CNN-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը. Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը

  • 06.01.2023
  • 0
  • 428 Views

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների,Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը:  

Հոդվածի հեղինակը հայտնում է, որ Արցախում բազմաթիվ դժվարին խնդիրներ են առաջացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր հերթին նախազգուշացրել է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի և ծառայությունների պակաս, նրանց մի մասը բաժանված է ծնողներից կամ օրինական խնամակալներից՝ գտնվելով արգելափակված ճանապարհի մյուս կողմում: Չնայած սրան, հեղինակի խոսքով, Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերը չեն հուսահատվում և մշտապես օգնում են միմյանց:

 «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղի ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որևէ նշանակալի քայլ անել: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը», – նշվում է հոդվածում:

Հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր:

 «Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանն, օգտագործելով նավթից և գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ», – նշվում է հոդվածում:

«Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել՝ առևտուր իրականացնելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», – գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետևանքով իրավիճակը կարող է լուրջ և մահացու ելքի հանգել:

Ըստ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ աշխատակից Մայքլ Ռուբինի, ով ուսումնասիրում է տարածաշրջանը, եթե համաշխարհային տերությունները անուշադրության մատնեն իրավիճակը, ապա կարող է էթնիկ զտման վտանգ առաջանալ: Ռուբինը գտնում է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում անզոր չէ, և Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու ուղիղ լծակների ունի՝ օգտագործելով դիվանագիտական և տնտեսական գործիքներ:

Հոդվածի հեղինակը հավելում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ ունեն գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին»։

«Այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաև ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում… ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արևմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ողջ կշռով՝ շտկելու սխալը», – եզրափակում է հոդվածի հեղինակը:

Աղբյուր՝ Արմենպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում