Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

  • 12.01.2023
  • 0
  • 19 Views

Արցախի կյանքի ճանապարհն արդեն մեկ ամիս է՝ փակ է. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել է Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ: Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության իշխանությունները ներմուծել են պարենի կտրոնային համակարգ։ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման միակ գծի վթարի պատճառով: Ադրբեջանցիներն արգելափակում են արցախցի մասնագետների մուտքը վթարի վայր, հանրապետությունում հովհարային հոսանքազրկումներ են մտցվել: 

Ադրբեջանն Արցախի բնակիչներին հումանիտար աղետի է մատնում

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30 հազարը՝ երեխաներ, հայտնվել է հումանիտար ճգնաժամի վիճակում։ 1 100 քաղաքացի, որոնցից 270-ը՝ անչափահաս, փակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունի։ 11 երեխա նորածնային բաժանմունքներում  և մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, 9 չափահաս պացիենտ վերակենդանացման բաժանմունքում է, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, շրջափակման պայմաններում արդեն 114 երեխա է ծնվել։

Այսօրվա դրությամբ, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բոլոր բժշկական հաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Արցախում ժամանակավորապես դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները։

690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3 200 մարդ կորցրել է աշխատանքը։

Ավելի քան 12 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Ամեն օր ավելի քան 400 տոննա սննդամթերք և դեղորայք անհնար է լինում Հայաստանից հասցնել Արցախ։ Լիակատար տրանսպորտային շրջափակումը  սպառնում է  սննդամթերքների, դեղերի և վառելիքի դեֆիցիտով։

Դեկտեմբերի 19-ի երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցի պացիենտներից մեկը։ Ադրբեջանցիների կողմից ճանապարհի շրջափակման պատճառով նրան չեն կարողացել տեղափոխել Երևան։ Եվս մեկ հիվանդի, որը սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, ադրբեջանցիները թույլ են տվել տեղափոխել շտապօգնության մեքենայով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ռուս խաղաղապահների և ոստիկանության ուղեկցությամբ։

Կարմի Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4-ամսյա երեխայի։ Նշվել է, որ ԿԽՄԿ մեքենաները, որոնք մեկնել են Հայաստան երեխայի հետևից, շուտով կվերադառնան Արցախ դեղամիջոցներով։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցային ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ շրջափակման ողջ ընթացքում՝ մինչև հունվարի 7-ը, Հայաստանից Արցախ Կարմիր խաչի միջնորդությամբ հասցվել է ավելի քան 100 տոննա դեղամիջոց, մանկական սնունդ և հիգիենայի պարագաներ (10 տոննա բեռ հասցվել է դեկտեմբերի 25-ին ԿԽՄԿ-ի բեռնատարով), միայն մեկ անգամ է պարեն ուղարկվել։

Արցախի իշխանությունները հունվարի 3-ին կարգադրել են համամասնորեն խանութներին բաշխել պետպահուստի մթերքները, որոշվել է սահմանափակել հանրային սննդի աշխատանքը պարենի անբավարարության և էլեկտրաէներգիա խնայելու անհրաժեշտության պատճառով։

Սննդի անբավարարության պատճառով, որն առաջ է եկել շրջափակման հետևանքով, փակվել են նախադպրոցական հաստատություններ, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցներ։ Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել են 41 մանկապարտեղ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

6 828 երեխա այլևս չի կարող հաճախել մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Արցախը Հայաստանից սնուցող էլեկտրականության միակ բարձրավոլտ գծում հունվարի 10-ին վթար է տեղի ունեցել։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով իրավիճակից` հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։

Սառը ձմեռային և առատ ձյան պայմաններում էլեկտրաէներգիայի  մշտական և լայնածավալ անջատումները էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը։ Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են լրացուցիչ և զգալի դժվարությունների ու զրկանքների՝ կապված ջեռուցման և կենսական այլ պահանջմունքների բավարարման հետ։ 

Լաչինի միջանցքի շրջափակման առաջին քայլերը

Դեկտեմբերի 3-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ «Շուշի-Կարին խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիների փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ իրենց քայլը բացատրելով բնապահպանական պատճառներով։

«Ակնհայտ է, որ այս քայլով Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը խզելու և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկման ենթարկելու համար։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը պատշաճ կերպով տեղեկացվել է դեպքի մասին։ Արցախի պետական լիազոր մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- նշված էր հաղորդագրությունում։

Երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվեց։

Ադրբեջանցիները հայտարարել էին, որ փորձում էին մտնել Լեռնային Ղարաբաղ՝ հետաքննելու, իրենց խոսքով, օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման մասին ստացված լուրերը: Սակայն այս արգելափակումը լուծվեց մի քանի ժամվա ընթացքում։ Ադրբեջանի Բնապահպանության նախարարության, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքի հարցերով պետական ծառայության և AzerGold ՓԲԸ-ի աշխատակիցները ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ Ստեփանակերտում գտնվող իրենց շտաբում քննարկում էին ացկացրել։

Ադրբեջանցի պաշտոնական անձինք հայտարարեցին, որ համաձայնության են եկել ռուս խաղաղապահների հետ՝ թույլ տալ պաշտոնյաներին մտնել Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղի հատված՝ քննարկելու շրջակա միջավայրի մոնիթորինգը:

Արդեն դեկտեմբերի 10-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք»։ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակում քաղաքական կարգախոսներով կեղծ բնապահպաններ

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Լաչինի միջանցքը փակել են անձինք, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ և իրենց հետ ադրբեջանական դրոշներ բերել։ Նրանց կարծիքով՝ հայերը Ղարաբաղում ռուս խաղաղապահների թողտվությամբ ապօրինաբար ռեսուրսներ են հայթայթում և վնասում տարածաշրջանի էկոլոգիային։ Այն բանից հետո, երբ բնապահպանական մոնիթորինգային խմբին թույլ չտվեցին մուտք գործել ԼՂՀ տարածք, ցուցարարները վրաններ դրեցին և փակեցին ճանապարհը։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման շուրջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ ընթացող բանակցությունները ձախողվել են։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այն ժամանակ նրանց անվանել էր «քաղաքացիական հասարակության ակտիվիստներ»։ Սակայն ցուցարարներից ոմանք, պարզվել է, կապ ունեն պետական գերատեսչությունների հետ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Մահսաթի Հուսեյնովան գրառումներ էր կատարում ակցիայի անցկացման վայրից՝ լինելով դրա մասնակից։ Բնապահպանական կարգախոսները բավականին արագ փոխվեցին քաղաքական կարգախոսների՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է», իսկ մի շարք ցուցարարների մորթյա վերարկուները միայն ուժեղացրել են կասկածները՝ արդյոք նրանք իսկապես մտահոգված են բնապահպանական հարցերով։

Փաստացի ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» հայտնվել են Լաչինի միջանցքում պաշտոնական Բաքվի թողտվությամբ, հակառակ դեպքում նրանք չէին կարողանա հասնել մինչև միջանցք, քանի որ ճանապարհին նրանց կձերբակալեին անցակետերում։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պարենային և հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին և ընգծել, որ իրավիճակը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով տեղաշարժի անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Այդ բնակավայրեր սննդի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներ չեն իրականացվում։

Ռուս խաղաղապահները, կարծես, չգիտեին՝ ինչպես վարվել ճանապարհը փակած ցուցարարների հետ, որոնց գործողությունները լուսաբանում էին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները։ Որոշ դեպքերում ցուցարարներն ու լրագրողները հեշտությամբ մխրճվում էին խաղաղապահների մեջ, որոշ դեպքերում նրանք կորցնում էին համբերությունը և հարձակվում նրանց վրա։ Միևնույն ժամանակ, միջազգային դատապարտմանը զուգահեռ Ադրբեջանը փորձում էր մեղքը գցել ռուս խաղաղապահների վրա։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ճանապարհն իրենք չեն փակել, այլ ռուս խաղաղապահները։ Միևնույն ժամանակ, ցուցարար ադրբեջանցիները հայտարարում էին, որ իրենք պատրաստ են թողնել հայերի մուտքը, սակայն ռուսները և ԼՂ փաստացի ղեկավարությունը խոչընդոտում են դրան։ Ռուս խաղաղապահները հրաժարվել են կատարել ԼՂ տարածք մուտք գործելու ադրբեջանցիների պահանջները՝ փորձելով դադարեցնել բախումները։       

Արցախի շրջափակումից մեկ ամիս անց միջազգային հանրության արձագանքը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ն և Ֆրանսիան Ադրբեջանին կոչ են արել բացել միջանցքը առանց նախապայմանների՝ պահպանելով այնտեղ բնակվողների իրավունքները։ Նախօրեին Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ կապված փաստաթուղթ է ընդունել։ Փաստաթղթում ասվում է, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, և այս իրավիճակը սպառնում է հումանիտար արտակարգ իրավիճակի ստեղծմամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:

Կանադայի ԱԳՆ-ը Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել տեղաշարժի ազատությունը։ Կիպրոսի ԱԳՆ-ը ևս հանդես է եկել Լաչինի միջանցքը բացելու կոչով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին «ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ լարվածության դեէսկալացիայի և միջանցքով ազատ տեղաշարժի և անվանգության ապահովման» կոչ է արել։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը», իսկ ռուս խաղաղապահների դեմ մեղադրանքներն անվանելի է «անթույլատրելի և անարդյունավետ»։

«Freedom House»-ը հայտարարություն է տարածել․ «Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։ Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունը, ապահովելու համար»։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լուծել Լաչինի միջանցքի շուրջ կոնֆլիկտային իրավիճակը։

Գրեթե 30 եվրապատգամավորներ դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին՝ կապված ԼՂ շուրջ իրավիճակի հետ։

Դեկտեմբերի 20-ին կայացել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը։ Նիստի ճնշող մեծամասնությունն Ադրբեջանից պահանջել է ապաշրջափակել ճանապարհը։ Այսպես, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ռուսաստանը հույս է հայտնել, որ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ամբողջությամբ կվերականգնվի մոտ օրերս։ Սակայն ԱԽ հայտարարության արդյունքում Լաչինի միջանցքն այդպես էլ չբացվեց։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու   խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ չի ընդունվել Ֆրանսիայի մոտեցման պատճառով։

Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը։

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ հասարակական կարգի պահպանման և միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ ճանապարհով երթևեկությունը շտապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար։

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը – Live News

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում