
Հունվարի 19-ի չեխական BLESK.CZ լրատվական-վերլուծական լայնածավալ կայքէջում, նախագահի թեկնածուներ՝ Անդրեյ Բաբիշի և Պետր Պավելի «Տիտանների բախումը» սուպերբանավեճում, ընտրությունների 2-րդ փուլից առաջ հնչած խմբագրության այն հարցին. «Ինչպիսի՞ լուծում կառաջարկեք, եթե Պուտինը չցանկանա ձեռք քաշել Ուկրաինայից», «ANO» շարժման առաջնորդ՝ Անդրեյ Բաբիշը պատասխանել է հետևյալը. «Եթե լինեմ Չեխիայի հանրապետության նախագահ, նախ կխոսեմ Զելենսկու հետ, այնուհետև՝ Վիշեգրադյան քառյակի հետ, Մակրոնի, գերմանացիների, ԵՄ մյուս առաջնորդների և Էրդողանի հետ։ Եվրոպան պետք է ինչ-որ գագաթաժողով անցկացնի։ Պետք է նաև սահմանի որոշակի տերմիններ»: Լրագրողների այն հարցին. «Արդյո՞ք պետք է Պուտինը պարտվի», միանշանակ կպատասխանեմ. «Այո»՛, բայց ինչպե՞ս պարտվի»։
Եթե նկատեցիք, մյուս միջնորդ խաղաղարարների կողքին, հնչեց նաև Էրդողանի անունը։ Ընդ որում արդեն՝ երկրորդ անգամ։ Նախկին վարչապետ Բաբիշը «խաղաղարար» Էրդողանով պարծեցել է նաև հունվարի 14-ին՝ մինչ ընտրությունների եզրափակիչ փուլ անցնելը, ինչը քննադատության և սարկազմի տեղիք է տվել չեխական մամուլում։
Որպես վառ օրինակ ներկայացնեմ չեխ հայտնի անկախ լրագրող՝ Մարկետա Կուտիլովայի (14.1.2023թ.) փոքրիկ վերլուծությունը «Բաբիշի ընկեր Էրդողանի» թեմայով.

«Խոստովանեմ, որ Բաբիշի գրոհիչ ոճով հետընտրական ելույթի այդ անվերջանալի 15 րոպեների ընթացքում հիացած դիտում էի նրա շուրջը գտնվող համայնապատկերին, մինչդեռ ականջներս տառապում էին իրենից լսածից։ Այն, որ հանդես կգար զոհի դերում՝ լի ատելությամբ, հարձակումներով ու նվաստացումներով, սպասելի էր։ Բայց այն, ինչը բացահայտեց նրա տխմարության փաստը, պարծենկոտությունն էր, թե ինչպիսի ընկերական հարաբերությունների մեջ է աշխարհի հզոր քաղաքական գործիչների հետ, օրինակ՝ Էրդողանի։ Մի՞թե Բաբիշն այնքան տգետ է, որ կարծում է, թե Չեխիայում մարդիկ լրիվ անգրագետ են, հիմար կամ, ինչպես ասում են, «էշի ականջում քնած»։ Էրդողանն ամենևին էլ հարգված ժողովրդավար պետական գործիչ չէ։ Ավելի շուտ՝ ավտորիտար տիրակալ է, ով 18 տարիների ընթացքում Թուրքիան վերածեց էրդողանների ընտանիքի և դրա հետ կապված ընկերությունների կողմից վերահսկվող բռնապետության։ Իհարկե, սա Բաբիշին ձեռնատու մոդել է… Էլ չխոսենք, թե ինչպես է Էրդողանն իր մարդկանցով վերահսկում գրեթե դեռ մնացած ու գործող թուրքական լրատվամիջոցների զգալի մասը։ Այս պատահականությունը նույնպես Բաբիշին ոչ պակաս հոգեհարազատ է…
Էրդողանի օրոք Թուրքիան ռազմական ներխուժումներ իրականացրեց դեպի Սիրիա, որտեղ դեռ զբաղեցնում է նրա հյուսիսային մասը՝ գրավելով զգալի տարածքներ և տներից դուրս քշելով 400 հազար մարդկանց, հիմնականում՝ քրդերի, բռնազավթելով նրանց տներն ու հողերը։ Ռազմական ներխուժումների ժամանակ զոհվել է 1500 խաղաղ բնակիչ։ Ավելին, Թուրքիան թեժ մարտեր է մղում Լիբիայում և աջակցում է Ադրբեջանի պատերազմին՝ ընդդեմ հայերի։ Թուրքական բանտերում, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկված են հարյուրավոր լրագրողներ և 100 հազար մարդիկ։ Թուրքիան սերտ համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ։

Թուրքիայում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարվում են, իսկ քննադատները մահանում են ճանապարհատրանսպորտային պատահարների, պատուհաններից վայր ընկնելու և այլ հետևանքներով։ Փախստականների միջոցով՝ Թուրքիան վարկաբեկում է նաև Եվրամիությանը։ Հենց նույն Թուրքիան էր, որը թույլ էր տվել՝ 2015 թվականին իր տարածքում զարգանա մարդկանց առևտուրը՝ (թրաֆիքինգը), երբ մաքսանենգները ծովով ավելի քան մեկ միլիոն մարդ էին ուղարկել Եվրոպա, ինչն էլ Եվրոպայում հանգեցրել էր միգրացիոն ճգնաժամի։ Թուրքական իշխանությունները քայլեր չձեռնարկեցին մաքսանենգների դեմ, ովքեր փախստականներին վաճառում էին նարնջագույն փչովի նավակներ և անսարք, վտանգավոր փրկարար ժիլետներ։ Միևնույն ժամանակ տասնյակ հազարավոր ջիհադիստներ՝ տղամարդիկ և կանայք, Թուրքիայի տարածքով անցնում էին դեպի Սիրիա, որպեսզի միանային «Իսլամական պետությանը» կամ «Ալ Քաիդային»։ Նույնիսկ սրա դեմ Թուրքիան երբեք չձեռնարկեց արդյունավետ քայլեր։
Հարկ է նշել նաև «Իսլամական պետության» հետ համագործակցությունն ու Թուրքիայի դերը Սիրիայի պատերազմում։ Էլեկտրոնային փոստերից լրահոսքը ապացուցում է, որ Էրդողանի ընտանիքը ներգրավված է եղել «Իսլամական պետությունից» ստացված նավթի բիզնեսում: Մինչ ողջ աշխարհը զարհուրում էր իսլամիստներից, իսկ քրդերը պատերազմում էին նրանց դեմ, Թուրքիան շահում էր ԴԱԻՇ-ի հետ իր առևտրից: Թեև Թուրքական բանակը հզորությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում, այն երբեք ուղղակիորեն չի մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ մարտերին։ Թուրքիան ներգրավված է Սիրիայի դեմ պատերազմում՝ դրա իսկ ծագման օրվանից, մասնավորապես աջակցելով սուննի իսլամիստական խմբավորումներին։ Սիրիայում Թուրքիան պատասխանատու է ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար և այլն… Ահա՛, այսպիսի ընկերներ ունի Բաբիշը ու դեռ պարծենում է»,- գրում է Կուտիլովան։
Այնուամենայնիվ հարց է առաջանում. «Նորընտիր նախագահն ինչու՞ միայն Զելենսկու հետ կխոսեր»։ Օդի մեջ կախված ղարաբաղյան հակամարտությունն ու շրջափակման մեջ հայտնված տեղացի բնակչությանը սպառնող էթնիկ բնաջնջման վտանգը ոչ պակաս «ուկրաինական խնդիր» է և ոչ պակաս արդիական է։ Ո՞րն է պատերազմող երկու ժողովուրդների խտրականության պատճառը։

Ու՞ր մնացին 2018 թվականի ՉՀ-ի վարչապետ Անդրեյ Բաբիշի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ձեռքսեղմումները, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման և փոխադարձ առևտրային համագործակցության հարցերն ու խոստումները։ Կամ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Բաբիշի շնորհավորական ուղերձում ընդգծված հետևյալ խոսքերը. «Մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին»։
Իհարկե, սրանք նժարի թեթև կողմը նետված «հին ընկերներն են»։ Ծանր կողմում աշխարհին թելադրող, նավթագազային խողովակները բացող-փակող «նոր ընկերներն են», որոնցով պարծենալն այսօր կենսական նշանակության հարց է։
(Հղումներն այստեղ՝ https://www.vlada.cz/cz/media-centrum/aktualne/premier-babis-jednal-s-predsedou-narodniho-shromazdeni-armenie-bablojanem-o-sblizovani-s-eu-i-o-vzajemne-obchodni-spolupraci-168096/https://www.aravot.am/2018/08/25/977055/)։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա