Վալենսահայերը Սուրբ Ծնունդը նշեցին հայկական կիրակնօրյա դպրոցում

  • 18.01.2023
  • 0
  • 134 Views

Վալենսիայում կայացավ տեղի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սաների ամանորյա տոնական հանդեսը, որի ծրագիրը  լրացվում եւ թարմացվում է տարեցտարի յուրօրինակորեն գեղեցիկ համարներով, գումարվելով գրեթե 20 տարիների ընթացքում կուտակված հարուստ փորձի վրա։

Բացելով միջոցառումը «Արարատ» միության նախագահ եւ դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանն իր շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին եւ ծնողներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի եւս հնարավոր դարձավ կազմակերպել եւ իրականության վերածել երեկույթը։

Բանախոսի երախտագիտության խոսքը, այդուհանդերձ, նույնությամբ վերաբերվում է հենց իսկ իդեն՝ նրան, ով իբրեւ համայնքային կառույցի ղեկավար, չի խնայում, ինչպես միշտ, իր ժամանակն ու ուժերը՝ մեր մանուկներին հերթական հանդեսին նախապատրաստելու համար։ Երեխաներն, ի դեպ, համեմատաբար քիչ ժամանակ ունեին, բայց ամեն անգամվա պես բավականին լավ էին ներկայացել հանդիսատեսների առջեւ, որոնց կատարյալ մեծամասնությունը, բնականաբար, հենց իրենց հարազատներն էին։ Աշակերտներն ուրախացնում էին ներկաներին երգերով, բանաստեղծություններով, գեղարվեստական տարբեր համարներով։ Եվ այն հանգամանքը, որ ձայների տարբեր հաճախականությամբ ու արոգանությամբ իսպանական հողի վրա հնչում է մեր մայրենին՝ արդեն իսկ բավարար պատճառ է ընկալելու համար ձեռնարկի անցկացման ամբողջ կարեւորությունն ու նշանակությունը։

Այս կապակցությամբ էլ անհրաժեշտ է նշել, որ ամեն մի ելույթ յուրովի առիթ էր ունկնդիրների համար, որպեսզի չթաքցնեն համարյա թե երջանիկ  ժպիտներն իրենց դեմքերի վրա։ Քանզի վալենսիաբնակ յուրաքանչյուր փոքրիկի կամ պատանու շուրթերից անկրկնելիորեն քաղցր էր հնչում մեր հայերենը։ Մեկը բարձր էր արտասանում, մյուսը՝ ցածր, մեկի խոսքը արտահայտիչ էր, մյուսինը՝ դժվար ընկալելի, մեկն իր հայացքը չէր կտրում հատակից, մյուսը թղթից էր կարդում… Եվ բոլորն՝ այդքան լավ, այդչափ սիրելի, ասելիքը տեղ հասցնելու ձգտման մեջ՝ միանգամայն անգերազանցելի։

Անսովորական իրարանցում սկսվեց այն պահից, երբ երկար եւ բարձրաձայն կանչերից հետո Ձմեռ Պապն ու Ձյուանուշիկը ներս մտան, վերջապես, մեծ դահլիճ։ Նրանք, հարկավ, նվերներ էին բերել այստեղ ապրող մանուկների համար, բայց նախքան հանձնելը դրանք ցանկություն հայտնեցին լսել վերջիններիս կողմից պատրաստած ողջույնի խոսքերն ու ոտանավորները, ինչպես նաեւ՝ գտնել իրենց հնչեցրած հանելուկների պատասխանները։

Միջոցառման ավարտին հետեւեց ավանդական հյուրասիրությունը։ Մեր հայուհիների ձեռքերով պատրաստած համեղ անուշեղեններն ու այլեւայլ ուտեստեղեններն էին։ Ծնողները կենացներ էին ասում, մաղթելով մեր օրերին առողջություն ամենքին եւ խաղաղ երկինք՝ մեր Հայրենիքում ու ամբողջ մոլորակում։ Ի միջի այլոց, հանդեսին ներկա գտնվելուց առաջ հնարավորությունն ունեցա մոտիկից տեսնել եւ շփվել մեր փոքրիկների ծնողների հետ, որոնք մինչդեռ իրենց սիրելի զավակները դասերին կամ պարապմունքների են մասնակցում, սովորությունն ունեն հավաքվել մոտակա սրճարաններից մեկում եւ մեկ գավաթ սուրճը վայելելու ժամին կիսվել օրվա նորություններով, քննարկել Հայաստանին կամ Իսպանիայի հայ համայնքին վերաբերվող հարցերն ու խնդիրները։ Հասկացա, որ նրանք լավ թե վատ, վաղուց թե նոր՝ հասցրել են այլեւս ճանաչել մեկը մյուսին, գիտեն միասին կատակներ փոխանակել, հարգանքի նշաններ ցուցադրել դիմացինի նկատմամբ։ Հապա, մեր կրթական հաստատության դրական արդյունքներից մեկն էլ այն է, որ դասարանի պատերից ներս ընկերացած սաները սովորեցին նաեւ հյուրընկալել իրար եւ տարբեր առիթներով՝ ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպել։ Քայլ ընդառաջ։ Ելնելով այն պարզ հանգամանքից, որ մենք՝ մենք ենք։ Ուր էլ լինենք, ինչ պայմանների ներքո էլ ապրենք։

Ծննդյան օրվա կապակցությամբ հրավերքներ են ուղարկում, ուրեմն, միասին խաղալու պատրվակներ փնտրում եւ այլն։ Անշուշտ, հրաշալի սկիզբ, որ եկող ժամանակի մեջ իր շարունակականությունն ու դրսեւորումները կունենա եւ չի կարող չոգեշնչել, չի կարող չուրախացնել, չի կարող որպես օրինակ չծառայել մյուսների համար։ Սփյուռքի պայմաններում մի՞ թե դա չէ կարեւորագույն փաստարկներից մեկը հայապահպանման իմաստով, ինչն էլ ապահովվում է՝ տվյալ դեպքում շնորհիվ կիրակնօրյա դպրոցի։ Եվ մի՞ թե այդ ամենը հիմք չի հանդիսանա, որպեսզի եղածը պահպանելու ցանկությամբ՝ զարկ տրվի եկող տարիների ընթացքում  զարգացնել այն, նրա վրա նորը ավելացնել։ Նորն՝ իր ձեւերով ու եղանակներով։

Հրաժեշտից առաջ ունկնդիր էի ձեռնարկին ներկա գտնված մի քանի նախկին աշակերտների, որոնք կիսվելով ստացած տպավորություններով, ընդգծում էին, որ անհամեմատ փոքրաթիվ էր առաջ հայկական դպրոցը եւ բայց՝ այն տարիներին էլ էին նմանատիպ միջոցառումներ տեղի ունենում, վառ հետք թողնելով մարդկանց հուշերում։

Արթուր Ղուկասյան 

Վալենսիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում