Չեխիայի վարչապետը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել է համատեղ ծրագրերի շուրջ

  • 17.01.2023
  • 0
  • 136 Views

Հունվարի 17-ին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Պատգամավորների պալատի շենքում բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հայտնել է Ֆիալայի մամուլի ծառայությունը։

Նրանք միասին քննարկել են Ուկրաինայի պատերազմի, երկկողմ համագործակցության և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում համագործակցության մասին թեմաները։ Թուրքիայի Հանրապետությունը Չեխիայի կարևոր գործընկերներից է, լինի դա, օրինակ, անվտանգության, միգրացիայի կամ առևտրի ոլորտում։ Այն Չեխիայի համար վեցերորդ կարևորագույն երկիրն է, որը ԵՄ անդամ չէ:

«Թուրքիան մեր կարեւոր գործընկերն է մի շարք ոլորտներում։ Հուսով եմ, որ այս այցը կնպաստի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության ոլորտում մեր համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, օրինակ՝ մեր պաշտպանական ուժերի համատեղ ուսուցման և վերապատրաստման ոլորտում»,- ասել է վարչապետ Պետր Ֆիալան։

Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ վարչապետը հիմնականում խոսել է փոխադարձ համագործակցության և Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ կապված ընթացիկ թեմաների մասին։

Չեխիայի վարչապետը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային բոլոր ոլորտներում՝ հատկապես Թուրքիայի դերը հացահատիկի կամ գերիների փոխանակման համաձայնագրի շուրջ բանակցություններում։

Անցյալ տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահությունը մեծ ջանքեր է գործադրել՝ աջակցելու Եվրամիության և Թուրքիայի միջև երկխոսությանը։ Վարչապետ Պետր Ֆիալան նաև գնահատել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի Պրահայի գագաթնաժողովի հրավերը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում