Նոր եվրոպական հարկը կթանկացնի դիզվառելիքն ու ջեռուցումը. Աղտոտիչ արտանետումները պետք է հասնեն զգալի կրճատման

  • 09.01.2023
  • 0
  • 123 Views

Կսահմանափակվի ներքին այրման շարժիչով մեքենաների վաճառքը

 Որքա՞ն են չեխերը վճարելու նոր «կանաչ» հարկի դիմաց:

Որքանո՞վ կթանկանա վառելիքի մեկ լիտրի գինը։

Ինչպե՞ս կազդեն նոր էկոլոգիական խստացումները ավտոմոբիլային տրանսպորտի և տնային տնտեսությունների վրա։

Եվրոպան պատրա՞ստ է արդյոք էլեկտրոմոբիլների կիրառմանը։

Նմանատիպ հարցերով լի այս ծավալուն թեմային անդրադարձել են չեխական գրեթե ողջ տպագիր և եթերային մամուլն ու կայքէջերը՝ տարեվերջյան իրենց վերլուծություններում հաշվարկելով, թե արտանետումների արտոնումների խստացման դեպքում որքան կարող են թանկանալ բենզինն ու դիզվառելիքը լցակայաններում, ինչպես նաև ածուխով կամ գազով ջեռուցումը՝ տնային տնտեսություններում։ Մանրամասնություններին ծանոթացեք ստորև.

«Երբ Ռուսաստանը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Եվրոպա, ներկայիս էներգետիկ ճգնաժամն իր ազդեցությունը ունեցավ նաև Չեխիայում՝ բառացիորեն գիծ քաշելով բյուջեի վրա»-գրում է (21.12.2022թ.) ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը։

2022թ.-ի դեկտեմբերի 18-ին Եվրոպական հանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությամբ անդամ երկրների ներկայացուցիչները պայմանականորեն համաձայնության են եկել մթնոլորտային օդի աղտոտման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրինագծերի վերանայման շուրջ։ Խոսքը, ավելի ստույգ, արդյունաբերական աղտոտիչ արտանետումների հետագա կրճատման, դրանց արտոնումների առևտրի սխեմայի բարեփոխման և կլիմայի համար բարենպաստ տեխնոլոգիաների մեջ ներդրումների ավելացման վերաբերյալ է։

«Նոր կանոնները մինչ այժմ հաստատվել են քաղաքական համաձայնությամբ՝ եռակողմ բանակցությունների շրջանակներում։ Այժմ դրանք պետք է պաշտոնապես ընդունվեն Խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից՝ մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը»,- նշվում է ՉՀ-ի Շրջակա միջավայրի նախարարության մամլո ծառայության կայքէջում։

Այդպիսով ԵՄ-ն մոտենում է մթնոլորտային օդը վնասող արտանետումների արտոնումների համակարգի հետագա խստացմանը, որը կգործարկվի 2027 թվականից։ Խոսքը, այսպես կոչված, «Կանաչ ինդուլգենցիաների» վերաբերյալ է, որոնք պետք է գնեն ջերմոցային գազերի արտանետումներ առաջացնողները՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքով։

Կանխատեսվում է նաև ավտոմոբիլային վառելանյութի և շենքերի ջեռուցման հանածո վառելիքի թանկացում։ «Շենքերի և տրանսպորտի համար նախատեսված վառելիքի բրյուսելյան «Սահմանային թույլատրելի արտանետումներ» տերմինը ներառում է ինչպես բենզինի, այնպես էլ ջեռուցման համար գազի ու ածուխի թանկացումը։ Ածուխը կարող է կտրուկ թանկանալ տասնյակ տոկոսով, իսկ գազը, ավելի շուտ, միավորներով։ Դեռևս պարզ չէ, արդյոք թանկացումները կազդեն և «ավելի կանաչ» ավիացիոն վառելիքի վրա»,-մտորում է ԼՆ օրաթերթը։

Ուստի 2027 թվականից ավելի կբարձրանան բենզինի, դիզվառելիքի և գազով կամ ածուխով ջեռուցման վճարները տնային տնտեսությունների համար։ «Արտոնումների դիմաց, հենց մատակարարման շղթայի սկզբից, կվճարեն վառելիքի մատակարարները, ոչ թե տնային տնտեսությունները կամ բաժանորդները: Դա կարտացոլվի հանածո վառելիքների, ինչպես նաև ավտոմոբիլային հեղուկ վառելանյութերի գների մեջ»,- (20.12.2022թ.) ՊՐԱՎՈ օրաթերթին է հայտնել ՉՀ-ի Շրջակա միջավայրի նախարարության (MŽP) մամուլի խոսնակ՝ Դոմինիկա Պոսպիշիլովան։

Ըստ ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթի՝ այժմ այդ արդյունաբերության ոլորտի վրա իր ազդեցությունն է գործում նաև անսպասելի շահույթի հարկը։ «Դեռևս 2022 թ.-ի նոյեմբերի 28-ին, Չեխիայի Հանրապետության նախագահ՝ Միլոշ Զեմանը ստորագրել է հարկային փաթեթ, որն ի թիվս այլ բաների, ԵՄ-ի կանոնակարգի պարամետրերին համապատասխան սահմանում է այսպես կոչված՝ «windfall tax» անսպասելի շահույթի հարկ։ Արտահերթ սահմանված այս ժամանակավոր հարկը կիրառության մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից՝ 3 տարի ժամկետով (այսինքն՝ 2023-2025 թթ.)՝ ընդգրկելով էներգիայի արտադրության և վաճառքի, բանկային, նավթի ու հանածո վառելիքի արդյունահանման և վերամշակման ոլորտները՝ չափազանց շահութաբեր ընկերությունների համար: ՉՀ-ի Ֆինանսների նախարարությունը 2023 թվականին պետբյուջե մուտքագրվող արտահերթ հարկից ակնկալում է մոտ 85 մլրդ չեխական կրոնի եկամուտ։ Մոտ 15 մլրդ կրոնի չափով ևս այլ եկամուտ ակնկալվում է նաև էլեկտրաէներգիա արտադրողների համար ԵՄ-ի գնային շեմերով սահմանված ֆինանսական աղբյուրներից»,-նշվում է ՉՀ-ի Ֆինանսների նախարարության մամլո ծառայության կայքէջում։

(* Հիշեցնենք, որ արտոնյալ արտանետումների առևտրի «EU ETS 1» համակարգն իր մեջ ընդգրկում է մթնոլորտային օդն աղտոտող՝ էլեկտրակայանները, ջեռուցման կայանները, նավթավերամշակման գործարանները, երկաթի, պողպատի գործարանները, ցեմենտի, ապակու կամ թղթի արտադրամասերը, ինչպես նաև օդային տրանսպորտից արտանետումները – խմբ. նշում)։

Նշված ոլորտները մինչև 2030 թվականը, 2005թ.-ի մակարդակի համեմատությամբ, պետք է հնարավորինս արագ նվազեցնեն աղտոտիչ արտանետումները՝ հասնելով 62% կրճատման։ Մինչ այժմ նպատակադրված սահմանը եղել է 43%-ը։ 2024 թ.-ից ծովային տրանսպորտը նույնպես կներառվի արտանետումների սահմանային արտոնումների համակարգում։ Արտանետումների խստացումն ավելի վաղ հաստատված է եղել նաև ավիացիայի համար՝ (բացառիկ կերպով արտոնումների անվճար հատկացման փուլային դադարեցման ընթացքով)։

ԵՄ-ն ձգտում է արտանետումների կրճատումը դարձնել սոցիալապես արդարացի, որպեսզի կլիմայի պահպանման նպատակների իրագործումը չվնասի բնակչության առավել խոցելի խավերին։ Հետևաբար, Չեխիայի նախագահության ջանքերով թույլատրելի արտանետումների շուկայի խստացման շնորհիվ, ԵՄ խորհրդում անդամ երկրների կողմից համաձայնեցվել է ստեղծել Կլիմայի սոցիալական հիմնադրամ՝ առավել խոցելի տնային տնտեսություններին ավելի շատ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու նպատակով:

(* Կլիմայի սոցիալական հիմնադրամը կֆինանսավորվի արտոնյալ արտանետումների առևտրի նոր լրացուցիչ «EU ETS 2» համակարգից, որը 2027 թվականից կներառի բոլոր հանածո վառելիքներից (այսինքն՝ տրանսպորտային փոխադրումներից, շենքերի ջեռուցումից և «EU ETS 1» համակարգում դեռ չներառված այլ արդյունաբերությունից) առաջացող աղտոտիչ արտանետումները – խմբ. նշում)։

Կլիմայի սոցիալական հիմնադրամի ընդհանուր բյուջեից ավելի քան 50 միլիարդ չեխական կրոն կհատկացվի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին։ Եվս 50 միլիարդ կրոն («ETS 2» համակարգից) կնախատեսվի որպես պետական ​​բյուջեի եկամուտ՝ հատկացվելով կլիմայական միջոցառումների իրականացմանը։ Կլիմայի սոցիալական հիմնադրամից գումարի դուրս բերումը հնարավոր կլինի 2026 թվականից։

Բարեփոխումների ազդեցությունը սպառողների վրա, ինչպիսին է օրինակ՝ ջեռուցման ծախսերի աճը, մասամբ կփոխհատուցվի վերը նշված Կլիմայի սոցիալական հիմնադրամից, որի համար նախատեսված է 86,7 մլրդ եվրո՝ (գրեթե 2,1 տրլն. չեխական կրոնի չափով գումար)։ Այս հիմնադրամից պետք է ֆինանսավորվեն, օրինակ, էներգաարդյունավետ շենքերի համար ներդրումները։

Բնական գազի այրումից ավելի քիչ արտանետումներ են առաջանում, քան ածուխից։ Դա է հանդիսանում էլեկտրակայանների ու ջեռուցման կայանների կողմից խոշոր ներդրումների պատճառը: Այսօր բնական գազի ինքնարժեքն այնքան բարձր է շուկայում, որ նույնիսկ թանկ արտանետումների արտոնման դեպքում ածուխի այրումը մնում է ձեռնատու։

Ջերմոցային գազերի արտանետումների առևտուրը, շարժիչային վառելիքների և ջեռուցման դեպքում, կընթանա առանձին կերպով. այսինքն՝ այն համակարգից դուրս, որտեղ արտոնումները նախատեսված են էներգետիկայի և խոշոր արդյունաբերական ընկերությունների համար։ Ուստի, բազմաբնակարան շենքի գազի կաթսայատնից մեկ տոննա արտանետումների առաջացումը հավանաբար կարող է նշանակել զգալիորեն ավելի էժան «ինդուլգենցիա»/արտոնում/, քան գազի ջեռուցման կայանի դեպքում։ Այս հակասությունը երկար ժամանակ գտնվում է խոշոր ջեռուցման կայանների ուշադրության ներքո, քանի որ արդեն պարտավոր են գնելու արտանետումների թույլտվություններ, ինչն իր հերթին զգալիորեն կթանկացնի իրենց արտադրած ջերմությունը: Իսկ բազմաբնակարան շենքը, որը գնում է իր սեփական կաթսայատունը, ազատվում է նման պարտավորությունից։ Ուստի շատ հաճախ սա նպաստավոր առիթ է հանդիսանում բնակարանային կոոպերատիվների համար՝ «կտրվել» քաղաքային ջեռուցումից և նախընտրել ներդրումների ուղին՝ սեփական աղբյուրների ոլորտում:

Ակնկալվում է նաև մրցակցային ոլորտի հավասարեցում՝ եվրոպական արտադրողների և երրորդ երկրներից ներմուծումների միջև։ Խոսքն այսօրվա համաձայնեցված հիմնական առաջարկների վերաբերյալ է՝ «Fit for 55» օրենսդրական փաթեթից, որի շնորհիվ Եվրոպան, մինչև 2030 թվականը՝ 1990 թվականի մակարդակի համեմատությամբ, պետք է հասնի ջերմոցային գազերի արտանետումների 55%-ով նվազեցման՝ դրանով իսկ ձեռք բերելով նաև կլիմայական չեզոքություն։

Մի քանի տարուց, այսպես կոչված, «Կանաչ ինդուլգենցիաները» վճարովի են դառնալու նաև ավտոմոբիլային տրանսպորտի յուրաքանչյուր լիտր վառելանյութի համար, ինչի շնորհիվ կթանկանան դիզելային վառելիքը, բենզինը կամ նույնիսկ LPG հեղուկ գազը։ Արտանետումների արտոնման գինը նույնը մնալու դեպքում, ինչպիսին 2022թ.-ի տարեվերջում էր, վարորդները մոտավորապես 5,55 չեխական կրոնով ավել կվճարեն բենզինի ու դիզվառելիքի մեկ լիտրի դիմաց։

Հետևաբար, ըստ Չեխիայի նավթային ասոցիացիայի ղեկավար՝ Վացլավ Լոուլայի հաշվարկման. «արտանետումների նորմատիվների չափը պետք է արտացոլվի ապրանքի վերջնական գնի մեջ: Թե ստույգ որքան կկազմի արդյունքում, կախված է զարգացումներից։ Եվրոպան կորոշի, թե որքան արտանետումներ կարող են առաջանալ ճանապարհային երթևեկություններից և տեղական ջեռուցումից։ Իսկ արտոնումների գինը կսահմանվի ըստ տվյալ պահին արտանետումների քանակի անհրաժեշտության»,-ներկայացվում է ԼՆ օրաթերթի վերոհիշյալ համարում։

Սահմանային արտանետումների գները, խստացված կանոնների ակնկալիքով, այս տարի արդեն հասել են ռեկորդային 99,22 եվրոյի/մեկ տոննայի դիմաց/, ինչը ավելի քան հինգ անգամ գերազանցում է հինգ տարի առաջվա գնին։ Դրա հիման վրա դիզելային վառելիքի 1 լիտրի գինը կբարձրանա 0,266 եվրոյով՝ (6,45 չեխական կրոնով), իսկ բենզինի 1 լիտրի գինը՝ 0,229 եվրոյով՝ (5,55 չեխական կրոնով)։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ արտանետումների թույլտվությունների շուկայի ընդլայնումը (հավանաբար մի քանի անգամ) կհանգեցնի դրանց գների զգալի աճի։

Բոլոր տեսակի (դիզելային, սինթետիկ, գազ, կենսագազ և նմ.) վառելիքները շուկա հանող բաշխողներից կպահանջվի հաշվարկել CO2 ածխածնի երկօքսիդի արտանետումների չափն իրենց վառելանյութերի պարունակության մեջ։ Ուստի, ելնելով իրենց առաջարկած ապրանքների բաղադրությունից և ածխաթթու գազի ծավալից, բաշխողները նույնպես պետք է գնեն արտանետումների արտոնումներ։

Իրականում ողջ տրանսպորտային ոլորտի արտանետումների առնվազն 70% աղտոտման պատասխանատուն հանդիսանում են ճանապարհային ավտոմոբիլները՝ (ներքին այրման շարժիչով գործող տրանսպորտային միջոցները): Ուստի Եվրամիության անդամ երկրների նախնական պայմանավորվածության համաձայն, արտանետումների առևտրի խստացումը կտարածվի նաև տրանսպորտային փոխադրումների վրա։

«Մենք՝ երթևեկողներս, այս խաղի վերջում ենք, քանզի վառելիքի սպառողներ ենք: Իրենք՝ վառելանյութի բաշխողները պետք է ավելի մեծ աշխատանք տանեն»,- չեխական iROZHLAS.cz (20.12.2022թ.) ռադիոհանդեսի եթերում նշել է Չեխիայի տրանսպորտային փոխադրումների ČESMAD Bohemia խոշորագույն ասոցիացիայի գլխավոր քարտուղար՝ Վոյտեխ Հրոմիրժը։ Ռադիոհանդեսի այն հարցին, թե. «Վերջերս որոշ չեխ քաղաքական գործիչներ բազմիցս քննադատել են արտանետումների թույլտվությունների եվրոպական շուկան՝ համարելով, որ դրանում ներխառնված են որոշ սպեկուլյանտներ, ինչի արդյունքում էականորեն բարձրանում է արտոնումների գինը։ Հաշվի առնու՞մ եք արդյոք այս ազդեցությունը ավտոմոբիլային տրանսպորտի դեպքում, կամ դա հնարավո՞ր է ինչ-որ կերպ կանխել», Հրոմիրժը պատասխանել է հետևյալը. «Դա տեսնում ենք որպես մեծ խնդիր։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ համակարգը պետք է ինչ-որ չափով տարբերվի այսօրվա համակարգից։ Ըստ իս, գների կայունացման միջոցառումներ նշանակում են, որ պետք է ներդրվեն որոշակի մեխանիզմներ և սահմաններ, որպեսզի սպեկուլյանտները չկարողանան արտոնումների գները հասցնել մեծ չափերի: Կարևորն այն է, որ մենք պահանջարկի կողմնակից ենք։ Դա միշտ կախված է նրանից, կա՞ արդյոք անհրաժեշտ այլընտրանք: Խոսքս ճանապարհային տրանսպորտի մասին է։ Օրինակ՝ ծանր մեքենաների դեպքում այսօր օգտագործում ենք քառասուն տոննայանոց բեռնատարներ։ Քանզի այստեղ տեխնոլոգիաները հասանելի չեն արտադրական հարաբերություններում»։

Ներքին այրման շարժիչով մեքենաներից անցումը՝ էլեկտրոմոբիլի և ջրածնային ավտոմեքենայի

«Արտանետումների թոււյլտվություններ մեքենաների համա՞ր: Վստահ չենք, որ շուկայում կլինեն բավականաչափ էլեկտրական մեքենաներ և լիցքավորման կայաններ»,- iROZHLAS.cz-ի եթերում դժգոհել են չեխ վարորդները։

«ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահության ներկայացուցիչների և Եվրախորհրդարանի պատգամավորների (339 կողմ, 249 դեմ ձայների մեծամասնությամբ) պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է 2035 թվականից սահմանափակել, սակայն դեռ չարգելել ներքին այրման շարժիչներով մարդատար և բեռնափոխադրող նոր մեքենաների վաճառքը ԵՄ 27 երկրներում, ինչը դարձել է ընդդիմության և տնտեսության որոշ հատվածների քննադատության առարկան»,- ասվում է (31.12.2022) ČTK-ČESKÉ NOVINY կայքէջի «ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահությունն ավարտվում է վեց ամսից» հոդվածում։

«Պարզապես այսօր վստահ չենք, որ 2027 թ.-ին կանոնավոր կերպով այստեղ կմատակարարվեն, օրինակ, ջրածնային շարժիչներ։

Էլեկտրական շարժիչներով մեքենաների դեպքում, հիմնականում, երթևեկության խափանման խնդիրներ են առաջանում ծանրաբեռնված ավտոշարասյուներում։ Իհարկե, բոլոր ավտոընկերությունները և բոլոր արտադրողները քրտնաջան աշխատում են այս ուղղությամբ, բայց անորոշությունը դեռ բավականին մեծ է։ Սա պարզապես շուկայի հետ կապված խնդիր է։ Եվ եթե սպեկուլյանտները դրան ավելացնեն նաև արտանետումների գնի բարձրացումը, անորոշությունն էլ ավելի կսաստկանա»,-ավելացրել է Վոյտեխ Հրոմիրժը։

Չեխիան ԵՄ-ի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Այն հանդիսանում է ավտոմոբիլային արդյունաբերության և ածխի արդյունահանման ուժեղ դերակատարը միության շրջանակներում, որոնք ներկայացնում են նրա տնտեսության մեծ մասը: ՉՀ-ի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը, սակայն, իր անհամաձայնությունն է արտահայտել առաջադրված «Կանաչ» համաձայնագրի վերաբերյալ՝ դժգոհելով, որ. «Այն կարող է վտանգավոր լինել, եթե մենք ընդունենք Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող երբեմնի խելահեղ միջոցները։ Մենք կարող ենք կանխել գազի հետ կապված անհեթեթությունը կամ ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրության արգելքը, եթե օգտվենք ԵՄ Խորհրդում 2022 թվականի մեր նախագահության հնարավորությունից»։

Այս կարծիքի հետ մասամբ համամիտ է նաև ՉՀ-ի ներկայիս վարչապետ Պետր Ֆիալան, ըստ որի. «Կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի դա չանդրադառնա ժողովրդի վրա։ Օրինակ՝ Չեխիան պետք է մերժի ներքին այրման շարժիչներով մեքենաներն արգելելու առաջարկը»։ Ըստ Ֆիալայի՝ մեքենան չպետք է լինի այնպիսի շքեղություն, որն իրեն կարողանա թույլ տալ միայն մարդկանց նեղ շրջանակը։ Սրանով նա ակնարկել է էկոլոգիական Էլեկտրամոբիլների ահռելի գները, որոնք սովորաբար հասնում են մոտ մեկ միլիոն չեխական կրոնի։

«Էլեկտրական մեքենաների արագ կիրառության մեջ մտնելու դեպքում, վառելիքի գինը կնվազի։ Եթե ​​հանդես չգան այլընտրանքներ, գների բարձրացումը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Սկզբունքը պարզ է՝ թանկացումն այնքան մեծ կլինի, որ արտանետումները կիջնեն ցանկալի արժեքների մակարդակի»,-եզրափակել է ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը՝ վերը նշված համարում։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐԻ համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում