Արցախի ժողովրդի պայքարը նաև սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար է. Ռուբեն Վարդանյան

  • 12.01.2023
  • 0
  • 34 Views

Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում Արցախի ժողովրդի պայքարը ոչ միայն շրջափակման դեմ է, այլ նաև պայքար է՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հունվարի 12-ին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ընթացքում:

«Մենք 32-րդ օրն է՝ շրջափակման մեջ ենք: Դա նշանակում է, որ ունենք պարենային ապրանքների, ենթակառուցվածքների, բժշկության հետ կապված խնդիրներ և այլն: Մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ պետնախարարն նշել է, որ նրանք պարզապես չեն ցանկանում իրականությունն ընդունել: Ադրբեջանական կողմի հաշվարկներով 1 ամսվա ընթացքում միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում, ինչը նշանակում է ադրբեջանական կողմն իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա: Պետնախարարի խոսքով՝ միջանցքի փակման հետևանքով ամենուր խնդիրներ են, այդ թվում՝ անջատված ընտանիքներ և այլն:

«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում