Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել օգնության հասնել արցախահայությանը

  • 05.01.2023
  • 0
  • 63 Views

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բասի և Գրեգորյանի հրապարակած նամակը:

Ըստ նամակի հեղինակների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել, և նրա գործողությունների հետևանքով այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները բախվել են ցրտից, սովից ու դեղորայքի պակասից դանդաղ մահվան դատապարտվելու սպառնալիքին:

«Հումանիտար աղետի պատճառը Արցախի ժողովրդին պաշարմամբ պատանդ պահող միտումնավոր շրջափակումն է՝ իրականացված Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից, ռուսական զորքերի աջակցությամբ։ Այս անօրինական շրջափակման միջոցով երկու բռնապետությունները ցանկանում են պատժել Արցախին և Հայաստանին, որոնք համարձակվել են տարածաշրջանում առաջ տանել ժողովրդավարությունը և կայունությունը», – նշում են նամակի հեղինակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից համարձակ գործողությունների բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հայերի ներկայության ցեղասպանական ոչնչացման:

Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծված ծանր իրավիճակը՝ Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Ջո Բայդենին կոչ են անում օգնության հասնել Արցախի ժողովրդին հետևյալ կերպ.

  1. Տրամադրել ԱՄՆ-ի ուղիղ մարդասիրական աջակցությունն Արցախին, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք:
  2. Հստակ ուղերձ հղել Պուտինին ու Ալիևին, որ ԱՄՆ-ն պահանջում է և գործողություններ կձեռնարկի՝ երաշխավորելու անվտանգ թռիչքների իրականացում Արցախի բնակչությանն օգնություն հասցնելու համար:
  3. Դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման համար՝ երաշխավորելով արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
  4. Պնդել, որ Արցախում ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ:
  5. Շոշափելի գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ և պատասխանատվության ենթարկել այդ երկրին իր պատերազմական հանցագործությունների համար՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի և Մագնիտսկու ակտի:

Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն անգործ չի հետևի, թե ինչպես են ագրեսիվ բռնապետություններն իրենց ժողովրդավարական հարևանների դեմ ցեղասպանական քաղաքականություն վարում:

0104233f17523de9e041138dfdf4d57d1ca168.jpg (123 KB)
0104238b6d50f07d2a4764857e19289b14bf64.jpg (125 KB)

Ավելի վաղ Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում