
«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Պայմանավորվել ենք։ Նա իրավունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրավունք չունեմ»,- իր հայտնի հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը։ Այս մասին գրում է Ազնավուր հիմնադրամը։
Սիրելի՜ Շառլ, քույրիկդ պահել է իր խոստումը…
Այսօր Ազնավուրյանների գերդաստանի ամենաավագ ներկայացուցիչը՝ սիրելի քույր, հորաքույր, արտիստ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցը, դառնում է 100 տարեկան։
Մեկ դար ապրած Աիդա Ազնավուրը հայ փախստականներ Միշա և Քնար Ազնավուրյանների դուստրն է։ Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի առաջնեկ Աիդան ծնվել է Հունաստանում 1923 թվականի հունվարի 13-ին։ Այնուհետև Ազնավուրյանները տեղափոխվել են Փարիզ, որտեղ մեկ տարի անց ծնվել է Շառլ Ազնավուրը։
Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախություններն ու տրտմությունները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով մեկ ու եղել իրար թևութիկունք։ Շառլ Ազնավուրին նվիրված իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Աիդա Ազնավուրը պատմում է իր և եղբոր մտերմության ու արկածներով լի կյանքի մասին։
«Ազնավուր» հիմնադրամի անունից շնորհավորում ենք Աիդա Ազնավուրին և նրա բոլոր երկրպագուներին այս փառահեղ հոբելյանի առթիվ։
orer.eu


