Չեխական Seznam Zprávy կայքէջը հունվարի 10-ին հրապարակել է «Հայաստանը չեղարկում է Ռուսաստանի ծրագրերը՝ զորավարժությունները համարելով «ոչ նպատակահարմար»» հոդվածը, որի հեղինակն է Օնդրժեյ Կլապալը։
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը՝ հայերեն թարգմանությամբ.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ դժգոհություն է հայտնում, որ Ռուսաստանն իր երկրին չի ցուցաբերում բավականաչափ աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։
Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել Ռուսաստանի ղեկավարությամբ հետխորհրդային պետությունների ռազմական կազմակերպության՝ (ՀԱՊԿ)-ի այս տարվա զորավարժությունները, ինչի մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր շտաբին, որ ստեղծված իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը Հայաստանում համարում ենք ոչ նպատակահարմար։ Ոստի, որևէ զորավարժություններ, (առնվազն) այս տարի, տեղի չեն ունենա Հայաստանի տարածքում»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման մասին, թերևս ավելի վաղ, հաստատել էր Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարությունը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը դեռ պետք է պարզի, թե որն է Հայաստանի դիրքորոշումը։ «Այնուամենայնիվ Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակիցը, ուստի երկկողմ երկխոսությունը կշարունակվի ՝ չնայած որոշ հարցերի լուծման բարդություններին»,-ավելացրել է նա։
ՀԱՊԿ-ը պաշտպանության և անվտանգության դաշինք է, որը գլխավորում է Ռուսաստանը։ Նրա անդամները նախկին խորհրդային պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը։
Ինչպե՞ս է Ռուսաստանը կորցնում իր ազդեցությունը
Մինչ Ռուսաստանը կենտրոնանում է Ուկրաինայի վրա՝ փորձելով ռազմական հարձակման միջոցով թույլ չտալ հեռանալ Մոսկվայից դեպի Արևմուտք, միաժամանակ կորցնում է հետխորհրդային մյուս երկրների վրա իր ազդեցիկ ուժի պահպանումը:
Վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև սա առաջին դիվանագիտական տարաձայնությունը չէ։ Երևանը երկար ժամանակ դժգոհում է Մոսկվայի և ՀԱՊԿ-ի անբավարար աջակցության մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
(Սա տարածք է հիմնականում Հայաստանի վերահսկողության ներքո, որը սակայն միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, ինչի շուրջ երկու երկրները պայքարում են գրեթե տասնամյակներ շարունակ։ Հակամարտությունը պարբերաբար վերածվում է ռազմական բախումների՝ (վերջինը անցյալ տարի էր)։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպման ամփոփիչ փաստաթուղթը, ինչը զարմացրեց մյուս քաղաքական գործիչներին։ Դա է վկայում սոցցանցերում այդ ժամանակ տարածված տեսանյութը, որում պարզ երևում է, թե ինչպես է, օրինակ՝ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռքերը տարածում ու շփոթված նայում Փաշինյանին։
Անցյալ սեպտեմբերին Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության կոչ արեց հենց այն ժամանակ, երբ կրկին առերեսվեց Ադրբեջանի հերթական ագրեսիային: Սակայն ՀԱՊԿ-ը, ի տարբերություն անցյալ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների դեմ իր արագ արձագանքին, Հայաստանին խոստացավ միայն դիտորդներ ուղարկել, ինչի նկատմամբ իր հակասական կարծիքն արտահայտեց Փաշինյանը։
Արդեն սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորքերի զորավարժություններին, հիշեցնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։
Ներկայումս Հայաստանին անհանգստացնում է, այսպես կոչված, Լաչինի միջանցքի արգելափակված վիճակը, որը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածի հետ կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանը միջանցքը փակել է դեկտեմբերին, իսկ Հայաստանը մեղադրել է Ռուսաստանին՝ այդ տարածքում իր խաղաղապահների անօգուտ և ձեռքերը ծալած կանգնելու համար։
Հայկական և ռուսական լրատվամիջոցների այս տարեսկզբյան տեղեկությունների համաձայն, Երևանը Մոսկվային վերջնագիր է ներկայացրել միջանցքի վերաբացման առումով՝ պահանջելով կա՛մ ճանապարհը բացել մինչև հունվարի 10-ը, կա՛մ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ի անդամակցությունից։
Վարչապետ Փաշինյանը, սակայն, երեքշաբթի մեկնաբանել է այս լուրերը՝ նշելով. «Չեմ կարծում, որ պետք է վերջնագրի լեզվով խոսենք մեր գործընկերների հետ։ Մենք արդեն ասել ենք այն, ինչ ուզում էինք ասել այս իրավիճակի կապակցությամբ, և ավելացնելու ոչինչ չունենք»,-մեջբերում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա