
Հունվարին 12-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը դեսպանությունում հյուրընկալել է Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար (հեյթման) Իվո Վոնդրակին, որը դեսպանին է փոխանցել երկրամասի կողմից՝ Արմավիրի մարզի սոցիալապես անապահով երեխաների և երիտասարդների առցանց եղանակով կրթության համար էլեկտրոնային սարքավորումներ ձեռքբերելու նպատակով նվիրատվության խորհրդանշական կտրոնը: Կտրոնի վրա նշված էր 100 հազար կրոն։
Ինչպես նշված է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում, կողմերը անդրադարձ են կատարվել Մորավյան-Սիլեզյան երկրամասի ու Արմավիրի մարզի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին ու առաջիկա ծրագրերին։
Դեսպանը զրուցակցին ներկայացրել է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում առկա մարտահրավերները:
orer.eu