Քրիստինե Գրիգորյանը միջազգային հումանիտար ու ՄԻՊ կազմակերպություններից պահանջել է գործել՝ չբավարարվելով հայտարարություններով

  • 03.01.2023
  • 0
  • 39 Views

Սիրելի հայրենակիցներ,

Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։

2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին:

Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։

Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։

Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։

Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։

Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։

Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։

Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։

Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում