման ժամանակ, Պավելն իրականում եղել է ընդամենը 7 տարեկան – խմբ. նշում)։

• Ինչո՞վ են տարբերվում երկու թեկնածուները։ • Ինչպիսի՞ն են նրանց քաղաքական հայացքները։ • Ի՞նչ բարեփոխումներ են առաջարկում՝ ՉՀ-ի նախագահ դառնալու դեպքում։ —–

Վերջին երկու շաբաթներում ՉՀ-ի նախագահական ընտրություններին բավականին ակտիվորեն անդրադարձող՝ ՊՐԱՎՈ, ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ և ՄՖ ԴՆԵՍ օրաթերթերի, լրատվական-վերլուծական կայքէջերի, ինչպես նաև երկու թեկնածուների միջև հեռուստատեսային «թեժ դուելներ»-ի շնորհիվ, հստակ պատկերացում ունեցանք նախագահի պաշտոնում նրանց դիրքորոշումների վերաբերյալ, որոնց կարող ենք ծանոթանալ՝ հետևելով, օրինակ, ԼՆ օրաթերթի (26.01.2023թ.) «Անդրեյ Բաբիշն ընդդեմ Պետր Պավելի» հարցադրումների տեսքով մենամարտին.
• Համագործակիցներ – Անդրեյ Բաբիշի մոտ նախագահական գրասենյակի տնօրենի դերում կաշխատի մենեջեր Տյունդե Բարտան, որը նախկինում երեքուկես տարի ղեկավարել է Չեխիայի կառավարության գրասենյակը։
Պետր Պավելի մոտ նախագահական գրասենյակի տնօրենը կլինի Յանա Վոհրալիկովան՝ ՉՀ-ի Սենատի գրասենյակի ներկայիս ղեկավարը։
• Ընտրություններից հետո կառավարության ձևավորումն ու նշանակումները – Ըստ Անդրեյ Բաբիշի՝ կառավարության ձևավորումը խոհեմ կլիներ վստահել նախագահական ընտրությունների հաղթողին, որն այդպիսով կփորձեր մեղմել ողջ իրավիճակը։ Կառավարության առաջադրված նախարարներին կնշանակեր առանց վերապահումների, քանի որ, իր խոսքերով. «նախարարների խորհրդի կազմը վարչապետի այցեքարտն է»։
Ըստ Պետր Պավելի՝ այդ գործին ճիշտ կլիներ նշանակել ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության նախագահին։ Սակայն, եթե տվյալ անձը չստանար պատգամավորների կեսից ավելիի աջակցությունն իր կաբինետի համար, կփնտրեր այլ տարբերակներ՝ ընդունելով առանց հապաղելու։
• Միլոշ Զեմանի կողմից ՉՀ Սահմանադրական դատարանի նախագահի վաղաժամ նշանակման վերաբերյալ դիրքորոշում – Ա. Բաբիշը համոզված է, որ նման իրավիճակի չի հասնի և Զեմանը, մինչ հեռանալը, այդ քայլին չի գնա։ Իսկ եթե դրա անհրաժեշտությունը լինի, կխորհրդակցի փորձագետների հետ՝ ինչպես կարգավորել իրավիճակը։ Վերջինիս խոսքով՝ անգամ Չեխիայի Սահմանադրական դատարանի պլենումից ոչ ոք շահագրգռված չի լինի ընդունել այդ պաշտոնը, եթե նման քայլը լինի հակասահմանադրական։
Պ. Պավելի կարծիքով՝ տվյալ դեպքում իրավիճակը կընկալվի որպես պաշտոնից հեռացող նախագահի կողմից նոր նախագահին լիազորություններից զրկում։ Նման քայլը կհանդիսանա որպես Սահմանադրական դատարան կամ Գերագույն վարչական դատարան դիմելու շարժառիթ՝ քանզի գործն անմիջականորեն կապված կլինի ՉՀ-ի ՍԴ-ի հետ։
• Աջակցություն Ուկրաինային – Ա. Բաբիշը կողմ է Ուկրաինային շարունակական աջակցություն ցուցաբերելուն, սակայն դա պետք է համակարգվի ԵՄ-ի միջոցով, այլ ոչ թե առանձին պետությունների։ Վերջինիս կարծիքով՝ զենքի մատակարարումները նույնպես պետք է նվազագույնի հասցվեն։ Նման օգնությունը նա կոչում է «հրդեհը բենզինով մարել»։ ՊՐԱՎՈ (23.01.2023թ.) օրաթերթին տված հարցազրույցում նաև հավելել է. «Ուկրաինային պետք է օգնել, բայց դրոշը չէի կախի Պրահայի ամրոցում»։

Ի տարբերություն Բաբիշի՝ Պ. Պավելը դրոշի հարցում առանձնապես չի ընդդիմացել՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող ներկայիս ռազմական ագրեսիան։ «Չեխիայի պես պետք է շարունակ աջակցել նաև Ուկրաինային՝ պաշտպանելու իր անկախությունը»,-նշել է Պավելը, որի համոզմամբ սպառազինության մատակարարումների ընդհատումը կնշանակի ուկրաինական բանակին ավելի մեծ կորուստների մատնում։
• Ուկրաինայի մուտքը ԵՄ և ՆԱՏՕ – Բաբիշի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է միայն բոլոր պայմանները բավարարելուց հետո։ Թեկնածուն դեմ է մի երկրի կողմից անդամակցության հերթը շրջանցելուն, երբ դեռ առջևում սպասում են այլ երկրներ։ Ըստ նրա՝ ՆԱՏՈ-ին անդամակցելը օրակարգով չէ։ Ենթադրում է, որ կանոնների փոփոխություն պետք է տեղի ունենա, քանի որ ՆԱՏՕ-ն չի կարող ընդունել տարածքային վեճերով ծանրաբեռնված անդամ երկրների։
Պ.Պավելը նույնպես պնդում է, որ Ուկրաինան նախ պետք է կատարի բոլոր պայմանները՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ Օրինակ՝ պետք է առաջընթաց գրանցի կոռուպցիայի դեմ պայքարում։ Այնուհանդերձ կողմնակից է, որպեսզի հարձակման ենթարկված երկիրն ունենա նույն հնարավորությունը, ինչ տրվել է Չեխիային անցյալում։ «Երբ ավարտվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմը, այդ ժամանակ կսկսվեն բանակցություններ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ընդգծել է նա։
• Անցումը եվրոյի – Ա. Բաբիշը դեմ է եվրոյի ներդրմանը. «Մեզ անհրաժեշտ է ունենալ անկախ Չեխիայի ազգային բանկ և մեր սեփական արժույթը, այսինքն՝ չեխական կրոնը»։ Նրա պնդումով, անցնելով եվրոյի, չեխերը կկորցնեն այդ անկախությունը։ Բացի այդ չի ցանկանում, որ ՉՀ-ն երաշխավորի եվրոգոտու այլ երկրների գերպարտքերի դիմաց։ —- Պ. Պավելը կողմ է եվրոյի ներդրմանը, սակայն ոչ անմիջապես, այլ երկարաժամկետ հեռանկարում, երբ դա ձեռնտու կլինի Չեխիայի համար. «Այս պահին Չեխիան նույնիսկ չի համապատասխանում եվրոպական միասնական արժույթին անցնելու չափանիշներին»,-հավելել է նա՝ գիտակցելով շտապելու դեպքում այդ քայլի հավանական բացասական կողմերը։
• Գնաճի նվազեցման բաղադրատոմս – Բաբիշը կողմնակից է ներկա տոկոսադրույքների նվազեցմանը, որոնք, ըստ նրա, չափազանց բարձր են։ (ČNB)՝ Չեխիայի ազգային բանկի հետ համամիտ է թերևս այն առումով, որ այն չի բարձրացնում տոկոսադրույքները: Ինչ վերաբերվում է այս հարցի նկատմամբ կառավարության դիրքորոշմանը, գնաճը կսանձեր գնային շեմի սահմանումով կամ (ԱԱՀ)-ի նվազեցմամբ։ Չի ընդունում այն պատճառաբանությունը, թե իբր Covid-ի ժամանակ մարդկանց դրամական նպաստներ բաժանելն է հանգեցրել արժեզրկման։ Պետական բյուջեի կառուցվածքային դեֆիցիտը, նախևառաջ, կլուծեր եկամտային մասով, օրինակ՝ ԵՄ-ի հիմնադրամներից ստացված միջոցներից։
Պ. Պավելը, նախևառաջ, կհամակարգեր կառավարության և Չեխիայի ազգային բանկի քաղաքականությունը։ Նույնպես հակված է լրջորեն զբաղվելու պետական բյուջեի կառուցվածքային դեֆիցիտով։ Կհամագործակցեր այն ծրագրի մշակմանը, ինչը կկասեցներ ՀՆԱ-ի՝ (Համախառն ներքին արդյունքի) նկատմամբ պետական պարտքի աճը։ Ֆինանսապես ամենաթույլերին օգնելու հարցում չէր փնտրի նպաստների և վճարումների այլ ձևեր։ Կբավարարվեր երկու գործող միջոցներով՝ բնակարանային և երեխաների նպաստներով։

• Նախագահի լիազորությունների ամրապնդում – Ա. Բաբիշի համոզմամբ, Չեխիայի Սահմանադրությունը ճիշտ է հիմնված։ Ուստի նախագահի լիազորությունները ոչ սահմանափակելու, ոչ էլ ընդլայնելու կողմնակից է։
Ըստ Պ. Պավելի, եթե փորձագետների և ողջ հասարակության քննարկումը գար այն եզրահանգման, որ անհրաժեշտություն կա որոշ ոլորտներում հստակեցնելու նախագահի լիազորությունները, որպեսզի դրանք չչարաշահվեն, անշուշտ կողմնակից կլիներ դրանց ամրապնդմանը։
• Սեփական անցյալի հետ հաշտեցում՝ (մինչև 1989 թվականի նոյեմբերը) – 2019 թվականի նոյեմբերի 17-ի իր ելույթում, Բաբիշը ներողություն է խնդրել Կոմունիստական կուսակցության անդամ լինելու համար։ Սակայն հերքում է Սլովակիայի Ազգային անվտանգության հետ երբևէ համագործակցելու փաստը, ինչի մասին են վկայում Սլովակիայի դատարանի երեք արդարացման դատավճիռները։
Պ.Պավելը խոստովանել է, որ հետախուզության դասընթաց է անցել Գլխավոր շտաբի հետախուզական վարչության ներքո՝ գործակալության վերապատրաստումը ներառյալ, որը, ըստ գեներալի, ոմանք չափազանց էվֆեմիստականորեն անվանում են «հետախուզության վերապատրաստում»։
• Վերաբերմունքը կառավարության նկատմամբ – խստորեն քննադատում է ներկայիս կառավարությանը՝ համարելով այն վատագույնը Չեխիայի պատմության մեջ և արտահայտվելով նրա հասցեին այնպիսի մականուններով, ինչպիսիք են. «ոչ սոցիալական» կամ «ապաշնորհ»։ Վատթարագույնը համարում է՝ քաղաքացիների նկատմամբ բավարար օգնության բացակայությունը, էներգետիկ ճգնաժամին դանդաղ արձագանքելը և բարձր գնաճը չհաղթահարելը։
Պետր Պավելին, որպես քաղաքացիական թեկնածու, սատարում էր «Spolu» կոալիցիան, որին, ինչպես ինքն է հայտարարել, կողմ է քվեարկել 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այնուհանդերձ, դա չի նշանակում, որ անվերապահորեն հավանություն է տալիս այն ամենին, ինչ անում է կառավարությունը։ Նրան նույնպես անհանգստացնում է էներգիայի և մյուս թանկացումների նկատմամբ կառավարության դանդաղ արձագանքը։
• Ի վերջո երկուսն էլ, ցանկանալով ակտիվորեն իրագործել իրենց հանձնառությունները, վճռականորեն մերժել են սակայն, տեղափոխվել Պրահայի ամրոցի նախագահական նստավայր։
• Երկուսի համար էլ, ողջ քարոզարշավների ընթացքում, ընտրությունների թեժ քննարկման թեման եղել է Ուկրաինայի պատերազմը, ճիշտ ինչպես՝ նախորդ նախագահական ընտրապայքարում բարձրացված միգրացիայի կամ սուդեթյան գերմանացիների* հարցը, (*Սուդեթյան գերմանացիներ՝ (գերմ. Sudetendeutsche, ինչպես նաև՝ Deutschböhmen – գերմանաչեխեր, Deutschmährer – գերմանամորավացիներ, կամ Deutschschlesier – գերմանասիլեզացիներ) աշխարհագրորեն և պատմականորեն ոչ ճշգրիտ անվանում է, որը 1930-ականների վերջից, գերմանացի ազգայնականների կողմից կիրառվել է Չեխիայի հյուսիս-արևմտյան սահմանային տարածքներում:
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա