Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին՝ ժամը 11։00-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։
Հիշեցնենք, որ ողբերգությունից անմիջապես հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ։
Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։
Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։
Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից։
orer.eu