Շահան Գանտահարյանը ներկայացրել է ակնկալիքները Եգիպտոսի նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցից

  • 27.01.2023
  • 0
  • 262 Views

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ տարածաշրջանային այցին, որը ներառում է նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եգիպտոսի նախագահը Հայաստան է այցելելու Հնդկաստան կատարած այցից հետո: Նրա գնահատմամբ՝ դա խոսում է տարածաշրջանում Կահիրե-Դելի ռազմավարական համագործակցության հարցերի համակարգման մասին։

«Կահիրեն գլխավոր խաղացող է ոչ միայն միջին Արևելքում, այլ նաև Աֆրիկայում եւ այս ուղղություններով նրա շահերը սուր հակասություններ ունեն թուրքական շահերի հետ, հատկապես Լիբիայի եւ Սիրիայի հարցերով։ Մինչ այս պահը երկու երկրների դիվանագիտական կապերը սառեցված են, սակայն առևտրատնտեսական կապերը շարունակվում են։ Հիմա կայունացմանը միտված քայլերով որոշակի ապալարվածություն է նկատվում Անկարայի հետ։ Անցած հոկտեմբերին Երևանում անցկացված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովում Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խալիդ Օկաշան փորձագիտական բարձրորակ զեկույց ներկայացրեց, որտեղ մանրամասն խոսեց Անկարայի՝ աֆրիկյան տարածաշրջան ներթափանցման մասին»,- ասաց նա։

Նա հավելեց՝ Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում տարածաշրջանային գլխավոր խաղացող Եգիպտոսի ղեկավարի այցը Կովկաս վկայում է եգիպտական ազդեցության գոտիների ընդլայնմանը միտված քայլի մասին։ Գանտահարյանն այն կարծիքին է, որ հայ- եգիպտական հարաբերությունների դրական միտումները, նկատի ունենալով Կահիրեի դերը Կովկասում, կարող են նոր դռներ բացել հայկական կողմի համար։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարածաշրջանային այցի ընթացքում Եգիպտոսի նախագահը լինելու է նաև Բաքվում՝ պարզ է, որ անդրադարձ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը և կոչ կարվի  առաջնորդվել բանակցություններով հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով։ «Չի բացառվում, որ մարդասիրական խնդիրներ բարձրացվեն՝ միջանցքի բացման կամ ռազմագերիների վերադարձի հորդորներով»,- ասաց Շահան Գանտահարյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում