Կյանքից հեռացել է ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Վրեժ Մարկոսյանը

  • 13.01.2023
  • 0
  • 315 Views

Դեկտեմբերի 12-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

Ծնվել է 1949 թվականին Ապարան քաղաքում: 1972թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում, 1984թ. ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտը։ 1975թ-ին աշխատանքի է անցել ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում նախ որպես ապրանքագետ, մատակարարման բաժնի վարիչ, այնուհետև` գլխավոր տնօրենի տեղակալ, 1990 թվականից՝ տնօրեն: Հրատարակչությունը 1992թ. վերանվանվել է «Պարբերական», 1997թ. սեպտեմբերից՝ «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչություն, որի նախագահն էր մինչ օրս: 2012 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Ի թիվս բազմաթիվ պարգևների՝ 2007 թվականին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով։ Իր գործունեությամբ նա մշտապես եղել է Միության կողքին՝ իր աջակցությունը բերելով հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերին։ 

Վրեժ Մարկոսյանի՝ որպես բացառիկ և հոգատար մարդու, հմուտ ղեկավարի և արհեստավարժ հրատարակչի գործունեությունը մշտապես բարձր է գնահատվել ոլորտի մասնագետների և նրա գործընկերների կողմից։ 
 Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը  ցավակցում է Մարկոսյանների ընտանիքին՝ Վրեժ Մարկոսյանին անժամանակ մահվան կապակցությամբ: 

Վրեժ Մարկոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Հայաստանի Թեքեյան մշակութային միություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում