
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, եւ այցը կարելի է պատմական համարել:

«Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր երկրի ու մեր քաղաքացիների համար հարազատ երկիր է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերն Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության ու աջակցության հարցում:

Խոսելով հետպատերազմյան Արցախից եւ Լաչինի ճգնաժամից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել այդ խնդիրների լուծման հարցում մեր երկրին աջակցելու համար: Նա հիշատակել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 44-օրյա պատերազմից հետո ընդունված բանաձեւերը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւի ընդունումը: Կողմերը մանրամասն քննարկել են այս պահին Արցախում տիրող իրավիճակը՝ անընդունելի համարելով ադրբեջանական կողմից 120.000 հայերի իրավունքների ոտնահարումը:
Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների խորհրդարանների միջեւ ծավալված սերտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի նշանակալի ավանդը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամի: «Մենք հայ ժողովրդի կողքին ենք երեկ, այսօր եւ միշտ»,- նշել է նա՝ հավելելով, որ երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության վերաբերյալ այսօր ստորագրվելիք Համաձայնագիրն ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդի եւ էլ ավելի կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական եւ գործնական հարաբերությունները բոլոր մակարդակներով:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են հետագա համագործակցությունն ընդլայնող համաձայնագիր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: ԱԺ նախագահները հանդիպումը եզրափակել են խորհրդանշական ծառատունկով:

Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում
ԱԶԳ օրաթերթը մեջբերում է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մամուլի ասուլիսից մի հատված, որտեղ նա ասել է.
«Ամենից շատ կարևոր է խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը, և մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այլ ճանապարհներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ։ Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորումն է ուղղված»- ՀՀ ԱԺ-ում ընթացող ասուլիսի ժամանակ հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, ասաց Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Յաել Բրաուն-Պիվենը։
Հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, ֆրանսիացի պարձրաստիճան պաշտոնյան պատասխանեց. «Այսօր Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»։
«Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների, եղբայրական երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների ու հարձակումների:
Ինչպես գիտեք, սեպտեմբերի իրադարձությունները շատ աղմուկ հանեցին Ֆրանսիայում: ԱԺ-ն արձագանքեց դրան, մենք մի բանաձեւ ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի դադարեցում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատում: Մենք նաեւ դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը՝ պահանջելով շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,-հունվարի 13-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:
Նա մտահոգություն է հայտնել, որ Բերձորի միջանցքը փակ լինելու պատճառով մարդասիրական օգնության կարիքն ավելի է սրվում Արցախում։ Նրա պնդմամբ՝ պետք է Արցախը դուրս գա շրջափակումից, ժողովրդավարական արժեքներն այլևս չոտնահարվեն, մարդիկ ազատ տեղաշարժի իրավունքից օգտվեն և այլն։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նաև մտահոգված է Արցախի պատմամշակութային կոթողների ճակատագրով։
«Այսօր կարող են ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական և մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միև երկխոսությունը, որ հասնենք կայուն ու խաղաղ լուծման»,-ասել է նա։ Արձանագրել է Ազգ (azg.am)-ը։
orer.eu