ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 05:15-ին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող մահացել է: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նախ նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։
«7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պարզ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ միջոցների կարիք չլինի։
Վարչապետը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում փորձ է արվել բենզինը օգտագործել վառարանը վառելու համար։
«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 զինծառայողի մահվան դեպքից հետո միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
«Կոմպրոմիսներ չեն լինելու, եթե նույնիսկ վիզուալ ծառայությունը, կարգապահությունը պատշաճ չի իրականացվում, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն։ Այդ առումով որոշում եմ կայացրել և միջնորդություն եմ ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու, Հանրապետության նախագահը արդեն իսկ ստորագրել է որոշումը։ Հանձնարարել եմ նաև Պաշտպանության նախարարին, որ դեպքով պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր հերթին զեկուցեց, թե վարչապետի հանձնարարականի մասով ինչ աշխատանքներ են իրականացվել։
« Զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով, N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և զինված ուժերի թիկունքի վարչության, հրդեհային անվտանգության ծառայության պետը»,- ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ նրանց զբաղեցրած պաշտոնները ինչ-որ կերպ առնչվում են դեպքին։
«Հետագայում քրեաիրավական գնահատական պետք է տրվի, ուստի նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,- եզրափակեց Պապիկյանը։