ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
«ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և ընկալում ենք այդպես: Եվ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը եղել է հետևյալը, որը Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Եվ սա եղել է Ռուսաստանի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման: Եվ, իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ: Եվ այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»,-ասաց վարչապետը:
Սակայն, նրա խոսքով, երբ տեղի են ունեցել 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածի հայտնի իրադարձությունները՝ ներխուժումը ՀՀ տարածք, Հայաստանը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել է կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից, անվտանգային ոլորտի գործընկերներից:
«Եվ, ի պատասխան ՀՀ հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Եվ այդ համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն «կարմիր գիծը», որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման համար»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետ շեշտեց, որ այդ «կարմիր գիծը» դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում: «Եվ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է եղել, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք՝ ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Եվ մենք ասել ենք՝ առանց այս գիծը պաշտոնապես արձանագրելու, մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին: Այսինքն՝ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել: Եվ դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»,-ասաց վարչապետը:
Վերջին շրջանում Ադրբեջանն արևմտյան երկրներ հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է՝ ասելով, թե մտավախություն ունեն, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և իրենք «կանխարգելիչ» գործողություններ են ձեռնարկում: Վարչապետը դա որակեց աբսուրդ՝ նկատելով, որ մյուս կողմից Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այդ խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում: «Եվ մենք ՌԴ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար: Եվ մենք այս փաստերից հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այդ փաստերը»,-ասաց վարչապետը:
Վարչապետը վստահեցրեց, որ դա անընդհատ խոսակցություն է եղել ՌԴ-ի հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս, այս տարի չեն կայանա»,-ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը:
Ռուսաստանի արձագանքը
Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարվելու մասին հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: ՀՀ Պաշտպանության նախարարը մերժման մասին գրավոր ծանուցել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբին։